«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավը սկսեց «Դինամո» մարզադաշտում ՀՀԿ-ականների հետ հանդիպմամբ, որն, ի դեպ, լրագրողների համար փակ է եղել: Այդ հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը, հնչել է երգ-երաժշտություն, ծափ ու ծիծաղ: Այս անգամ չեն եղել փուչիկներ՝ երեւի ԱԺ նախորդ ընտրությունների փուչիկների հրդեհի տխուր օրինակը հաշվի առնելով:
«Ժողովուրդ»-ին ՀՀԿ քարոզարշավի ծրագրից մանրամասներ հայտնի դարձան. ըստ այդմ, Սերժ Սարգսյանը չի մասնակցի նախընտրական հանդիպումներին. նա կհայտնվի մեկ էլ վերջին օրը, եւ Համալիրում կայանալիք քարոզարշավի վերջին օրը «կփակի»: Փոխարենը ակտիվ կլինի վարչապետը, թեեւ նա ընդգրկված չէ ՀՀԿ ցուցակում: Համամասնական ցուցակի առաջին եռյակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը արձակուրդ չեն մեկնի, այլ կշարունակեն պաշտոնավարումը. այդպես է կարգադրել վարչապետը: Քարոզչական հանդիպումներն էլ, ըստ այդմ, կանցկացվեն աշխատանքային օրվա ավարտից հետո եւ շաբաթ-կիրակի օրերին»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: