ArmLur.am-ի զրուցակիցն է ՀՅԴ-ի կողմից թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ) վարկանիշային համակարգով առաջադրված թեկնածու Արթուր Եղիազարյանը։
– Պարո՛ն Եղիազարյան, արդեն ծանոթ լինելով մրցակիցներին, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը և ինչպե՞ս եք տարբերվելու։
– Ես նախկին ընտրության ժամանակ՝ 2012 թվականին, այդ նույն տարածքի մի մասում, եղել եմ մեծամասնական թեկնածու և իմ քվեներով ես երկրորդ հորիզոնականն եմ զբաղեցրել։ Սա նաև վստահություն է ներշնչում, որ կա նաև իմ ընտրողը, բայց պետք է ավելի համոզիչ աշխատեմ, որ նաև քվեները շատանան։
– Բայց այս նոր ընտրակարգի պայմաններում նաև ներկուսակցական պայքար է առկա և ընտրատարածքն ավելի ընդգրկուն է։
– Կուսակցության ներսում ավելի շուտ գործընկերներ են, քան մրցակիցներ։ Մենք թիմային ենք հանդես գալիս։ Անկախ նրանից՝ ով կանցնի, մենք պետք է գնանք խորհրդարան և խնդիրները լուծենք։
– Այս ընտրակարգը, համենայնդեպս, ներկուսակցական պայքարի առիթ է դարձել իշխող կուսակցության ներսում։ Սա որքանո՞վ է Ձեզ օգնելու։
– Ես միշտ հայտարարում եմ, որ այս ռեյտինգային ընտրակարգին դեմ եմ եղել։ Կամ պետք է ընդհանրապես չլիներ ռեյտինգային, կամ ռեյտինգային թեկնածուները պետք է քվեներ կարողանային ստանալ նաև ամբողջ հանրապետության տարածքում։
– ՀՅԴ-ն քաղաքական համագործակցության մեջ է գտնվում իշխող կուսակցության հետ։ Սյս հանգամանքը որքանո՞վ է խանգարելու կամ օգնելու ընտրությունների ժամանակ։
– Շատ հարցերում հեշտացնում է։ Դժվարացնում է այն առումով, որ երբ իշխանությունն ընկած է լինում, փորձում են նույնականացնել։ Օբյեկտիվ բան կա, քանի որ ինչ-որ տեղ դու կիսում ես այդ պատասխանատվությունը, բայց մենք այդ վախեցողներից չենք։ Կարևորը, որ արդյունքն ավելի լավը լինի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան