ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն ու աղմկահարույց քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում ընդգրկվել են այնպիսի անձինք, որոնք նախկինում հայտնվել էին աղմկալի քրեական պատմությունների կիզակետում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նրանցից մեկն էլ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանն է:

«Ժողովուրդ»-ն օրերս անդրադարձել էր 2016 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանին, որն հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2013 թվականների ընթացքում չի իրականացրել վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ նախարարության տեսչության պետի որոշումների նախապատրաստման, հաշվառման եւ տեղեկանքների կազմման աշխատանքները, ինչի արդյունքում պետությանը հասցվել է 8 միլիոն 320 հազար դրամի վնաս:

2015թ. հուլիսին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրահանգով որոշում էր կայացվել Արծրուն Նաջարյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Սակայն ինչ-ինչ հանգամանքներում Գեւորգ Կոստանյանի կողմից հարուցված քրեական գործի հոդվածը փոխվել էր, եւ Նաջարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):

Ահա այս հոդվածի փոփոխությունը հիմք է տվել դատարանին, որ Արծրուն Նաջարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճեն վաղեմության ժամկետը անցնելու հիմքով:

Չի բացառվում, որ իշխանական վերնախավից ներքին հրահանգ է եղել, որ Արծրուն Նաջարյանի նկատմաբ հարուցված քրեական գործով հոդվածը փոխեն, քանի որ ապագայում նրա հետ կապված պլաններ ունեն: Այսինքն՝ Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով նրան պետք է առաջադրեն Երեւան քաղաքի թիվ 4 ընտրատարածքում՝ որպես պատգամավորի թեկնածու: Ընտրատարածքն իր մեջ ներառում է Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները:

«Ժողովուրդ»-ը փորձեց Արծրուն Նաջարյանից պարզել, թե ինչպես ստացվեց, որ իր դեմ հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի անցնելու հիմքով կարճվեց: «Չգիտեմ, Ձեզ թյուր տեղեկատվությունը ով է տվել, ինձ չեն ձերբակալել, քանի որ գործ էր հարուցվել ստորագրությամբ ազատ էին արձակել, որ հանրապետությունից չբացայակեմ: Գործը քննվել է առաջին ատյանի դատարանում, դատարանը որոշում է կայացրել վաղեմության ժամկետը անցնելու հիմքով կարճել: Եթե դատախազությունը գտներ ինչ-որ բան, ինքը կպահանջեր, որ գործը ոչ թե վաղեմության ժամկետով կարճվի, այլ քննությունը մինչեւ վերջ տարվեր:

Իրենք 315 հոդվածի 2-րդ մասը առաջադրել էին, բայց դա իմ նկատմամբ չէին կարող կիրառել, դրա համար քննիչը համապատասխան գործողությունները կատարելուց հետո հասկացել էր, որ սա քննելու գործ չէ: Եթե մարդու նկատմամբ վճիռ չկա, դուք չեք կարող մարդուն որեւէ բանում մեղադրել:

Ես հայտարարում եմ, որ այն գործառույթը, ինչի համար ինձ կանչել են պատասխանատվության, ես ի պաշտոնե ինձ ինչ հասնում է, իմ գործառույթները իրականացրել եմ եւ ես դա դատարանում կապացուցեմ»,- բացատրեց պատգամավորի թեկնածուն:

Արծրուն Նաջարյանից հետաքրքրվեցինք՝ եթե գործը կարճվել է, ո՞վ պետք է վերականգնի պետությանը հասցված 8 միլիոնի վնասը, վերջինս ասաց. «Կարճվելուց հետո դատախազությունը քաղհայց է ներկայացրել առաջին ատյանի դատարան, որպեսզի գումարի հատուցում պահանջի, եւ մենք ներկայացնելու ենք մեր ապացույցները, որ մեր գործառույթները նորմալ կատարել ենք, կարող է պատահի՝ թերություններ եղել են, բոլոր աշխատող մարդկանց մոտ էլ լինում են:

Հետո որոշում կկայացվի, թե ինձանից կբռնագանձվի, թե այլ..: Եթե ես վատ աշխատող լինեի, եւ ինչպես Ձեզ են ներկայացրել, կալանավործ լինեի, ապա ինձ աշխատանքից ազատած կլինեն, իսկ քանի որ դատարանը որոշել է, որ դեռ ես անմեղ եմ, իմ նկատմամբ որեւէ վճիռ չի հրապարակվել, ես աշխատել եմ, աշխատում եմ եւ նույն գործառույթներն էլ իրականացնում եմ»:

Ահա թե ինչպես է գծվում պատգամավորի թեկնածու դառնալու ուղին:

Քնար Մանուկյան




Լրահոս