«ԵԼՔ» դաշինքի` պատգամավորի թեկնածու, փաստաբան Նիկոլայ Յուրիի Բաղդասարյան դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մինչև ընտրությունների օրը ընտրակաշառք բաժանող անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու խնդրանքով:
Դիմումում, մասնավորապես, նշվում է.
«Հարգելի պարոն Դավթյան.
Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր անցկացված բոլոր ընտրություններից հետո ընտրությունները հաղթահարած ուժը, որը մշտապես եղել է մինչ ընտրություններն իշխող ուժ, հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ չեն բաժանվել ընտրակաշառքներ կամ եթե նման դեպքեր եղել են, ապա դրանք եղել են եզակի: Ես համոզված եմ, որ շարքային քաղաքացին, ով անձնական շահագրգռվածություն չունի ընտրական գործընթացում, չի համաձայնվի նման տեսակետի հետ:
Մենք ականատ ես ենք եղել, թե ինչպես ընտրություններից անմիջապես առաջ կատարվել են բակերում ասֆալտապատումներ, վերանորոգվել են տանիքներ, մուտքեր և այլն, այնուհետև այդ ֆորմատը փոփոխվել է և թաղային «հեղինակություններ վայելող» անձանց միջոցով սկսվել է նաև կոնկրետ անձանց բաժանվել գումարներ: Վերը թվարկված բոլոր գործողությունները հանդիսանում են հանցագործություն:
Իշխանություն չկազմող կուսակցությունները, ընդդիմադիր քաղաքական գործիչները, ԶԼՄ-ները, իրավապաշտպանները փորձել են և ներկայիս ընտրություններին ևս փորձում են հավաքագրել ապացույցներ, սակայն որպես բազմաթիվ տարիների փորձ ունեցող իրավաբան հասկանում եք, որ կամավորության կարգով որևէ մեկը նման հայտարարություն չի տա:
Ընդդիմադիր քաղաքական գործիչները փորձում են անգամ պարզաբանել, թե ինչպես կարելի է կաշառքը վերցնելուց հետո չընտրել այն ուժին կամ անձին, ումից ստացել են կաշառք, բայց ինքներդ հասկանում եք, որ մարդը, ով ստացել է կաշառք, կընտրի այն թեկնածուին, ում համար իրեն վճարել են:
Այս իրավիճակում միակ լուծումը կարծում եմ մինչև ընտրությունների օրը ընտրակաշառք բաժանող անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելն է: Այս քայլը կփոխի Հայաստանի պատմությունը:
Ձեզ եմ ներկայացնում իմ դիմումը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրակաշառք բաժանելու փաստի առիթով) քրեական գործ հարուցելու վերաբերյալ»: