Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ԱՄՆ գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ քառորդդարյա պատմություն ունեցող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերով նոր լիցք կստանան։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` պետքարտուղար Թիլերսոնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն արժևորում է երկու երկրների միջև ջերմ և ամուր հարաբերությունները և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքը։

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հագեցած օրակարգի բազմաթիվ հարցերի, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը, քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։

ԱՄՆ պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի նշանակալի ներդրման համար։ Ռեքս Թիլերսոնը բարձր է գնահատել Սիրիայից տասնյակ հազարավոր փախստականներին Հայաստանում ապաստան տալու հանգամանքը։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանն ու Ռեքս Թիլերսոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հակամարտության գոտում վերջին զարգացումները։ Այս համատեքստում շեշտվել է անցյալ տարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Թիլերսոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։




Լրահոս