Արդյոք տեխզննման կտրոնի դեֆիցիտի պատճառը բանկերն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ անցած տարեվերջին Հայաստանում նկատվեց տեխնիկական զննության կտրոնների դեֆիցիտ: Բանկերում վարորդներին չէին տրամադրում տեխզննման կտրոններ՝ պատճառաբանելով, որ սպառվել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը կտրոնների մասով առաջացած դեֆիցիտի պատճառները պարզելու նպատակով ուսումնասիրություն է կատարել:

Ֆինանսների նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ Արայիկ Եսայանը շտապեց տեղեկացնել, որ կտրոնների տարեվերջին առաջացած դեֆիցիտը կապված չէ ՖՆ-ի հետ: «Մենք պարզել ենք, որ այն բանկերը, որոնք իրենց մոտ ունեցել են տեխզննման կտրոններ, չեն կարողացել ճիշտ ժամանակին բաշխել իրենց մասնաճյուղերի մեջ:

Բացի այս՝ գործող օրենսդրությամբ տաքսի ծառայություն իրականացնելու համար վարորդները այլ կտրոններից են օգտվում, որոնք տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է ապահովում: Իրենք պարտավոր են վեց ամիսը մեկ պարբերականությամբ փոխել իրենց կտրոնները՝ ելնելով ուղեւորափոխադրում իրականացնելու անվտանգությունից: Պահանջը վեց ամիսը մեկ կտրոն փոխելն է, որը ըստ էության չպետք է առնչվի մեր կողմից տպագրված տեխզննման կտրոնների հետ: Նա պետք է գնա եւ տրանսպորտի նախարարության կողմից տպագրված կտրոն ձեռք բերի»,- ներկայացրեց պարոն Եսայանը՝ նկատելով, որ կտրոնների առաջացած դեֆիցիտի պատճառներից մեկն էլ սա է:

Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ այժմ բանկերի կողմից հետ են հավաքվում տեխզննման այն կտրոնները, որոնք չեն օգտագործվել: Դրանց թիվը այժմ կազմում է շուրջ 2 հազար, եւ հնարավոր է՝ ավելանա: Արայիկ Եսայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց նաեւ, որ այժմ հայաստանյան բանկերում կան ե՛ւ 2018, ե՛ւ 2019 թվականների տեխնիկական զննության կտրոններ:

«Ժողովուրդ»-ը ՖՆ ներկայացուցչից հետաքրքրվեց՝ եթե վարորդը ցանկանում է ձեռք բերել 2018 թվականի տեխզննման կտրոն, ապա պարտադի՞ր է զրոյականացնել 2017 թվականի գույքահարկը: «Մեր համայնքների ղեկավարները քաղաքացիներին ստիպում են, որ գույքահարկի պարտավորությունը իրենք կատարեն ամբողջությամբ, որպեսզի մեկ օրվա մեջ ստանան դրա վերաբերյալ զրոյական տեղականք, որը չի բխում օրենքի պահանջներից:

Այսինքն՝ օրենսդրությամբ նախատեսվում է, որ գույքահարկի պարտավորությունը քաղաքացու պարտավորությունն է, եւ այն ենթակա է մարման տարվա ընթացքում»,- լրացրեց Եսայանը: Սակայն մի խնդրի կա. համայնքների ղեկավարները մասամբ կատարված գույքահարկի համար չեն տրամադրում զրոյական տեղեկանք: Իսկ բանկի աշխատակիցը կտրոն տրամադրում է միայն այն դեպքում, երբ քաղաքացին ներկայացնում է գույքահարկի զրոյական տեղեկանքը: Արայիկ Եսայանի խոսքերով՝ այս խնդրի լուծումը ֆինանսների նախարարության իրավասության տակ չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս