Այսօր Երևանում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռուս հայտնի հեռուստահաղորդավար, «Նախագահ» (2015), «Աշխարհակարգ» վավերագրական ֆիլմերի հեղինակ, ռուսական «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար, գրող Վլադիմիր Սոլովյովն անդրադարձավ ապրիլյան պատերազմի պատճառներին և ԼՂ հակամարտությանը։
Վերջինս նշեց, որ ՀՀ դիվանագիտության ոչ բոլոր հնարավորություններն են դեռևս գործի դրվում:
«Ո՞վ է Ռուսաստանում ՀՀ դեսպանը, ո՞վ, Դուք նրան գիտե՞ք։ Ի պաշտոնե՝ գուցե գիտեք, իսկ ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է։ Ես մի բան չեմ հասկանում։ Նայեք, թե որքան էթնիկ հայեր կան ՌԴ Պետդումայում՝ սենատորներ, երբ սկսվեցին ապրիլյան իրադարձությունները, որտե՞ղ էին նրանք, ինչո՞ւ Պետդումայում լսումներ չնախաձեռնեցին, որտե՞ղ էր դեսպանն ու նրա գործունեությունը, որտե՞ղ էր այն անձանց ակտիվությունը, որոնք պետք է ոտքի կանգնեին և ասեին. «ահա սրանք են մեր հետաքրքրությունները, և այլն, և այլն»»,-ասաց նա։
Ըստ նրա` այդ օրերին դեսպանը պետք է լիներ ամենուր :
Վլադիմիր Սոլովյովն անդրադառնալով ապրիլյան զարգացումների պատճառներին՝ ակնարկեց, որ Ադրբեջանի իշխանություններին էր անհրաժեշտ ինչ-որ բան անել, քանի որ ադրբեջանական կողմն է հողեր պահանջող կողմը, ուստի պետք էր նաև այդ ուղղությամբ ինչ-որ բան անել։
«Հասկանալի է, որ նրանց նաև տաքացրեցին, հասկանալի է, որ դա երկրորդական խաղ էր, իրականում պետք էր Ռուսաստանին ներգրավել այդ ամենում, մենք այդ ամենը հաշվարկում ենք, մենք հասկանում ենք, որ խնդիրը հետևյալն է՝ մենք կտրուկ շարժում կանենք և ամբողջությամբ կկորցնենք հարաբերությունները կամ Հայաստանի հետ, որովհետև միանգամից հայտնվում են բարի հ/կ-ները, որոնք հայտարարում են, թե՝ որտե՞ղ եք, ռուսներ, ի՞նչ եք անում, ոչինչ էլ չեք անում, մեզ պետք չեք, եղել են, չէ՞, եղել են, կամ էլ նույն բանն Ադրբեջանից են ասելու, և ի՞նչ՝ Ռուսաստանը ստանում է ծանրագույն իրավիճակ իր սահմանների մոտ»,-ընդգծեց հեռուստահաղորդավարը։