Ղրղզստանի նախագահն ընդունել է Կարեն Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

Ղրղզստանի նախագահը, ողջունելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակներին Բիշքեկում, նշել է, որ այն արդյունավետ հարթակ է ԵԱՏՄ անդամ երկրների միջև երկխոսության զարգացման, ինտեգրացիայի խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: Ալմազբեկ Աթամբաևը վստահեցրել է, որ ԵԱՏՄ մարմիններում 2017 թ. նախագահության շրջանակում Ղրղզստանը կներդնի առավելագույն ջանքերը՝ նշված ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարական պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի նախագահին ջերմ ընդունելության և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ այս նիստով մեկնարկում են ԵԱՏՄ-ում Ղրղզստանի նախագահության շրջանում նախատեսված միջոցառումները, որոնք կխթանեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացումը:

Հանդիպմանը քննարկվել են ԵԱՏՄ օրակարգում գտնվող մի շարք հարցեր:




Լրահոս