Մարտին Իրանից ուղևորների մեծ հոսք է սպասվում դեպի Հայաստան. ինչպես է իրականացվելու սպասարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ԿԱ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ դեռևս փետրվարի 21-ին Նորդուզի անցակետում տեղի է ունեցել Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների հերթական հանդիպումը, որի առանցքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի` 2016թ. նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի կատարումն է եղել: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային կետերի համագործակցության հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել, մասնավորապես, մարտ ամսին Նովրուզի ժամանակ սպասվող ուղևորների և ավտոմեքենաների մեծ հոսքերի որակյալ սպասարկմանն ուղղված քայլերին: Երկկողմ հանդիպմանը գործընկերները քննարկել են նաև Հայաստան մուտք գործող տրանսպորտային միջոցներից գանձվող վճարների և Իրան ուղևորվող մարդատար մեքենաների վճարներին վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու վերաբերյալ:

Նշենք, որ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել:

 




Լրահոս