ԱԺ ներկայիս պատգամավորներից շատերին չենք տեսնի նոր խորհրդարանում: Տարբեր պատճառներով նրանք դուրս են մնացել ընտրապայքարից: Այս անգամ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանի հետ: Վերջիններս չեն ընդգրկվել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակում եւ հնարավորություն չունեն կրկին պատգամավոր դառնալու:
Վահագն Մախսուդյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
–Պարո՛ն Մախսուդյան, տասը տարի է՝ ԱԺ պատգամավոր եք, բայց այս անգամ չեք ընդգկրվել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակում: Ո՞րն է պատճառը:
-Ուրեմն պատճառն, այսպես ասեմ՝ օրենսդրական նախաձեռնություններ ունենք, գյուղատնտեսության մասին օրենք գրեցի, խաբեցին մեզ: Ոչինչ չարվեց: 2012 թվականից վերցրեք, նայեք՝ իմ օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ-ում է, դրեցին մի կողմ ու չքվեարկեցին, իրենց ձեռնտու չէր: Ճիշտն ասած, իմ արած աշխատանքը չէր գնահատվում, ստիպված մտածեցի՝ ավելի հարմար կլինի, գնամ, իմ բիզնեսը զարգացնեմ, տեսնեմ՝ ինչպես կլինի: Այստեղ մեր ասածը չանցավ, ես էլ ինձ վատ եմ զգացել, շատ դեպքերում ինձ դրել, քննադատել են, թե ելույթ չես ունենում:
Եկել ենք, ելույթ ենք ունեցել, գյուղատնտեսության հանձնաժողովում եմ եղել, բազմաթիվ հարցեր եմ բարձրացրել, բազմաթիվ հարցեր եմ լուծել: Բայց ընդհանուր առմամբ չկարողացանք որեւէ բան փոխել եւ մեր ժողովրդին օգտակար լինել: Օգտակար մտքեր եւ գաղափարներ ունեցել ենք, բայց մարդը անհարմար է զգում, որ դուրս է գալիս, ասում են՝ սա այսպես է, դե, արի բացատրի, որ այսպես անողը ես չեմ, ես այս կարծիքին եմ, այսպես արողը ուրիշ մարդիկ են: Եթե պատգամավոր ես ու անհարմար ես զգում ժողովրդի մեջ դուրս գաս, ինչ անես:
–Նշեցիք, որ Ձեր աշխատանքը չի գնահատվել, ու՞մ կողմից չի գնահատվել:
-Դուք շատ լավ գիտեք, մենք դեմ, կողմ քվեարկելու խնդիր չենք ունեցել, մեր խմբակցությունը կառուցողական ընդդիմություն է եղել, եթե լավ բան է արվել, մենք երբեք դեմագոգիայով չենք զբաղվել, լավն է արվել, կողմ ենք քվեարկել: Սահմանամերձ գյուղերի համար բավականին արտոնություններ տվեցին՝ ջրի, հողի, գազի, լույսի, մենք վաղուց էինք առաջարկում, տարան, փոխեցին, կառավարությունը բերեց:
–Այսինքն՝ իշխանությունների՞ կողմից չգնահատվեց:
-Այո՛, իշխանությունների կողմից:
-Շատերը, ովքեր նախընտրական ցուցակներում չեն ընդգրկվել, նեղացել են կուսակցությունից: Ձեր պարագայում նեղացվածություն չկա՞:
-Ո՛չ, ո՛չ, ես հարգում եմ իմ կուսակցությունը, իմ ընկերներին, հիմա էլ որ կուսակցության ցուցակում չկամ, պետք է աշխատեմ, իմ կուսակցության համար ձայներ ապահովեմ:
–Այսինքն՝ ցուցակում չընդգրկվելու որոշումը վաղու՞ց է եղել, թե Ծառուկյանի վերադարձից հետո այն կայացվեց:
-Շուտվանից եղել է, ես կուսակցությունը չեմ լքել, ընդհակառակը, ասել եմ՝ տղանե՛ր, չի կարելի, ենթադրենք՝ այսօր հանգամանքներից ելնելով՝ պարոն Ծառուկյանը մեզ հաջողություն կամեցավ, գնաց… ես կուսակցությանը հավատարիմ եմ եղել:
–Տեսակետ կա, որ Դուք խորհրդարան եք մուտք գործել Ձեր խնամի, Իրաքում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի աջակցությամբ: Նա այլեւս դեսպան չէ, հնարավո՞ր է, որ այդ փաստն է նաեւ պատճառ դարձել Ձեր՝ ցուցակում չընդգրկվելու համար:
-Ես պատգամավոր եմ եղել երկրորդ անգամ, նոր նա դեսպան է նշանակվել, դա կապ չունի, ամեն մարդ ունի իր աշխատանքի ոճը, իր մտածողությունը: Ասենք՝ դեսպանը ին՞չ, Իրաքում դեսպան էր, ես նրա ցուցումո՞վ էի աշխատում:
–Մուրադյանները նաեւ խոշոր բիզնեսմեններ էին:
-Հա, ասենք, բիզնեսներ ունեին, ինձ ինչ: Ես այն մարդն եմ, որ ամբողջ կյանքում ո՛չ ծանոթ քեռի եմ ունեցել, ո՛չ բարեկամ, բայց սովետական ժամանակներում էլ իմ մտածողությամբ կարողացել եմ ստեղծել: Ասենք՝ խնամի ունեցանք, դա ինչ կապ ունի, մինչեւ խնամի ունենալը ես մարդ եմ եղել այս հասարակության մեջ:
-Ի վերջո, ի՞նչ տվեցին Ձեզ այս տասը տարիները:
-Ես հասկացա, որ խորհրդարանը, կարճ ասած, լավ օրենք ու վատ օրենք ընդունել է, բայց կիրառող չկա: Մենք լավ օրենքը գրում ենք, տալիս ենք, որ կիրառվի, մեզ լավ զգանք, բայց չի կիրառվում: Տա Աստված, ես կուզենայի, որ մեր ժողովուրդը արժանապատիվ ձեւով ապրեր:
Վահագն Հակոբյան