Լոռեցու վրեժի ու թասիբի մասին. «Դբա լավը» կինոնախագծի համար աջակիցներ են հարկավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու երիտասարդ հայ ռեժիսոր եւ պրոդյուսեր` Ասպետ Շերմազանյանն ու Ռուբեն Սահակյանը, որոնք սովորում են Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում եւ արդեն հասցրել են 4 կարճամետրաժ ֆիլմ նկարահանել, այժմ աշխատում են իրենց առաջին լիամետրաժ ֆիլմի վրա, որը ոչ ավել, ոչ պակաս կոչել են «Դբա լավը»:

Պրոդյուսեր Ռուբեն Սահակյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իրենք հասցրել են Մոսկվայում ամեն բան պատրաստել սպասվելիք նկարահանումների համար: Հիմա նրանք նկարահանումներ են իրականցնում Տավուշի մարզի Կողբ գյուղում, հետո արդեն կշարժվեն Թբիլիսի:

Ֆիլմը կրիմինալ դրամա է, որտեղ հանդես կգան թատրոնի երիտասարդ դերասաններ: Նրանց համար սա կլինի առաջին մեծ նախագիծը: Այն կյանքի կոչելու համար, սակայն, երիտասարդներն աջակցության կարիք ունեն: Նրանք Հայաստանում փնտրում են կազմակերպությունների, անհատների, որոնք պատրաստ կլինեն համագործակցելու իրենց հետ:

Մեր այն հարցին, թե ինչպես են պատրաստվում շահագրգռել, օրինակ, գործարարի, որպեսզի վերջինս հովանավորի իրենց ֆիլմը, Ռուբենը պատասխանեց. «Կինոնկարը միջազգային շուկա դուրս գալու մեծ պոտենցիալ ունի: Մենք վստահ ենք, որ այն ոչ միայն կոմերցիոն, այլեւ փառատոնային ֆիլմ է»: Մենք հարցրինք` լոկալ վերնագրով, լոռեցի երիտասարդների մասին պատմող ֆիլմը արդյոք կարող է դրսի հանդիսատեսի համար գրավիչ լինել. «Մենք փորձում ենք ստանալ համամարդկային կինոնկար, այնպիսին, որը հասկանալի կլինի ե՛ւ ներսի, ե՛ւ դրսի հանդիսատեսի համար»,-շեշտեց մեր զրուցակիցը:

«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց նաեւ` երիտասարդներն իրենց հետագա ստեղծագործական կյանքը մտադիր են ծավալել Երեւանո՞ւմ, թե՞ Մոսկվայում. «Մտադիր ենք համատեղել այստեղի եւ այնտեղի գործունեությունը, ծրագրում ենք հիմնել մեր փրոդաքշընը, որը, հավանաբար, կունենա երեւանյան եւ մոսկովյան մասնաճյուղ»,-ասաց պրոդյուսեր Ռուբեն Սահակյանը:

Նշենք, որ «Դբա լավը» ֆիլմը երկու լոռեցի տղաների մասին է, որոնց «կոկորդը թասիբով է լցված»: Նրանք վրեժ լուծելու, պատիվը վերականգնելու համար հասնում են մինչեւ Մոսկվա: Ճանապարհին հանդիպում են մեծ դժվարությունների, որոնք հաղթահարում են տղամարդավարի: Ֆիլմի հերոսները, հեղինակների խոսքով, գյուղացու այն տեսակն են ներկայացնում, որն այսօր կա՛մ մոռացված է, կա՛մ արհամարհված:

Աննա Բաբաջանյան




Լրահոս