Արցախի վարչապետը նոր բացահայտումներ է անում անորակ դիզվառելիքի վերաբերյալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, թե այդ օրերին ռազմական տեխնիկան շատ դեպքերում չի աշխատել անորակ վառելիքի պատճառով, նոր բացահայտումների առիթ է դարձել: Պարզվում է՝ տարիներ շարունակ Հայաստան եւ ԼՂՀ անորակ վառելիք է ներկրվել, ինչն էլ հանգեցրել է ոչ միայն ռազմական տեխնիկայի, այլեւ գյուղտեխնիկայի, տրանսպորտային միջոցների խափանումների:

Այս խնդիրը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բարձրաձայնել է նաեւ Արցախի վարչապետ Արա Հարությունյանը. «Իրականում անորակ դիզվառելիքի խնդիրը նոր չէ Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում: Իմ տեղեկություններով՝ տարիներ շարունակ շուկայում առկա է անորակ դիզվառելիք, որն օգտագործվում է թե՛ գյուղտեխնիկայի, թե՛ տրանսպորտային միջոցների եւ թե՛ համապատասխան այլ մեքենաների կողմից: Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերին, ապա կարող եմ փաստել, որ այդ ժամանակ եւ հաջորդող ամիսներին պաշտպանության բանակի համար աշխատող շինարարական մասնավոր ընկերությունները բազմաթիվ խնդիրներ են ունեցել վառելիքի հետ, քանի որ այն արագ կարգով ձեռք է բերել կառավարությունը մասնավոր մատակարարներից:

Նույնիսկ մեր կողմից բանակին տրամադրվող տրանսպորտային միջոցների սպասարկման հետ են որոշ խնդիրներ ծագել, որոնք, ըստ մասնագետների, մասամբ պայմանավորված էին անորակ դիզվառելիքով: Այդ խնդիրների պատճառով ոչ միայն տեխնիկական միջոցներն են փչացել, այլ նաեւ ձգձգումներ են եղել ինժեներական աշխատանքներում: Պետք է հասկանալ, որ եթե շուկայում առկա է անորակ ապրանք, հատկապես արտակարգ իրավիճակներում եւ հապշտապ գնումների պարագայում նմանատիպ խնդիրները բացառված չեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Արցախի վարչապետ Ա. Հարությունյանը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս