«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները դեղորայք, թմրանյութ և բջջային հեռախոսներ են վաճառել, կաշառք են վերցրել և խոշտանգել կալանավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, խոշտանգման և ազատազրկման վայրում թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերի մասին նույն հիմնարկի կալանավոր Հրաչյա Գ.-ի` 29.12.2016թ.-ին և 16.02.2017թ.-ին տված հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է երկու քրեական գործ, որոնք, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված, միացվել և քննվում են մեկ վարույթում:

Մասնավորապես, Հրաչյա Գ.-ն հաղորդումներ է տվել այն մասին, որ տարիներ շարունակ իր օգտին գործողություններ կատարելու համար պարբերաբար առանձնապես խոշոր չափերով գումարներ է տվել«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց, նաև հայտնել է, որ այդ հիմնարկի աշխատակիցներն իր օգտագործման համար ապօրինի կերպով տարբեր տեսակի թմրամիջոցներ են տեղափոխել ՔԿՀ, իսկ այնտեղի համար նախատեսված դեղորայքը դատապարտյալներին տալու փոխարեն վաճառել են:

Բացի այդ, Հրաչյա Գ.-ն տեղեկություններ է հայտնել այն մասին, որ դիմումներ գրելու համար ՔԿՀ պաշտոնյաներն իր նկատմամբ բռնություն են կիրառել, դատապարտյալներին տեսակցություն թույլատրելու համար 30.000-ից մինչև 50.000 ՀՀ դրամի կաշառք են վերցրել և բջջային հեռախոսներ վաճառել:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշտանգման, ազատազրկման վայրում թմրամիջոցներ ապօրինի իրացնելու վերը նշված դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի տարբեր մասերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին, 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս