Արտաշատ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում` ՀՀԿ շտաբի հարևանությամբ ծեծկռտուք է սկսվել ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցների միջև:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի հետ: Վերջինիս խոսքով նրա վարորդի տղան իր բարեկամուհու հետ հեռախոսային վիճաբանություն է ունեցել, ոմն մեկի հետ, որտեղից էլ հասունացել է ողջ սկանդալը:
«Այդ վիճաբանությունից հետո այսօր վարորդիս տղան եկել է հոր մոտ, հայրը կուսակցության գրասենյակում էր, որից հետո այդ տղան եկել է սրան կանչել է դուրս, իրար հետ վիճել են քաշքշել են, գազովի ատրճանակ ա մոտն ունեցել, հանել կրակել է, ինչ է արել»,-հայտնեց Ալիկ Սարգսյանը:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանությունը նշյալ տղային բերման է ենթարկել, իսկ Ալիկ Սարգսյանի վարորդն իր որդուն ասել է, որ պետք է գնա ներկայանա իրավապահ մարմիններին:
«Ընդամենը սա է: Սա կուսակցության քարոզարշավի, ընտրական գործընթացի հետ հավատացնում եմ որևիցե կապ չունի: Սա անձնական աղջկա թեմա է»,-հավելեց նա:
Նշենք, որ newsbook.am-ը գրել էր, որ ՀՀԿ շտաբի առջև իրար են սկսել ծեծել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները` Գազի Գարիկ անունով մեկի գլխավորությամբ և ՀՀԿ-ական թեկնածու Ալիկ Սարգսյանի վարորդը` Ազատն ու նրա որդին: Ականատեսների վկայությամբ` կողմերը հասցրել են պատռել միմյանց հագուստը, կռվարարներից մեկն անգամ ինչ-որ պահի զենք է պահել հակառակորդի վրա:
Նշենք, որ ավելի ուշ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադառնալով միջադեպին հայտնել է, որ կա բերման ենթարկված:
«Այսօր Արտաշատում միջադեպ է արձանագրվել երկու երիտասարդի միջև: Շարքային միջանձնային դեպք, ինչպիսիք միշտ եղել ու լինելու են: Բայց քանի որ միջադեպը հետևողականորեն քաղաքականացվել է որոշ լրատվամիջոցների կողմից, հարկ ենք համարում մանրամասնել, չնայած ԶԼՄ-ների մեր բարեխիղճ գործընկերների հարցումներին արդեն իսկ պատասխանել ենք:
Վերոհիշյալ երիտասարդներից մեկի քենին վերջինիս բողոքել է, որ մյուս երիտասարդը անհանգստացնում է իրեն: Կողմերը հանդիպել են, պարզաբանումը թեժացել է, վիճել են, ինչի ժամանակ էլ նրանցից մեկը գործի է դրել օդամղիչ ատրճանակ:
Միջադեպի մասնակիցներից ոչ ոք վնասվածք չի ստացել:
Այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Արտաշատի բաժնում:
Կատարվում են համապատասխան գործողություններ»,-նշել է նա:
Լիդա Եղիազարյան