Ինչու են դիտավանցիները Եվրոդատարան դիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը, եւս 3 դիտավանցիներ դատի են տվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին: Հայցը վերաբերում է 2012թ. ցանված 10 հա եգիպտացորենին, որի սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար դիտավանցիներին կանխավճար է տվել:

«ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է գյուղացիներին ապահովեր տեխնիկայով, ինչը չի արել: Եգիտացորենը գերհասունացել է, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է 92 տոննա: Նախկին գյուղապետը հայտնեց, որ իրենք հիմնադրամից ստացել են ընդհանուր առմամբ 1 մլն 860 հազ. դրամ, մինչդեռ իրենց բերքից ակնկալում էին ստանալ 8 մլն դրամ եկամուտ:

2014թ. փետրվարի 5-ին դատավոր Արման Կուրեխյանը որոշել է դիտավանցիների հայցը բավարարել մասնակի, «ՀիմնաՏավուշ» հիմնադրամից հօգուտ Ս. Սարգսյանի բռնագանձել 2 մլն 657 հազ. 300 դրամ պատճառված վնասի գումար եւ 50 հազ. 896 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Հայկ Ալիխանյանի՝ 1 մլն 505 հազ 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազ. 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Վարդան Սարգսյանի՝ 1 մլն 505 հազ. 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազ. 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Սամսոն Ալիխանյանի՝ 221 հազ. 500 դրամ՝ պատճառված վնասի եւ 2930 դրամ պետական տուրքի գումար:

Հիմնադրամը դիմել է վերաքննիչ դատարան, 2014թ. հուլիսի 10-ին վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, գործն ուղարկել նույն դատարան: 2015թ. դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Աշոտ Խաչիկյանը մերժել է դիտավանցիների հայցը, իսկ հիմնադրամի հակընդդեմ հայցը բավարարել, վճռել հօգուտ հիմնադրամի Ս. Սարգսյանից բռնագանձել 2 մլն 881 հազ. 500 դրամ, Հ. Ալիխանյանից հօգուտ հիմնադրամի բռնագանձել 1 միլիոն 663 հազար 253 դրամ, Վ. Սարգսյանից՝ 1 մլն 663 հազար 253 դրամ, Ս. Ալիխանյանից՝ 251 հազ. 430 դրամ: Դիտավանցիներն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել:

2016թ. հուլիսի 1-ին վերաքննիչ դատարանը որոշել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2015թ. դեկտեմբերի 7-ի վճիռը մասնակիորեն բեկանել, հօգուտ հիմնադրամի Ս. Սարգսյանից բռնագանձել 112 հազ 500, Հ. Ալիխանյանից եւ Վ. Սարգսյանից՝ 62 հազ 500-ական դրամ, Ս. Ալիխանյանից՝ 12 հազ 500 դրամ:

Դիտավանցիները դիմել են վճռաբեկ դատարան: Հայցի մեջ նրանք նշել են գործին առնչվող վճռաբեկ դատարանի նախադեպային 2 որոշում, սակայն վճռաբեկ դատարանը համարել է, որ նախադեպային այդ որոշումները հայցում պարզաբանված չեն, եւ մերժել է ընդունել հայցը:

Ս. Սարգսյանը հայտնեց, որ «ՀիմնաՏավուշի» ներկայացուցիչները հանդիպել են իրեն, առաջարկել 1 մլն դրամ փոխհատուցում տալ, սակայն ինքը չի համաձայնել, քանի որ 940 հազ. դրամ իրենք ծախսել են միայն փաստաբանին վարձատրելու համար, բացի այդ՝ դատական տուրքեր են վճարել: Ս. Սարգսյանն ասաց, որ Տավուշի մարզի դատարանում տեղի է ունեցել գործով ապացույցների ոչնչացում, ձայնագրություններ են ջնջվել: Նա հայտնեց, որ իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս