«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հրապարակել է իր նախընտրական ծրագիր:
Ստորև ներկայացնում ենք այն.
«Նախաբան
Սիրելի՛ հայրենակից, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը Ձեր դատին է հանձնում իր նախընտրական ծրագիրը, որն ունի «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց» անվանումը։ Այս ծրագրի հիմքում դրված է երկու սկզբունք՝
1. Ներառված են ՀՀ քաղաքացիներին հուզող բոլոր կարեւորագույն խնդիրները։
2. Մենք ասում ենք, որ փոփոխությունների արդյունքները պետք է երեւան ոչ թե հեռավոր ապագայում, ոչ թե անորոշ տասնամյակներ հետո, այլ իրական կյանքում և հիմա։ Կան խնդիրներ, որոնք կարելի է եւ պետք է լուծել շատ արագ՝ հաշված օրերի ընթացքում: Կան խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է պետք, բայց մարդիկ պետք է տեսնեն, որ այդ ուղղությամբ ամեն օր կոնկրետ եւ հստակ աշխատանք է իրականացվում:
Մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, որոնք իրենց նշանակությամբ համապետական միակ, այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր ընտրություն են՝ կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին պաշտպանել երկրի զարգացման մեր ներկայացրած ծրագիրը, որը մեր դաշինքը կյանքի կկոչի ընտրություններում հաղթանակի հասնելուց հետո:
1. Հզոր տնտեսություն՝ հզոր Հայաստան
Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչներից է նրա տնտեսությունը, որն այսօր գտնվում է ծանր եւ ճգնաժամային վիճակում:
Տնտեսության հետագա անկումը սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգության համար: Պետության տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի տնտեսության առավել գիտատար, ինովացիոն ճյուղերի զարգացման խրախուսմանը, ինչպես նաեւ նկատի ունենա երկրի էներգետիկ, ռազմական, տնտեսական, տրանսպորտային, պարենային եւ բնապահպանական անվտանգությունը:
Իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ: Առանց տնտեսական ժողովրդավարության չկա ոչ միայն կենսամակարդակի աճ, այլ նաեւ քաղաքական ժողովրդավարություն:
Մենք առաջարկում ենք
• վերացնել արհեստական մենաշնորհների արատավոր համակարգը,
• ձեւավորել մրցակցային դաշտ այն ոլորտներում, որտեղ այսօր իշխում է արհեստական մենաշնորհը,
• բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա եւ տեղական ներդրումների համար,
• փոքր՝ մինչեւ 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով,
• աջակցության մեխանիզմներ նոր հիմնվող փոքր բիզեսի համար,
• ավելացված արժեքի հարկը սահմանել 18 տոկոս,
• ընդունել հարկային նոր օրենսգիրք՝ ապահովելով տնտեսական նոր որակի հարաբերությունների առաջացումը,
• իրականացնել տեղական արտադրողին աջակցող դրամավարկային քաղաքականություն,
• հարկային քաղաքականությունը պետք է իրականացվի ազատականության արեւմտյան հայտնի սկզբունքների կիրառմամբ,
• արմատապես բարելավել մաքսակետերի աշխատանքը, որը պետք է դարձնել տնտեսության զարգացման, առողջացման հենասյուներից մեկը,
• բիզնես հիմնելը եւ բիզնեսով զբաղվելը պետք է դիտվեն որպես հայրենասիրության դրսեւորման ձեւ, իսկ պետծառայողների եւ այլոց կողմից բիզնեսին խոչընդոտելը՝ պետական ծանր հանցագործություն,
• փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը պետք է համարվի ազգային-ռազմավարական խնդիր,
• պետական գնումների ու ծախսային քաղաքականության հատվածում պետք է կոշտ վերահսկողություն ապահովել եւ թույլ չտալ «լեգալ» կոռուպցիոն մեխանիզմի գործարկումը,
• խթանել 250 մլն դրամը գերազանցող, չաշխատող (որոնց գործարկումից այլ հարկային մուտքեր բյուջե չեն կատարվում) ակտիվների` ոչ բնակելի անշարժ գույքի գործարկումը՝ ավելացնելով դրանց հանդեպ գույքահարկը,
• բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհների ասֆալտե ծածկույթի հանդեպ ներկայացվող պահանջները: Ավելացնելով դրա գինը ընդամենը 3 տոկոսով՝ գործողության ժամկետը հնարավոր է կրկնապատկել,
• ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում Հայաստանը կրկին ընդգրկել «Հազարամյակների մարտահրավեր» տնտեսական ծրագրում։
Արդյունաբերություն եւ էներգետիկա
• Հատուկ ուշադրություն դարձնել արդյունաբերության տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը,
• իրականացնել թեթեւ արդյունաբերության զարգացմանն ուղղված արմատական քայլեր՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը. խթանել թեթեւարդյունաբերական արտադրանքի արտահանման աճին,
• խթանել տեղական հումքի վրա հիմնված ռեսուրսախնայողական ու գիտատար արդյունաբերության զարգացումը,
• խրախուսել արտադրատեսակների փակ ցիկլերի ձեւավորումը եւ կլաստերների կազմակերպումը. հանրապետության էներգետիկ անկախությունն ապահովելու նպատակով խրախուսել այլընտրանքային (արևային, քամու եւ գեոթերմալ) էներգետիկայի զարգացումը,
• կառուցապատումների պետական թույլատվության տրամադրման ընթացակարգերում օրենսդրորեն ամրագրել էներգախնայողության եւ ջերմամեկուսացման պարտադիր չափորոշիչները, որի շնորհիվ ջեռուցման վրա կատարվող տարեկան էներգածախսը հնարավոր կլինի կրճատել շուրջ 30 տոկոսով,
• հարկամաքսային գործիքներով խրախուսել հանքարդյունաբերությունում հանքանյութից օգտակար հանածոների առավել խոր կորզումը եւ դրանից վերջնական արտադրանքի պատրաստումը Հայաստանի տարածքում:
Բնապահպանություն
Արդյունաբերության (հատկապես հանքարդյունաբերության), էներգետիկ եւ այլ ոլորտների զարգացումը չպետք է խաթարի մեր երկրի բնապահպանական հավասարակշռությունը։ Հանքաքարի հարստացումից դեպի մետաղի ձուլմանը եւ վերջնական արտադրանքի ցիկլի վերականգնմանը անցումը անհրաժեշտ է կատարել բնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ: Մեր դաշինքը հատուկ ուշադրություն է դարձնելու բնապահպանական խնդիրներին։
բ. Հատուկ ուշադրության ենք արժանացնելու «Ամուլսարի» նախագիծը, որը կարող է կոտրել Հայաստանի «էկոողնաշարը»,
գ. հանձնաժողով ենք ստեղծելու, որը զբաղվելու է փոքր հէկերի՝ բնությանը հասցվող վնասը զրոյին մոտեցնելու համար,
դ. համալիր ծրագիր ենք իրականացնելու անտառների նոսրացումը կանխելու, դրանց վերականգնման, ծանր մետաղներով հողերի աղտոտվածությունը վերացնելու ուղղությամբ,
ե. հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծելու ենք ջրային ավազանների՝ գետերի եւ լճերի աղտոտվածության խնդիրը. Սեւանը լինելու է մեր էկոլոգիական մշտական հոգածության եւ ուշադրության առարկան:
Մեր դաշինքի համոզմամբ՝ Հայաստանը չպետք է լինի որպես հանքահումքային կցորդ: Հանքերի շահագործումը պետք է համապատասխանեցվի բնապահպանական պահանջներին:
Մենք համոզված ենք, որ պետք է տասնապատկվեն բնությանը վնաս հասցնելու համար սահմանված տուգանքները:
Նաեւ իրականացնելու ենք հետեւյալ գործնական քայլերը՝
• Ընդունելու ենք բնական պաշարների արդյունավետ օգտագործման մասին ՀՀ օրենք, որը կկարգավորի հետեւյալ սկզբունքային խնդիրները. որոշումների ընդունում առավելագույնս ամբողջական տեղեկատվության հիման վրա եւ դրանց ամրապնդում համապատասխան սոցիալ-տնտեսական միջոցառումներով, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք համակարգի ներդրում, բնական պաշարամիջոցների պահպանման եւ կայուն օգտագործման արտադրաեղանակների մատչելիության ապահովում, շրջակա միջավայրի աղտոտման, բնօգտագործման համար պատասխանատվության բարձրացմանը միտված գանձումների համակարգի ներդրում` բնապահպանական նախագծերի ու ծրագրերի իրականացման նպատակով:
• Վերացնելու ենք բնապահպանության ոլորտը եւ բնական պաշարամիջոցների շահագործումը կարգավորող օրենսդրական ակտերում առկա հակասությունները, կրկնություններն ու տարընթերցումները եւ ամբողջությամբ համապատասխանեցնելու ենք բնապահպանական ոլորտի միջազգային կոնվենցիաների պահանջներին:
• Խստացնելու ենք բնապահպանության ոլորտի պահպանման եւ կարգավորման հիմնախնդիրների լուծմանն ուղղված նորմատիվային-իրավական պահանջները, հիմնելու ենք բնապահպանական ոստիկանություն` չարաշահումներին արագ արձագանքելու կամ դրանք կանխելու հիմնական առաքելությամբ:
• Բնապահպանական ցանկացած նորմի խախտման դեպքում կիրառելու ենք վարչական խստագույն միջոցներ` տույժեր եւ տուգանքներ, ինչպես նաեւ քրեական պատասխանատվության միջոցներ:
• Օրենքը խստագույնս կիրառելու ենք մայրաքաղաքում եւ հանրապետության բոլոր մարզերում քաղաքաշինության, կանաչ տարածքների պահպանման գործում պետական պատասխանատուների նկատմամբ:
• Ապահովելու ենք գործող օրենքի լիարժեք կիրառում ՀՀ տարածքում հաշվառված 470 հանքարդյունաբերական օբյեկտի շահագործման արդյունքում գոյացող «դատարկ ապարների» տեղահանման եւ տեղադրման համար դրանց շահագործող տնտեսվարող սուբյեկտներից բնապահպանական վճարների լիարժեք գանձման նպատակով:
• Ապահովելու ենք «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրառում պահանջվող շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց, ինչի հաշվին հանքարդյունահանողներից բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում արդեն 2013թ.-ին առնվազն 428 մլրդ դրամ (շուրջ 1,1 մլրդ ԱՄՆ դոլար) կմուտքագրվի պետբյուջե, ընդ որում՝ դրա մի մասը` գույքի եւ բաժնեթղթերի ձեւով:
• Էկոլոգիական դաստիարակության ու մշակույթի ձեւավորման միջոցով անտառների, կանաչ տարածքների վերականգնումը եւ շրջակա միջավայրի պահպանությունը վերածելու ենք համաժողովրդական հոգածության առարկայի` ծառատնկումների, տարածքների մաքրման՝ սիզամարգերի խնամքի գործը դարձնելով յուրաքանչյուր քաղաքացու վսեմ պարտքը:
• Օզոնաքայքայող նյութերի, ավտոտրանսպորտի արտանետումների կրճատման ուղղությամբ կիրառելու ենք արդյունավետ եւ գործուն միջոցներ:
• Վճռականորեն կասեցնելու ենք հայրենի բնության ինքնատիպ կենդանական աշխարհն ամլացնող համատարած որսագողությունը եւ անօրինական անտառահատումները:
• Անհապաղ միջոցներ ենք ձեռնարկելու հանրապետության, այդ թվում` Երեւանի անապատացման վերահաս վտանգը կանխելու համար:
• Արդյունավետ եւ խստագույն պայքար ենք մղելու քաղաքաշինական նորմերի խախտմամբ իրականացվող շինարարության դեմ:
• Փոփոխություններ եւ լրացումներ ենք առաջարկելու «Բուսական աշխարհի մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին»,
«Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին», «Թափոնների մասին» «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքներում` շրջակա միջավայրի պաշտպանության, նրա վերարտադրության երաշխավորված մեխանիզմների ամրապնդման, խաթարման համար պատասխանատվության ու վերահսկողության խստացման նպատակով:
• Վերը թվարկված խնդիրները լուծելու նպատակով լրամշակել «Ջրային օրենսգիրքը», «Անտառային օրենսգիրքը», «Ընդերքի մասին օրենսգիրքը», «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքները:
• Փոփոխություն կատարել բնօգտագործման հարկատեսակների մասին օրենքում` ներմուծվող ավտոմեքենաների հարկման չափը դնելով կախվածության մեջ ոչ թե մեքենայի գնից, այլ շարժիչի ծավալից եւ օգտագործվող վառելանյութի տեսակից:
• Լրամշակել «Սեւանա լճի մասին», «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքները:
Գյուղատնտեսություն
Պետությունն իր կարգավորիչ դերակատարմամբ պետք է ստեղծի նպաստավոր պայմաններ գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, արտադրանքի իրացման համար:
Գյուղատնտեսության բնագավառում հարկային մեղմ քաղաքականության կիրառմամբ բարձրացնել արտադրության արդյունավետությունն ու իջեցնել ինքնարժեքը, ինչն էլ կնպաստի երկրի պարենային անվտանգության ապահովմանը:
Գյուղատնտեսության ոլորտում կարեւորում ենք նաեւ ապահովագրական համակարգի ներդրումը սկզբում կամավորության, ապա պարտադիր սկզբունքով:
Խրախուսելու ենք գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսությունների ստեղծումը:
Հատուկ կարգավիճակ ենք տալու Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող բնակավայրերին՝ օրենքով նրանց համար սահմանելով հատուկ կարգավիճակ:
Այս ոլորտում մենք իրականացնելու ենք հետեւյալ քայլերը՝
• Ապահովելու ենք պետական օժանդակություն գյուղմթերքներ
ի արտադրությանն ու արտահանմանը` ներառյալ գյուղատնտեսության եւ, հատկապես, ֆերմերային փոքր տնտեսությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արտադրությունների սուբսիդավորումը:
• Ոլորտում ներդնելու ենք վարկավորման արդյունավետ համակարգ՝ վարկային միջոցների տրամադրման ժամանակահատվածը եւ տոկոսադրույքները սահմանելիս հաշվի առնելով տվյալ ճյուղի առանձնահատկությունները` որպես գրավի առարկա ընդունելով հողը, ինչպես նաեւ գյուղատնտեսության մեջ օգտագործվող հիմնական միջոցները։
• Կիրառելու ենք գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում մինչեւ 50% չափով:
• Հատուկ արտոնյալ վարկավորման ու հարկային պայմաններ ենք կիրառելու բարձրլեռնային եւ սահմանամերձ գոտիներում գործող գյուղացիական տնտեսությունների համար: Փոփոխություններ ու լրացումներ ենք կատարելու «Հողի հարկի մասին», «Հողի հարկի արտոնությունների մասին», «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքներում` սահմանամերձ, բարձրլեռնային եւ խրախուսվող տարածքներում հողի հարկի արտոնություններ տրամադրելու նպատակով:
• Վարկային ու ներդրումային ծրագրերի շրջանակներում պետական լուրջ աջակցություն ենք ցուցաբերելու գյուղատնտեսական մեքենաների հավաքակայանների ստեղծմանը, գյուղացու եւ ագարակատիրոջ համար ողջամիտ գների առումով դրանց մատչելիության ապահովմանը:
• Ստեղծելու ենք գյուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսությունների ապահովագրական ճկուն համակարգ` պետության փութաջան մասնակցությամբ, առաջին հերթին` ապահովագրական վճարների մի մասի փոխհատուցումը ստանձնելու իմաստով:
• Գյուղատնտեսական մթերքների ներքին շուկայի պաշտպանության համակարգում, ի թիվս այլ ուղղությունների, ներառելու ենք գյուղատնտեսական մթերքների կայուն գների պահպանման, սուբսիդավորման, սպառողների համար երաշխավորված, մատչելի մանրածախ գների սահմանման միջոցառումները:
• Միասնական պետական ստանդարտներով ու պետական հսկողությամբ մթերող ձեռնարկություններում ներդնելու ենք որակի ստուգումներ իրականացնող այնպիսի համակարգ, որով կպաշտպանվեն գյուղացու շահերը եւ մթերող կազմակերպություններին թույլ չի տրվի ձեռնարկել կամայական գործողություններ:
• Փոփոխություններ ու լրացումներ ենք կատարելու ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենքներում` վերջիններիս պարտավորություններն ու պատասխանատվությունը սահմանելու, ոռոգման ջրով գյուղատնտեսական տարածքների մատակարարումը կարգավորելու նպատակով:
• Փոփոխություններ եւ լրացումներ ենք կատարելու «Երաշտի հետեւանքների վերացման մասին» օրենքում` երաշտից տուժած շրջանների պետական աջակցության մեխանիզմների ամրագրմամբ:
• Փոխհատուցման նույնպիսի սկզբունքներ ենք կիրառելու գյուղատնտեսության ու անասնապահության բնագավառներում բնական աղետների, համաճարակների հետեւանքով կրած վնասների դեպքում:
• Ոչ գյուղատնտեսական նպատակներով պետական հողերի վարձակալության համար գանձվող վարձավճարներն ավելացնելու ենք 5 անգամ, ինչը հնարավորություն կտա խուսափել մեծ հողակտորների երկարաժամկետ վարձակալությունից ու անարդյունավետ օգտագործումից, ինչպեսեւ հսկայական տարածքները շարքային քաղաքացիների համար փակ գոտիների վերածելուց:
• Վերանայելու ենք «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքը՝ աճուրդների, այդ թվում՝ հողի աճուրդի հրապարակայնությունն ու օրինականությունը ապահովելու նպատակով՝ միաժամանակ ծրագրային քաղաքականություն վարելով համայնքներում երիտասարդ ընտանիքներին հողատարածքներ հատկացնելու ուղղությամբ:
Բանկային համակարգ
ՀՀ քաղաքացիների մեծ մասն այսօր դարձել է բանկային համակարգի «գերին»: ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, անկախ եկամտի չափից, գործունեությունից, կախման մեջ է հայտնվել բանկային համակարգից: Պատճառը դրամավարկային անընդունելի քաղաքականությունն է:
Համոզված ենք, որ կարճ ժամանակում հնարավոր է
ա. բանկերը տոկոսով փող տվողից վերածել բիզնեսը եւ վճարունակ պահանջարկը խթանող գործընկերոջ,
բ. իջեցնել վարկավորման տոկոսադրույքները՝ հասցնելով ընդունելի սահմանի,
գ. երաշխավորված ավանդների շեմի բարձրացման միջոցով ապահովել խնայողությունների ներգրավման ավելի մեծ ծավալ,
դ. հետեւողականորեն իջեցնել տոկոսադրույքները՝ հասցնելով եվրոպական մակարդակի,
ե. հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքներն իջեցնել մինչեւ 5-6 տոկոսի, ինչը կնպաստի նաեւ բնակարանային հիմնախնդրի մասնակի լուծմանը։
2. Պետական կառավարում, քաղաքական համակարգ եւ մարդու իրավունքներ
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ արդար եւ ազատ ընտրությունների անցկացումը դարձել է երազանք: Մենք ապրում ենք իրական աշխարհում, բայց անիրական քաղաքականությամբ եւ տնտեսությամբ: Մարդը հեռացվել է իշխանությունից, հեռացվել է տնտեսությունից: Մենք համոզված ենք՝ այսպես այլեւս հնարավոր չէ շարունակել: Հերի՛ք է:
Մենք վստահ ենք, որ ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում դրական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ նվազագույն նախապայմանն իշխանության լեգիտիմությունն է:
Նոր որակի քաղաքական հարաբերությունների ձևավորման համար անհրաժեշտ է հանրային լայն քննարկումների արդյունքում հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, ապաեւ ընդունել նոր Ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն կտա անցկացնել ազատ, արդար եւ մրցակցային, իրապես քաղաքական ընտրություն, որտեղ կմրցեն գաղափարները, առաջարկները եւ քաղաքական մոտեցումները:
Պետական կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է
• որակապես նոր մակարդակի հասցնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանութունը բոլոր բնագավառներում,
• բացառել քաղաքական հետապնդումների իրականացումը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին,
• տարանջատել բիզնեսն ու իշխանությունը,
• ապահովել պետական պաշտոնյաների գործունեության վերահսկողությունը ինչպես օրենսդրական, այնպես էլ քաղաքական բնույթի գործիքակազմերի միջոցով՝ այդ հարցում կարեւորելով քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարումը,
• օրենսդրորեն եւ գործնականում ապահովել պետական ծառայողների աշխատանքային պաշտպանվածությունը,
• ապահովել պետական ծառայողների սոցիալական պաշտպանվածությունը՝ ստեղծելով գործունեության արժանապատիվ պայմաններ,
• պետության կողմից մասնավոր հատվածի վերահսկողական մարմինների հնարավորինս կրճատում,
• դատական համակարգի անկախության ապահովում։
Ժողովրդավարական քաղաքական համակարգի ձեւավորման համար անհրաժեշտ են հզոր, գաղափարական ու կադրային բանկով հարուստ կուսակցություններ, ինչպես նաեւ ընտրական գործընթացի լեգիտիմություն:
Մենք պարտադիր ենք համարում
• իրական բազմակուսակցական համակարգի կայացումը,
• մրցակցային եւ արդար ընտրությունների կայացումը,
• անցումը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի՝ առանց ռեյտինգային քվեարկության եւ բոնուսային համակարգի,
• ընդդիմադիր քաղաքական ուժերի համար համակարգաստեղծ կարգավիճակի ապահովումը,
• ազատ տնտեսական մրցակցության ապահովման միջոցով կուսակցությունների ֆինանսական անկախության ապահովումը,
• եվրոպական չափանիշներով ժամանակակից քաղաքական մշակույթի արմատավորումը,
• երկրի թիվ մեկ պաշտոնյայի կառավարման առավելագույն ժամկետ սահմանել տասը տարին (երկու ընտրական փուլ),
• մարզպետները, քաղաքապետերը եւ գյուղապետերը չեն կարող մարզը, քաղաքը եւ գյուղը ղեկավարել տասը տարուց ավելի ժամկետով,
• սկսել սահմանադրական փոփոխությունների գործընթաց՝ Սահմանադիր ժողովի մեխանիզմով,
• Ազգային ժողովում ստեղծել հանրային հնչեղություն ունեցող գործերի հանձնաժողով և հետամուտ լինել հարցերի իրավական գնահատականների տրմանը,
• բարելավել ընտրական համակարգը, այդ թվում` ապահովելով բացառապես համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը, քվեարկած ընտրողների ընտրացուցակների հրապարակայնությունը,
քաղաքականապես հավասարակշռված ընտրական հանձնաժողովների ձեւավորումը, ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների համար խստագույն պատժամիջոցների կիրառումը, քաղաքացիների ընտրական մշակույթի զարգացման համապետական նպատակային ծրագրի ընդունումն ու իրականացումը, ընտրական միավորումների միջեւ իրական հավասարություն ենթադրող մեխանիզմների ամրագրումը, իշխանության կողմից ընտրությունների արդյունքների վրա ազդելու հնարավորության բացառումը, ընտրական հանձնաժողովների գործունեության նկատմամբ իրական հասարակական վերահսկողության սահմանումը, ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունը, արդյունքների բողոքարկման իրական հնարավորությունների ընձեռումը,
• բարձրացնել քաղաքական կուսակցությունների դերը եւ կայացնել քաղաքական համակարգը՝ պետության կողմից կուսակցությունների աջակցության ավելացման, կուսակցությունների ու բիզնեսի (գործարարության) տարանջատման, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության եւ վերահսկողության բարելավման միջոցներով: Սահմանափակել իրավաբանական անձանց կողմից կուսակցությունների ֆինանսավորման վերին շեմը` բացառելով վերջիններիս կախվածությունը բիզնեսից, միաժամանակ չպաշտպանված գործարարներին ազատել հարկադրաբար կամ կիսահարկադրաբար կուսակցություններին նվիրատվություններ անելու արատավոր գործելակերպից։
Սակավաթիվ խոշոր նվիրատուներից կուսակցության կախվածությունը բացառելու նպատակով սահմանափակել տարվա ընթացքում կուսակցությանը մեկ անձի նվիրատվության չափը` այն հավասարեցնելով նախընտրական հիմնադրամ մեկ ֆիզիկական անձի կողմից կատարվող մուծման չափին: Ավելացնել կուսակցություններին տրամադրվող ֆինանսավորումը համամասնական ընտրակարգով քվեների 3 եւ ավելի տոկոս ստացած կուսակցությունների համար:
Ազգային ժողով անցած կուսակցություններին կամ դրանց դաշինքների պետական ֆինանսավորման համար կիրառել ռեգրեսիվ կումուլյատիվ/կուտակային սանդղակ, երբ 5 տոկոսից պակաս յուրաքանչյուր քվե ֆինանսավորվում է նվազագույն հաշվարկային աշխատավարձի չափով, այնուհետեւ այդ գործակիցը նվազում է 10, 15 եւ այլ հավելյալ տոկոս քվեների համար: Արդյունքում կատարվում է որոշակի համահարթեցում քիչ ձայներ եւ առավել ձայներ ստացած կուսակցությունների ֆինանսավորման մակարդակների միջեւ:
• Արդիականացնել քաղաքացիական ու համայնքային ծառայությունը, բարձրացնել ապակուսակցականացումն ու արդյունավետությունը, վերացնել ստվերային կառավարումը, հետեւողականորեն արմատավորել պետական իշխանության իրականացման ժողովրդավարական եղանակները: Պետական իշխանության մարմինների գործունեությունն ավելի բաց եւ թափանցիկ դարձնել քաղաքացիների, ոչ կառավարական կազմակերպությունների համար:
Զարգացած երկրների օրինակով ընդունել ակտ տեղեկատվական ազատության մասին:
• Վերանայել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքները` բարձրացնելով սպառողի պաշտպանվածությունը, պետական վերահսկողությունը ապրանքների եւ ծառայությունների մատուցման շուկաներում:
• Ընդունել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների իրավունքների եւ պարտականությունների մասին օրենք` առավել պաշտպանված դարձնելով այդ ծառայություններից օգտվող բնակչին ու քաղաքացուն:
• Փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում` բացառելով «հանրային շահի» անվան տակ կառավարության միջնորդությամբ քաղաքացիների ունեզրկումը եւ սեփականազրկումը՝ հանուն մասնավոր բիզնես շահերի, նախկինում նման որոշումներից տուժած բնակիչներին համարժեք փոխհատուցում կատարել պատասխանատու պաշտոնյաների ու նրանց հետ հանցավոր գործարքի մեջ մտած կառուցապատողների միջոցներից, հարուցել վերջիններիս պատասխանատվության հարցը:
• կուսակցությունների եւ դաշինքների համար խորհրդարանի անցողիկ շեմը սահմանել համապատասխանաբար 3 եւ 5 տոկոսը,
• հնարավորին չափ կրճատել նախարարությունների եւ վարչությունների թիվը,
• էապես մեծացնել տեղական ինքնակառավարման աստիճանը, իրականացնել վարչատարածքային նոր բաժանում։
3.Բանակ
Մեր պետության 25 տարվա ամենամեծ ձեռքբերումն իսկապես հայկական բանակն է՝ մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման միակ երաշխավորը։ Այն իր հաղթանակների շնորհիվ ձեռք է բերել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համբավը:
Բանակն այսօր պատրաստ է լուծել իր առջեւ դրված խնդիրները՝ պաշտպանել մեր սահմանները եւ անհրաժեշտության դեպքում պատժիչ գործողություններով հակառակորդին պարտադրել հրադադար և ապահովել մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղություն։
Մինչ օրս որոշ հաջողություն ենք ունեցել զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանվածության ոլորտում։
• Ներդրվել է նորակոչիկների բաշխման վիճակահանության սկզբունքը, ինչը լրջագույն փոփոխություն էր զորակոչի ոլորտում,
• հատուկ ուշադրություն է դարձվել բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպանների առջեւ բանակի դռների բաց լինելուն՝ հիմքում ունենալով «համաժողովրդական բանակի» գաղափարը։
Անշուշտ, բանակը, ինչպես ցանկացած օրգանիզմ, խնդիր ունի է՛լ ավելի կատարելագործվելու: Արմատապես պետք է վերանայել բանակի տեղն ու դերը մեր հասարակությունում։ Այն, բացի ռազմականից, պետք է կատարի կրթական գործառույթ, ինչպես նաեւ նպաստի տնտեսության զարգացմանը՝ բացի խաղաղություն ապահովողից դառնալով յուրօրինակ շարժիչ ուժ տնտեսության համար։
Մեր բանակի մարտունակության բարձրացման, արդիականացման եւ տարածաշրջանում հավասարակշռությունն ապահովելու, ինչպես նաեւ խաղաղություն պարտադրելու նպատակով անհրաժեշտ է
• բանակն աստիճանաբար համալրել արհեստավարժ ստորաբաժանումներով, բարձրացնել նրանց աշխատավարձը՝ սկզբնական շրջանում հասցնելով 240 հազար դրամի,
• բարձրացնել սպայական եւ ենթասպայական կազմի աշխատավարձը,
• ապահովել բանակի անհրաժեշտ ու մրցունակ սպառազինության եւ նյութատեխնիկական հագեցածության բարձր աստիճան,
• հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում խորքային համագործակցություն հաստատել միջազգային ուժային կենտրոնների հետ՝ ապահովելով Հայաստանի անվտանգությունը:
Զինվորական կառավարման ժամանակակից մեթոդների ներդրման եւ անձնակազմի կրթական մակարդակի բարձրացման միջոցով
• նվազագույնի հասցնել ոչ կանոնակարգային հարաբերությունների գոյությունը բանակում,
բանակում ծառայելը եւ զինվորական լինելը պետք է դառնան գրավիչ եւ պատվաբեր, այլ ոչ թե բացառապես ընկալվեն որպես ծանր պարտականություն:
Բանակի հզորացման, զարգացման համար անհրաժեշտ է զարգացնել բանակահենք տնտեսությունը՝ կառուցելով այն բարձր տեխնոլոգիաների եւ ժամանակակից գիտելիքների վրա:
Ուժեղ բանակ ունենալու համար անհրաժեշտ է ժամանակակից եւ առողջ տնտեսություն:
Ազատամարտիկներ
Մեր անկախ պետականության հիմքը, մեր ժողովրդի անվտանգությունը եւ մեր փառապանծ հաղթանակը կերտել են ազատամարտիկները և նրանց հիմքի վրա ձևավորված բանակը։
Պետության եւ ժողովրդի պարտքն է միշտ հիշել եւ գնահատել մեր հերոսների արածը։
Մենք ներդնելու ենք հստակ մեխանիզմներ՝ ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքի անդամներին ապահովելու
ա. արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքով, բուժման եւ առողջության վերականգնման խնդիրների լուծմամբ,
բ. Աշխատատեղերով, այդ թվում՝ մասնավոր գործարարության միջոցով սեփական գործը ստեղծելու հնարավորությամբ։
Մենք նաեւ ավարտին ենք հասցնելու մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի արդար վերանայման գործընթացը։
4. Արտաքին քաղաքականություն
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է խարսխված լինի հետեւյալ սկզբունքների վրա`
• հայաստանակենտրոնություն,
• անկախություն,
• ինքնիշխանություն,
• հավասարակշվածություն,
• իրատեսություն։
Մեր երկիրը պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ հարաբերվելիս՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ ինքնիշխանության եւ սուբյեկտայնության մակարդակը միջազգային ասպարեզում, ապահովել մեր երկրի անվտանգությունը, ձեռք բերել վստահելի ու հուսալի գործընկերոջ կամ դաշնակցի կարգավիճակ:
Հարեւան երկրների հետ որակապես ու բովանդակապես նոր, բարիդրացիականության վրա հիմնված հարաբերությունների հաստատումը պետք է հանդիսանա ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը:
Արտաքին ակտիվ քաղաքականության դեպքում մեր երկրի առանցքային ու խաչմերուկային աշխարհաքաղաքական դիրքը կարող է դառնալ շահավետ գործոն՝ ապահովելով տարածաշրջանի խոշոր տնտեսական ծրագրերին ՀՀ մասնակցությունը:
Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումը հսկայական նշանակություն ունի նաեւ Արցախի խնդրի վերջնական կարգավորման հարցում:
5 Արցախ
Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են եւ ապրելու են կողք կողքի: Խաղաղություն են ուզում թե՛ հայերը եւ թե՛ ադրբեջանցիները: Պատերազմի են մղում արկածախնդիր գործիչները` ի դժբախտություն առաջին հերթին սեփական ժողովրդի: Կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման, Արցախի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ենք համարում
• Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պահպանել ուժերի հավասարակշռությունը. ուժերի հարաբերակցության խախտումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով,
• խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ՝ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու համար. առանց փոխվստահության մթնոլորտի խոսել այս խնդրի կարգավորման մասին անպտուղ է եւ անիմաստ,
• բացառել միակողմանի ցանկացած զիջում։
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին: Առանց արցախցիների ցանկության հնարավոր չէ հասնել որեւէ համաձայնության:
Մեր դաշինքը համոզված է, որ այս խնդրի լուծման առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը:
Միայն ժամանակակից եւ զարգացող տնտեսություն, ինչպես նաեւ ժողովրդավարական եւ զարգացող երկիր ունենալու դեպքում մենք մյուս կողմին կպարտադրենք արժանապատիվ լուծում եւ կայուն ու արժանապատիվ խաղաղություն:
Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ու զարգացման հարցն ամբողջ 10–միլիոնանոց հայության հարցն է։
6. Ուժեղ Հայաստան՝ զորեղ Սփյուռք
Հայաստանում ապրում է աշխարհասփյուռ ավելի քան տասը միլիոնանոց հայկական հանրության միայն մի մասը։ Մենք մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտակրթական, մշակութային ահռելի ռեսուրսների տիրապետող ազգ ենք։
Մենք տեսնում ենք այն քայլերը, որոնք կօգնեն ավելի սերտ եւ օգտավետ դարձնել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները:
Անհրաժեշտ է
• ստեղծել համաշխարհային հայության ամբողջականացված համակարգ,
• իրականություն դարձնել համահայկական միասնականության գաղափարը,
• սփյուռքահայերին մասնակից դարձնել հայաստանյան կարեւոր իրադարձություններին եւ գործընթացներին։
Սփյուռքը հայության անբաժանելի մասն է: Հայաստանն ուժեղ է սփյուռքահայերով, իսկ սփյուռքահայերն ամուր են անկախ Հայաստանի գոյությամբ:
Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է դուրս գան ավանդական ու ձեւական հարաբերությունների մակարդակից եւ կրեն գործնական ու բովանդակային բնույթ: Առավել նպատակային քաղաքականություն պետք է վարել ՀՀ քաղաքացիությունը յուրաքանչյուր հայի համար առավել հասանելի դարձնելու համար։
Կարեւորելով սփյուռքահայ համայնքների հայապահպանման խնդիրը՝ միաժամանակ պետք է ջանքեր գործադրվեն ներգաղթ իրականացնելու համար:
7. Ներգաղթ եւ ժողովրդագրական խնդիրներ
Արտագաղթը ՀՀ ազգային անվտանգության առաջնային սպառնալիքներից մեկն է: Այն քաղաքական, տնտեսական, սոցիալական ու բարոյահոգեբանական անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ մեր պետականության հետագա գոյության ու զարգացման համար:
Մի կողմից մեր ազգը ծերանում է, իսկ մյուս կողմից երկրի երիտասարդ, աշխատունակ զանգվածն արտագաղթում է: Արտագաղթը սպառնում է մեր պետության ազգային անվտանգությանը:
Արտագաղթը կանգնեցնելու եւ այն ներգաղթով փոխարինելու համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ:
Ընտրություններում հաղթանակի հասնելու դեպքում ժողովրդագրական խնդիրները լուծելու ինչպեսեւ արտագաղթը ներգաղթով փոխարինելու համար դաշինքը պատրաստվում է ՝
ա. առողջացնել երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը.
բ. իրականացնել նոր տնտեսական քաղաքականություն.
գ. ապահովել երկրում արդարադատության իրականացումը.
դ. օտարերկրյա եւ տեղական ներդրումներով ստեղծել նոր աշխատատեղեր.
ե. երիտասարդ ընտանիքների աջակցության համար իրականացնել համալիր ծրագրեր.
զ. առաջին երեխայի ծնունդից հետո ծնողներին տրամադրել 100 000 հազար դրամ, երկրորդի դեպքում` 500 000, երրորդի՝ 1 միլիոն դրամ, չորրորդի՝ 2 միլիոն դրամ.
է. ձեւավորել, այսպես կոչված, 3 միլիոն դրամանոց մայրական կապիտալի անձնական հիմնադրամ, որը ծնողը կարող է օգտագործել բացառապես չորրորդ երեխայի համար.
ը. երեխայի ծննդյան ամենամսյա նպաստը 18 000 դրամից հասցնել 30 000-ի և վճարել մինչեւ երեխայի երեք տարին լրանալը։
Դաշինքը վստահ է, որ արդարության հաստատումը, ընտրությունների արդյունքում լեգիտիմ իշխանությունների ձեւավորումը, արհեստական մենաշնորհներից ձերբազատումը եւ հավասար մրցակցային պայմաններ ապահովող տնտեսական քաղաքականության իրականացումը մեծապես կնպաստեն արտագաղթի կտրուկ նվազեցմանը:
Զուգահեռաբար պետք է նաեւ համապարփակ քաղաքականություն մշակել ՀՀ ներգաղթի կազմակերպման եւ ներգաղթյալներին աշխատանքով եւ բնակարանով ապահովելու համար:
8. Սոցիալական քաղաքականություն
Դաշինքը սոցիալական խնդիրների լուծումը պատկերացնում է բիզնես միջավայրի բարելավման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման եւ հասցեական սոցիալական քաղաքականության միջոցով:
Թոշակառուներն այսօր ամենախոցելի շերտերից մեկն են: Կենսաթոշակը ոչ թե ցածր է, այլ շատ ցածր:
Կենսաթոշակառուների խնդիրների լուծման առաջին քայլերից մեկը պետք է լինի կենսաթոշակներն արժեզրկումից զերծ պահելը: Այդ նպատակն իրականություն դարձնելու համար իրականացնելու ենք կենսաթոշակների ինդեքսավորում: Կենսաթոշակառուներն ամեն ամիս իրենց կենսաթոշակի հետ պետք է ստանան նաեւ տվյալ կամ նախորդ ամսվա արժեզրկման չափով ինդեքսավորման լրացուցիչ գումար:
Մեր սոցիալական քաղաքականությունը հիմնված է լինելու միմյանց փոխկապակցված արդարության, հավասարության, արդյունավետության, համընդհանրության, ընտրականության ու համերաշխության սկզբունքների վրա:
Սոցիալական քաղաքականությունը պետք է իրականացվի հետեւյալ ուղղություններով՝
աղքատության մակարդակի էական նվազեցում,
սոցիալական բեւեռացվածության մեղմում,
արժանապատիվ եւ ապահով ծերություն ապահովող համակարգի ներդրում,
բնակչության կյանքի որակի բարձրացում,
բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերի ինդեքսավորում:
9.Առողջապահություն
Անհրաժեշտ ենք համարում օրենսդրական դաշտի կատարելագործման եւ բյուջետային քաղաքականության միջոցով հասնել առողջապահության ոլորտում էական դրական տեղաշարժերի:
Բնակչության բոլոր խավերի բուժսպասարկումը մատչելի դարձնելու նպատակով հարկավոր է կիրառել պարտադիր եւ կամավոր բժշկական ապահովագրության համակարգի ներդրում՝ հետագայում անցում կատարելով ամբողջական ապահովագրական համակարգի:
Նպատակ ենք հետապնդում, որ ամենամոտ ապագայում քառասուն տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի տարին առնվազն մեկ անգամ ենթարկվի ամբողջական պարտադիր բուժհետազոտության:
Կարեւորում ենք պոլիկլինիկաներում եւ Շտապ օգնության ծառայությունում ախատողների աշխատավարձեր բարձրացումը:
Պետությունը պետք է անապահով խավերի համար իրականացնի առողջության պահպանման հասցեական քաղաքականություն, ըստ որի՝ պետական միջոցները պետք է հատկացվեն ուղղակիորեն հիվանդներին՝ նրանց հնարավորություն տալով ինքնուրույն ընտրել բուժհաստատությունը:
Կարեւորում ենք հիվանդությունների կանխարգելման քաղաքականությունը, ինչը մենք տեսնում ենք ոչ միայն պոլիկլինիկաների ակտիվ գործունեության, այլ նաեւ առողջ ապրելակերպի մշտական քարոզի եւ մարզաձեւերը քաղաքային ու գյուղական համայնքներում զարգացնելու միջոցով:
10. Գիտություն, կրթություն, մշակույթ
Գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում արձանագրված հաջողություններով ու ձեռքբերումներով է բնութագրվում պետության զարգացածության մակարդակը:
Գործուն մեխանիզմներ ենք մշակել գիտություն-մասնավոր հատված, գիտություն-արդյունաբերություն, գիտություն-բանակ արդյունավետ կապերի հաստատման համար։
Անհրաժեշտ է մեծացնել գիտության դերը տնտեսական ու սոցիալական առաջընթացի ապահովման, մեր երկրի պաշտպանունակության բարձրացման գործում՝ նախապատվություն տալով հիմնարար եւ կիրառական գիտությունների զարգացմանը:
Հետինդուստրիալ եւ տեղեկատվական դարաշրջանում առանձնահատուկ վերաբերմունքի է արժանի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:
Կարեւոր ենք համարում ռազմարդյունաբերական համալիրի վերակազմավորումը, ոլորտի զարգացման նպատակով որոշ գիտահետազոտական ինստիտուտների ներառումը Պաշտպանության նախարարության կառուցվածքում:
Կրթության բնագավառում քաղաքականությունը պետք է միտված լինի համակարգի ապակենտրոնացմանը, մրցակցության ապահովմանը, միջազգային չափանիշների ներդրմանը, դրական ավանդույթների պահպանմանը եւ զարգացմանը:
Պետության մշակութային քաղաքականության հիմքում պետք է լինեն պատմամշակութային արժեքների պահպանությունը եւ դրանց գովազդումը:
Առանձնահատուկ տեղ պետք է հատկացվի հայոց լեզվին՝ որպես մեր մշակութային ժառանգության հիմնասյան: Հանրակրթական դպրոցներում դասավանդվող հիմնական լեզուն պետք է լինի հայերենը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գործ ունենք հատուկ օտարերկրացիների համար բացվող կրթական հաստատությունների հետ:
Մենք պարտավորվում ենք երկրի նորացման, զարգացման հիմքում դնել մշակութային զարգացումը՝ շեշտը դնելով ոչ միայն մայրաքաղաքի եւ խոշոր քաղաքների, այլ նաեւ գյուղական բնակավայրերի վրա:
Այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ենք համարում իրականացնել հետեւյալ քայլերը՝
Գիտության ոլորտում
• Արմատական բարեփոխումներ իրականացնել ՀՀ գիտության կառավարման ու համակարգման բնագավառում եւ գիտության ֆինանսավորումը հասցնել գիտության դերը կարեւորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3%-ին: Այն իրականացնել հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2013թ. պետական բյուջեում ապահովելով ֆինանսական հատկացումներ ՀՆԱ-ի 1%-ի չափով, իսկ մինչեւ 2020-ը գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի եւ տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի: Որպես գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանման միջոց` կիրառել գիտությունում կատարված ներդրումների կրկնապատիկի չափով շահութահարկի նվազեցում:
• Համապատասխան օրենքներում փոփոխություններ մտցնելու ճանապարհով ազատել գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումները բոլոր տեսակի հարկերից ու մաքսերից:
• Ապահովել 2000թ. ընդունված «Թոշակի անցած գիտաշխատողների հավելավճարների մասին» օրենքի կիրառումը ամբողջ ծավալով:
• Ընդունել անկախ գիտական փորձաքննության մասին օրենք:
• Գիտաշխատողների գործունեության գնահատման համար հիմք ընդունել միջազգային չափորոշիչները, այդ թվում` ազդեցության գործակից ունեցող եւ ինդեքսավորվող ամսագրերում ու ժողովածուներում տպագրված հոդվածների, դրանց հղումների, ինչպես նաեւ համապատասխան վարկանիշ ունեցող հրատարակչություններում հրապարակվող մենագրությունների քանակը:
• Բարձրագույն որակավորման հանձնաժողովի վերակազմավորման եւ բարեփոխման միջոցով բարելավել բարձրագույն որակավորման շնորհման մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին:
• Բյուջետային հատկացումներ նախատեսել գիտական սարքավորումներ, համակարգչային տեխնիկա, այլ պարագաներ ձեռք բերելու, բուհերը դասավանդման ժամանակակից տեխնիկական միջոցներով արդիականացնելու, գիտահետազոտական հաստատությունները տեխնիկապես վերազինելու համար:
• ՀՀ հիմնարար գրադարանները հագեցնել ուսումնական, գիտական եւ գիտամեթոդական անհրաժեշտ գրականությամբ, ձեւավորել գրադարանների տեղեկատվական զինանոցի համացանց:
• Մասնագիտական հիմնարկներից եւ բուհերից երիտասարդ, տաղանդավոր կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական, գիտական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար ստեղծել լրացուցիչ հաստիքներ` բարձր աշխատավարձով եւ պակաս ծանրաբեռնվածությամբ, կրկնապատկել ասպիրանտուրայի տեղերը, դրանք հնարավորինս համաչափ բաշխել ըստ մասնագիտությունների:
• Խթանել գիտություն-արտադրություն կապը, պետական եւ մասնավոր ֆինանսական ու նյութական միջոցների ներգրավմամբ աշխուժացնել տեխնոպարկերի եւ տեխնոպոլիսների ձեւավորումը՝ նրանց նկատմամբ կիրառելով արտոնյալ հարկային համակարգ եւ վերացնելով ներմուծվող տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ կիրառվող ավելացված արժեքի հարկը:
• Առավել ակտիվ համագործակցություն հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանի գիտական հաստատությունների միջեւ` փորձելով Հայաստանում արտադրել թանկ եւ գիտատար ներդրում պահանջող այնպիսի զինատեսակներ, որոնք այժմ ներկրվում են արտասահմանից, այսինքն` կտրուկ ավելացնել հայրենի գիտությանն իջեցվող ռազմական պատվերների ծավալը: Սա համարում ենք նաեւ արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության ամրապնդման խիստ հեռանկարային ուղղություն:
• ՏՏ ոլորտում (ներառյալ ինտերնետ-տիրույթը) ծավալվող ցանկացած ձեռնարկատիրական գործունեություն, բացի համացանցում շահումով խաղերից, 4 տարով ազատել ԱԱՀ-ից եւ շահութահարկից:
• Գրահրատարակչության ոլորտը լիովին ազատել ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից:
Կրթության ոլորտում
• «Հանրակրթության մասին» օրենքում կատարել փոփոխություններ ու լրացումներ, որոնք կապահովեն պետության կողմից վավերացված «Կրթություն բոլորի համար» միջազգային կոնվենցիայով ստանձնած քաղաքականությունը:
• ՀՀ պետական բյուջեում կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 5,5%-ին:
• Հասարակական գիտակցության մեջ վերականգնել ուսուցչի երբեմնի պատիվն ու բարի համբավը` էապես վերանայելով նրա աշխատավարձը, որը կնպաստի հանրակրթության մեջ տղամարդ ուսուցիչների թվի ավելացմանը։
• Ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության (դրույք) 18-ժամյա չափանիշը, որն ուսուցչին հնարավորություն կտա զբաղվել ինքնակրթությամբ:
• Ավագ դպրոցների լաբորատորիաները, արհեստանոցները վերազինել արդի սարքավորումներով, փորձանյութերով, ուսումնադիտողական պարագաներով, ընդլայնել դպրոցների նյութատեխնիկական բազան բյուջետային հատկացումների միջոցով:
• Առանց բացառության ապահովել բոլոր ավագ դպրոցների ուսուցիչների պատշաճ կրթական մակարդակն ու աշխատավարձի 20% հավելավճարը:
• Պլանավորված ու ծրագրված եղանակով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում ավելացնել առավել վատթար վիճակում գտնվող դպրոցների ֆինանսավորումը եւ 5-ամյա ժամկետում լուծել բոլոր կրթական հաստատությունների, դպրոցների հիմնանորոգումը, այդ թվում՝ մասնավոր ներդրումների խրախուսման ճանապարհով:
• Համալրել դպրոցական գրադարանային ֆոնդերը, ստեղծել էլեկտրոնային գրադարաններ` դրանք ապահովելով ժամանակակից տեխնիկական միջոցներով, տեղեկատվական ու համակարգչային սարքավորումներով, համացանցային կապով:
• Մանկավարժական բուհերում արմատապես բարեփոխել կրթության որակն ու մակարդակը` դպրոցը որակյալ ուսուցիչներով ապահովելու համար:
• Ապակուսակցականացնել բուհերի կառավարման խորհուրդներն ու բացառել բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ` ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի եւ այլոց նշանակումը բուհերի խորհրդի նախագահի պաշտոնում:
• Գնահատման համակարգը բուհերում եւ հանրակրթական հաստատություններում դարձնել պատճառաբանված ու թափանցիկ:
• ՊՈԱԿ-ի մասին օրենքում առաջարկել փոփոխություն, որով ուսումնական հաստատությունների կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի նախագահի հետ, ինչպես սահմանված է ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքով:
• Վերանայել ներառական կրթության ֆինանսավորումը:
• Դպրոցների տնօրենների համար նախատեսել վարչական տույժեր օրենքով արգելվող քայլերի, մասնավորապես օրենքով արգելվող կրոնական ու քաղաքական քարոզչության իրականացման համար:
• Ուսումնական հաստատության կողմից մրցութային հիմունքներով պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման ապագա կարգում ապահովել մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Նախատեսել լրացուցիչ ֆինանսավորման արդյունավետությունը չափող գործիքակազմը:
• «Լեզվի մասին», «Հանրակրթության մասին» օրենքներում առավել հստակեցնել այլընտրանքային, հեղինակային, փորձարարական ծրագրերի սահմանումները` բացառելով օտարալեզու կրթական հաստատությունների հիմնումը, հանրակրթական, միջին մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանել օտար լեզուների որակյալ ուսուցանումը:
• «Հանրակրթության մասին» օրենքում վերականգնել դասագրքերի ստեղծման փորձաշրջանը. ծրագրի «Ծրագրամեթոդական ապահովումը եւ ուսումնանյութական բազան» վերնագրի տակ ափսոսանք է հայտնվում, որ դասագրքերը ստեղծվում են շատ կարճ ժամանակամիջոցում, ինչը հնարավորություն չի տալիս լրջորեն փորձարկելու, խմբագրելու դրանց բովանդակությունը:
• «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսել փոփոխություններ, որոնցով պետության կողմից կապահովվի երեխայի կրթության իրավունքը` անկախ հանրակրթական ուսումնական հաստատության կազմակերպական-իրավական ձեւից, եւ ոչ պետական ուսումնական հաստատություններն ազատել շահութահարկից:
• Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական հաստատություններում ուսանող կարիքավոր ուսանողների համար արտոնյալ կրթական վարկերի տրամադրման օրենսդրական մեխանիզմների ամրագրում, այդ նպատակով փոփոխություններ առաջարկել «Վարկային կազմակերպությունների մասին» եւ համապատասխան օրենքներում:
• Բուհերում վերականգնել ռազմական ամբիոնները` սպայական կազմի պատրաստման համար խիստ օգտակար մրցակցային դաշտ ստեղծելու հեռանկարով:
• Մշակել եւ ներդնել մեխանիզմներ, որոնք առավել շնորհալի ուսանողներին թույլ կտան իրենց ծառայությունը զինված ուժերում անցկացնել այնպիսի զորամիավորումներում կամ ռազմական արդյունաբերության գիտատար ոլորտներում, ուր հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել նրանց գիտելիքները` հայկական բանակն առավել հզորացնելու ուղղությամբ: Բարելավել բարձրագույն կրթություն ստացած անձանց պարտադիր զինվորական ծառայության արդյունավետությունը:
• Պակասեցնել կրթության ոլորտում հարկային բեռը` միաժամանակ խստացնելով բոլոր բուհերի հանդեպ կիրառվող այն չափորոշիչները, որոնք վերաբերում են արդիական նյութատեխնիկական բազայով ապահովվածությանը, նորագույն արտասահմանյան գիտակրթական մեթոդաբանության ձեռքբերմանն ու ներդրմանը, դասախոսների վերապատրաստմանը, կրթության որակի ապահովմանն ուղղված այլ ցուցանիշներին: Կրթության բնագավառում հարկային բեռի թեթեւացման արդյունքում բուհերում մնացող հավելյալ ֆինանսական միջոցներն ուղղել գիտակրթական գործընթացի զարգացմանը, կրթության որակի բարձրացմանը:
Մշակույթի ոլորտում
• Օրենսդրական պայմաններ ստեղծել մշակույթի ազատ զարգացման համար, վերանայել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» եւ այլ առնչվող օրենքները:
• Նկատի ունենալով Հայաստանի պարբերական մամուլի եւ գրահրատարակչության փոքր տպաքանակներն ու ցածր շահութաբերությունը, ինչպեսեւ Հայաստանում բնակվող մյուս ազգությունների մշակույթի զարգացման անհրաժեշտությունը՝ պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ազատել ավելացված արժեքի հարկից:
• Պետական համապատասխան նոր կառույցի միջոցով խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային առնչությունները, միաժամանակ ընդարձակել եւ ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը: Հայաստանի բոլոր դեսպանատներում ստեղծել մշակութային կցորդի ինստիտուտ:
• Վերականգնել եւ արդիականացնել համայնքային, առավելապես գյուղական բնակավայրերի մշակույթի տների համակարգը` դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող կենտրոններ եւ ապահովել դրանց լիարժեք գործունեությունը:
• Իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը եւ արտերկրում դրա քարոզմանն (այդ թվում` համացանցով) ուղղված համալիր ծրագրեր:
• Ապահովել մշակութային, կրթական եւ գիտական կյանքի ապակենտրոնացումը մայրաքաղաքից դուրս գտնվող օջախներում, խրախուսել նորերի ստեղծման նախաձեռնությունները, մեծացնել մշակութային հաստատությունների նկատմամբ պետական հոգածությունը:
11. Դատաիրավական համակարգ
Համոզված ենք, որ միայն օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների լիարժեք իրացման միջոցով է հնարավոր կառուցել իրավական պետություն:
Դատաիրավական համակարգի անկախության եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակին հասնելու, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու լավագույն մեխանիզմն իշխանական ճյուղերի տարանջատումն է, տնտեսաքաղաքական հարաբերությունների ապամենաշնորհացումը եւ ընտրական լեգիտիմ համակարգի առկայությունը, որը կկատարվի նոր Սահմանադրությամբ:
Դաշինքը պարտավորվում է համակողմանիորեն պաշտպանել մարդու իրավունքները, ապահովել նրա անվտանգությունը, երաշխավորել սեփականության իրավունքը:
Անհրաժեշտ ենք համարում
• Իրականացնել ոստիկանության արմատական բարեփոխումներ` ապահովելով արհեստավարժ եւ օրինապահ ծառայողների նյութական ու աստիճանակարգային խրախուսումը, համակարգի արդիականացումը եւ վերապատրաստումը ժողովրդավարական երկրների չափանիշներով:
• ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից կարգուկանոնի պահպանումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումն իրականացնել միմիայն պետական-պաշտոնական գործառույթների շրջանակներում` բացառելով այդ կառույցի ներուժի օգտագործումը քաղաքական, կուսակցական նեղ շահախնդրությունների, ինչպես նաեւ քաղաքացիների հետապնդումների, գաղտնալսումների եւ ոչ վայելուչ այլ միջամտությունների համար:
12. Քաղաքացիական հասարակություն
Դաշինքի հիմնական նպատակներից են հանդիսանում քաղաքացիական հասարակության կայացումը եւ զարգացումը: Պետք է երաշխավորվի քաղաքացիական հասարակության ազատ եւ անկաշկանդ գործունեությունը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին պետությունը պետք է ընկալի առաջին հերթին որպես գործընկեր, այլ ոչ որպես հակառակ ճամբարի ներկայացուցիչ։
Անհրաժեշտ ենք համարում անկախ հիմնադրամների ստեղծումը, որոնք կաջակցեն քաղաքացիական հասարակության շրջանակներին, հնարավորություն կտան ամենատարբեր ոլորտներում ուսումնասիրություններ, հետազոտություններ անցկացնել, արդյունավետ գործունեություն իրականացնել։
Մենք համոզված ենք, որ իրական քաղաքացիական հասարակությունը լիարժեքորեն կարող է ձեւավորվել մրցակցային տնտեսաքաղաքական միջավայրի եւ ազատական հասարակական հարաբերությունների հաստատման արդյունքում:
Քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից են կուսակցությունները, որոնք քաղաքացիական արժեքներով առաջնորդվող ապակուսակցական հանրային ակտիվ շերտերի ամենաբնական դաշնակիցներն են:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ակտիվորեն համագործակցելու է քաղաքացիական հասարակության հետ՝ միաժամանակ նպաստելով դրա զարգացմանը:
Մենք համոզված ենք, որ քաղաքական դաշտի բնականոն սերնդափոխությունը հնարավոր է քաղաքացիական հասարակության հետ ակտիվ գործակցության արդյունքում:
13. Երիտասարդությունը, սպորտը եւ պետության առաջընթացը
Երիտասարդները և նրանց գործունեությունը պետության զարգացման գրավականներից են:
Մենք անելու ենք հնարավորը, որ երիտասարդները սովորեն, ընտանիք կազմեն եւ աշխատեն Հայաստանում:
Մենք ամեն ինչ անելու ենք, որ արտերկրում ուսումը շարունակելուց հետո երիտասարդները վերադառնան եւ իրենց գիտելիքները ներդնեն պետության կայացման գործում:
Երիտասարդության ներքին ազատությունը եւ նախաձեռնողականությունը մեր երկրի շարժիչը պետք է լինեն։
Անհրաժեշտ ենք համարում աջակցել տաղանդավոր աշակերտներին եւ ուսանողներին, որպեսզի նրանք կարողանան ուսում ստանալ միջազգային առաջատար կրթական հաստատություններում՝ Հայաստան վերադառնալու եւ իրենց գիտելիքներն այստեղ օգտագործելու նպատակով:
Հանրային կյանքի բոլոր ոլորտներում պետք է լինի մրցակցային հիմքով բնական սերնդափոխություն: Համոզված ենք, որ մտածողության հեղափոխությունը մեր երկրին հնարավորություն կտա կտրուկ վերելք արձանագրել:
Երիտասարդության եւ սպորտի ոլորտում անհրաժեշտ ենք համարում կատարել հետեւյալ քայլերը՝
• Ուսման եւ գիտական գործունեության մեջ հաջողությունների համար խրախուսման միջոցների ու անվանական կրթաթոշակների համակարգի ընդլայնում, սոցիալապես անապահով եւ գերազանցիկ ուսանողների համար էական զեղչերի կիրառում, կրթություն ստանալու համար պետական վարկավորման համակարգերի ներդրում:
• Արտասահմանյան բարձրակարգ ուսումնական կենտրոններում այն հայ երիտասարդների կրթության խթանում, ովքեր պատրաստակամ են ուսում ստանալուց հետո վերադառնալ հայրենիք եւ ձեռք բերած գիտելիքներն ի սպաս դնել նրա բարգավաճմանը:
• Պետության լայն աջակցությամբ գյուղաբնակ եւ, առաջին հերթին, սահմանամերձ ու բարձրլեռնային գյուղերի երիտասարդության զբաղվածության հարցի կարգավորում, գյուղական եւ քաղաքային բնակավայրերում մշակույթի ու մարզական շինությունների, խաղահրապարակների, հանգստի ու ժամանցի գոտիների վերանորոգում, նորերի կառուցում:
• Գյուղական երիտասարդների համար բուհեր ընդունվելու արտոնյալ պայմանների ստեղծում` ավարտելուց հետո գյուղ վերադառնալու պայմանագրային երաշխիքներով:
• Երիտասարդների համար, ըստ հետաքրքրության, բազմաբնույթ ակումբների ստեղծում համայնքային ֆինանսավորման ճանապարհով:
• Ուսանողական հանրակացարանների վերանորոգում, դրանց բնակկենցաղային պայմանների բարելավում:
• Բավարար օժանդակություն երիտասարդ ընտանիքներին` ներառյալ արտոնյալ ու մատչելի բնակարանային հիփոթեքային վարկերի տրամադրումը:
• Զբոսաշրջության երիտասարդական կենտրոնների ստեղծում:
• Բարենպաստ պայմաններ երիտասարդ ձեռներեցների ու գիտնականների աշխատանքային, ստեղծագործական ունակությունների զարգացման եւ դրսեւորման հնարավորությունների ընդլայնման համար:
• Մարզական ակումբների ցանցի ընդլայնման խրախուսում` մարմնամարզության գործունեության կազմակերպման մասով ձեռնարկությունների` ԱԱՀ-ից եւ շահութահարկից ազատման միջոցով:
• Մարզական քաղաքականությունը խթանելու համար բյուջետային հատկացումների ավելացում:
• Դպրոցներում եւ բուհերում մարզական, ֆիզկուլտուրային գործունեությանը նպաստող ծրագրերի իրականացում:
• Բարձրակարգ եւ հեռանկարային մարզիկների ու նրանց մարզիչների` օրենքով երաշխավորված աշխատավարձերի ապահովում եւ բարձրացում բյուջետային միջոցների հաշվին:
• Պետական գերատեսչությունների հսկողության ուժեղացում նախադպրոցական, դպրոցական եւ բուհական ֆիզիկական կուլտուրայի ծրագրերի մշակման ու կատարման նկատմամբ:
• Առողջ ապրելակերպը հանապազօրյա կենսաձեւ դարձնելուն ուղղված ծրագրերի մշակում եւ իրականացում:
• Սպորտը զարգացնելու նպատակով մարզական գիտական ներուժի օգտագործում:
• Պետական մարզադպրոցներ հաճախող նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների անվճար սպասարկում:
Պրոֆեսիոնալ սպորտում մասնավոր ներդրումների խրախուսում:
14. Ազատական տնտեսություն՝ ազատ լրատվամիջոցներ
Ազատ լրատվամիջոցները չափազանց կարեւոր դեր են կատարում երկրում քաղաքացիական արժեքների ամրապնդման հարցում:
ԶԼՄ-ն՝ որպես չորրորդ իշխանություն, զսպող դեր է կատարում թե՛ իշխանությունների, թե՛ այլ շրջանակների համար։
Ազատ լրատվամիջոցների ձեւավորման հիմքում տնտեսական ժողովրդավարությունն է:
Մինչ տնտեսական դաշտի լիարժեք առողջացումը պետք է ստեղծել լրատվամիջոցների աջակցության անկախ հիմնադրամներ։
Անհրաժեշտ է նաեւ փոփոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքները, դրանք համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին ու հեռարձակման ոլորտի բարելավմանը ներկայացվող պահանջներին` մասնավորապես լուծումներ տալով հետեւյալ սկզբունքային խնդիրներին՝ պետական հեռարձակման իրական փոխարինում հանրայինով, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմի հասարակական-քաղաքական բազմազանություն եւ դրա կողմից ընդունվող որոշումների թափանցիկություն, հեռուստառադիոընկերությունների աշխատանքը կարգավորող մարմինների անկախություն պետական կամ քաղաքական որեւէ կառույցից, հանրային հեռուստատեսությամբ առեւտրային գովազդի բացառում, օրենքով սահմանված պատժամիջոցների աստիճանական տարբերակում, հեռուստառադիոհեռարձակման կապուղիների համար մրցույթների թափանցիկություն եւ արտոնագրման չափանիշների հստակեցում:
Բարձրացնել լրագրողների սոցիալական եւ իրավական պաշտպանվածության մակարդակը, կանխել եւ բացահայտել նրանց դեմ կատարվող ոտնձգություններն ու հետապնդումները, այդ թվում` քրեական, վերացնել գրաքննությունն ու ինքնագրաքննությունը տեղեկատվական դաշտում ազատ, արհեստավարժ մրցակցության պայմաններ ստեղծելու ճանապարհով:
. . .
Մեր դաշինքը տեսնում է այն գեղեցիկ եւ զարգացած երկիրը, որի կերտումը պատրաստ է սկսել հենց այսօրվանից: Մենք, որպես հիմք, վերցրել ենք ժամանակակից եւ զարգացած երկրների փորձը, որտեղ կենտրոնում մարդն է, եւ նրա շուրջ է տեղի ունենում մնացած ամեն ինչ:
Մեր պատկերացրած երկրում յուրաքանչյուր մարդ իրեն պատասխանատու է զգում պետության զարգացման համար: Մեր պատկերացրած երկրում մարդը սովորում է, աշխատում է, զարգանում է եւ մշտապես ձգտում է ավելի լավին:
Մենք կառուցելու ենք այնպիսի երկիր, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, եւ չի լինելու մեկը, որն օրենքի առաջ «ավելի հավասար» լինի:
Մենք տեսնում ենք այն երկիրը, որտեղ գործում է արդար դատաիրավական համակարգ:
Մենք ընտրում ենք հենց այս երկիրը, քանի որ ուզում ենք ապրել, աշխատել եւ երջանիկ լինել հենց Հայաստանում:
Մենք ակնկալում ենք հանրության քվեն ու ձգտում ենք իշխանության, որ կերտենք այնպիսի երկիր, որտեղ արտագաղթի մասին որեւէ մեկը չմտածի, եւ որտեղ կլինի ներգաղթ: Մենք գիտենք այն հստակ քայլերը, որոնցից հետո հայրենադարձություն եւ ներգաղթ կսկսվի, իսկ արտագաղթը կմնա անցյալում:
Մենք ընտրությունների ենք գնում «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով եւ «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց » ծրագրով։
Սա ծրագիր է այսօրվա համար եւ ո՛չ հեռավոր ու անորոշ ապագայի։ Սա ամեն օր մեր կյանքը դեպի լավը փոխելու ծրագիր է։ Սա կոնկրետ քայլերի ու շոշափելի փոփոխությունների ծրագիր է, որն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ են միայն ձեր հավանությունն ու աջակցությունը»։