Կեղծ թղթադրամներից մինչև Սերժ Սարգսյանի մտերիմները. անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հունվարի 25-ին ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամների գործը հետաքրքիր ընթացք է ստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կեղծ թղթադրամների գործով մեղադրյալների թիվը ավելացել է:

Եվ այսպես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ: Ըստ ԱԱԾ-ի՝ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով:

Փաստի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի հատկանիշներով՝ կեղծ փողեր պատրաստելը, պահելը եւ իրացնելը:
Նկատենք, որ ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է եղել այն քաղաքացին, որը 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ էր պատրաստել:

 

Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին այս գործով մեղադրյալների գործողություններից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Տեղեկացանք, որ քրեական գործով մեղադրյալներն են Արմեն Հակոբյանը եւ Կարեն Աբելյանը: Իսկ ինչպես են վերոնշյալ անձինք պատրաստել 10.000 դրամանոց կեղծ թղթադրամները:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականին Արմեն Հակոբյանը համակարգչային գունավար շիթային տպիչով պատրաստել է 6 հատ 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ: Ավելի ուշ «գործի է անցել» եւ կեղծ թղթադրամները որոշել է դնել շրջանառության մեջ: Պարզեցինք, որ նա մի օր վերցրել է իր պատրաստած կեղծ թղթադրամներից 5 հատը եւ գնումներ կատարել ՀՀ-ում գործող տարբեր բենզալցակայաններից:

Մասնավորապես 2017 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Գավառ-Սեւան մայրուղում գործող «Ս. Սինանյան» Ա/Ձ պատկանող բենզալցակայանում աշխատողին է տվել կեղծ 10 հազար դրամը եւ ասել, որ 2000 դրամի բենզին լիցքավորեն, Արմեն Հակոբյանը լիցքավորել է իր վարած «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենան, բենզալցակայանի աշխատողից ստացել է 8000 դրամ մանրը եւ հեռացել:

Այսքանով նրա գործողությունները չեն ավարտվել. նույն օրը՝ ժամը 00:30-ից 01:00 սահմաններում, Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղի տարածքում գործող «Ավետիսյան Կորյուն» Ա/Ձ պատկանող բենզալցակայանից կրկին գնել է 2000 ՀՀ դրամի բենզին, որով լիցքավորել է իր վարած «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենան եւ վճարել է իր կողմից պատրաստված կեղծ 10.000 դրամանոց թղթադրամով: Ապա ստանալով 8000 ՀՀ դրամ մանրը՝ հեռացել է:

Նույն գործողությունները նա կատարել է Եղեգնաձոր քաղաքում գործող «Շուշիկ Օհանյան» Ա/Ձ պատկանող բենզալցակայանում, Երեւան-Գորիս մայրուղու 60-րդ կիլոմետրին գործող «Արայիկ Մանուկյան» Ա/Ձ պատկանող բենզալցակայանում, Երեւան-Երասխ մայրուղու 58-րդ կիլոմետրին գործող «Հակոբ-Ամիրյան» ԱՁ պատկանող բենզալցակայանում:

Նկատենք, որ Արմեն Հակոբյանը հիմնականում իր կեղծ թղթադրամները իրացրել է երեկոյան ուշ ժամերի, հավանաբար որպեսզի լուսավորության անբավարարության պայմաններում բենզալցակայանի աշխատողները չնկատեն թղթադրամների կեղծ լինելը: Սակայն, ինչպես պարզեցինք, նա մենակ չի եղել, նրա հետ է եղել իր ծանոթ Կարեն Աբելյանը, որը չնայած կեղծ թղթադրամները չի պատրաստել, սակայն տեղյակ է եղել Արմեն Հակոբյանի մտադրությունների մասին եւ դեռ ավելին՝ կեղծ թղթադրամները բենզալցակայանում իրացնելիս նա Արմեն Հակոբյանի հետ է եղել, ասել է, թե նրան աջակից է եղել:

Արդյունքում, ԱԱԾ-ն ե՛ւ Արմեն Հակոբյանին, ե՛ւ Կարեն Աբելյանին այս գործով ներգարվել է որպես մեղադրյալ եւ գործով նախաքննությունը ավարտելով՝ այն ուղարկել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Արմեն Հակոբյանի եւ Կարեն Աբելյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալուն մասին:

Հավելենք, որ վերոնշյալ անձինք նախկինում դատապարտված են եղել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Արմեն Հակոբյանը ազատազրկման է դատապարտված եղել մարդ առեւանգելու համար, սակայն նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ ահա Կարեն Աբելյանը 2008 թվականին Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ից կեղծ ձեւաթղթի միջոցով 20 լիտր «Ռեգուլյար 91» տեսակի բենզին է հափշտակել եւ այդ արարքի համար ազատազրկման դատապարտվել 2 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն նրա պատիժը եւս պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Ինչպես տեսնում ենք՝ անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ:

Քնար Մանուկյան




Լրահոս