«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետդեպարտամենտը Մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցում անդրադարձել է նաեւ Հայաստանում տիրող իրավիճակին: Հատկանշական է այն փաստը, որ պետդեպարտամենտը 2016թ. մասին զեկույցում հիշեցրել է Հայաստանում նախկինում կեղծված ընտրությունները՝ բավական ուշագրավ համատեքստում: «Քաղաքական դաշտում գերակայող դիրք ունեն նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա առաջնորդած ՀՀԿ-ն:
2013 թվականի նախագահական եւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները, 2015-ի սահմանադրական հանրաքվեն վարչարարության առումով լավ կազմակերպված էին, բայց գրանցված լուրջ խախտումները կասկածի տակ են առնում ընտրական գործընթացի ամբողջականությունը… Իշխանության կողմից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկել 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած բախումներում տեղի ունեցած 10-ը սպանությունների համար»,- նշված է ԱՄՆ պետդեպի զեկույցում: Այլ կերպ ասած, ԱՄՆ պետդեպարտամենտը վերհանել է Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը՝ անուղղակի կերպով հիշեցնելով նրան, որ ընտրվել է կեղծիքների միջոցով: Եւ հատկանշական է, որ սա արվել է ՀՀ-ում ԱԺ ընտրությունների նախաշեմին»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: