Գորիսի ոստիկանապետի կողմից Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ներկայացող երիտասարդին ծեծի ենթարկելու գործը նոր երանգներ է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ներկայացող Էդմոն Խաչատրյանին ծեծի ենթարկելու մասով:

Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Գորիս քաղաքի բնաչուհի Լուիզա Ա.-ն 27.02.2017թ.-ին ոստիկանությանն ահազանգել էր այն մասին, որ որդին` Էդմոն Ա.-ն, ոստիկանության պաշտոնյայի կողմից ծեծի ենթարկվելու պատճառով մարմնական վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:

Հաջորդ օրը դեպքի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում հաղորդում է տվել նաև Էդմոն Ա.-ն` հայտնելով, որ 27.02.2017թ.-ին իրեն ծեծի է ենթարկել ոստիկանության Գորիսի բաժնի պետը` իր իսկ աշխատասենյակում` փորձելով այդ կերպ քաղաքացուն «պատժել» նույն բաժնի աշխատակցուհուն զանգահարելու և անհանգստացնելու համար: Բացի այդ, պաշտոնյան Էդմոն Ա.-ին հայհոյել և սպառնացել է վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցել, եթե նա երկու օրվա ընթացքում քաղաքից չհեռանա:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն»:

Հիշեցնենք, որ երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ նշված երիտասարդն իր եղբորորդին չէ. «Ղալաթ ա անում»,- ասել է նախկին մարզպետը:




Լրահոս