ՖՈՏՈ. Իշխանությունների ստերի շարանը շարունակվում է. ՀՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է: ԱԺ ընտրությունների մասնակից ուժերը կիրակի օրվանից սկսեցին ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, անցկացնել առաջին հանդիպումները:
Հատկանշական է, որ 9 քաղաքական ուժերից միայն իշխող ՀՀԿ-ի նախընտրական միջոցառումն էր լրատվամիջոցների համար փակ: ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հավաքվել էին «Դինամո» մարզադաշտում, եւ երեկոյան արդեն տարածվեց հանդիպման տեսագրությունը. ծափ ու ծիծաղ, երգ-երաժշտություն, հետո ելույթ էին ունեցել Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը:

Եթե անկեղծ, ապա ՀՀԿ առաջնորդների ելույթներում չկար որեւէ արտառոց բան: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն ԱԺ ընտրությունները որակել է բացառիկ կարեւորություն ունեցող եւ հավելել. «Ամենակարեւորը մեր քաղաքացիների վստահությունն է արդյունքների նկատմամբ: Մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրություններ, որ որեւէ մեկի մեջ կասկածներ չառաջանան ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ: Օրենքի տառին եւ ոգուն համապատասխանող ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա»,- ասել է նա: Իհարկե, ազատ եւ արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ խոսել է: Նախկին բոլոր ընտրություններից առաջ նա խոստացել է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել, բայց արի ու տես, որ երբեք այդ խոստումը չեն պահել, եւ ամեն անգամ ընտրությունների օրը քվեարկության արդյունքները կեղծվել են ամենալկտի ձեւերով:

Քանի որ ՀՀԿ նախընտրական կարգախոսն է «Անվտանգություն եւ առաջընթաց», Ս. Սարգսյանն իր ելույթի մի հատվածն էլ նվիրել է հենց անվտանգության թեմային: «Չկա ավելի կարեւոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է: Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է ուղղել, բայց անվտանգության հարցում չկան մանրուքներ, եւ յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի եւ Արցախի հուսալի անվտանգությունը»,- ասել է նա:

Միայն թե այս դեպքում էլ արձանագրենք՝ երկրի անվտանգության մասին խոսում է մի մարդ, ում պաշտոնավարման տարիներին արտագաղթը միայն ավելացել է, ու հիմա Հայաստանի ազգային անվտանգության համար այն դարձել է լրջագույն սպառնալիք: Անվտանգության մասին խոսել է մի մարդ, որի նախագահության ժամանակ տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, արդյունքում եղան ավելի քան 100 զոհ եւ 800 հեկտար տարածքի կորուստ: Եւ այսքանից հետո ինչպե՞ս են Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած ՀՀԿ-ն ապահովելու Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, մնում է միայն ենթադրել:
Կարեն Կարապետյանն էլ խոսել է իրենց նախընտրական ծրագրի մասին. «Անկեղծ պետք է ասեմ, որ մեր նախընտրական ծրագրով որեւէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չենք դրել, պոպուլիստական հայտարարությունների չենք գնացել։ Ներկայացրել ենք կոնկրետ ծրագիր, որի հիմքում Հայաստանի ապագայի եւ ժողովրդի անվտանգության պատասխանատվությունն է»,- ասել է Կարապետյանը։

Միայն թե ՀՀԿ նախընտրական ծրագրին ծանոթանալով՝ միանգամայն հակառակ տպավորությունն է ստեղծվում. այն ավելի շատ հիշեցնում է գեղեցիկ խոստումների, բարի ցանկությունների մատյան առանց կոնկրետ ցուցանիշների եւ արդյունքների: Դեռ ավելին՝ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում խոստացել է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք գնալով խորացել ու արմատավորվել են նույն ՀՀԿ իշխանավարման տարիներին: Ու տպավորություն է, թե իշխող ուժն ինքն իր դեմ է դուրս եկել կամ էլ որեւէ ընդդիմադիր կուսակցության ծրագիր է սեփականաշնորհել:
«Հայաստանի ամենամեծ «բնական պաշարը», ամենամեծ արժեքը ՄԱՐԴՆ է: Իշխանությունը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որտեղ ցանկացած մարդ կարողանա բացահայտել եւ իրացնել իր ողջ ներուժը»,- նշված է ՀՀԿ ծրագրում: Թե ինչպես են ՀՀԿ-ական իշխանություններն այսօր վարվում այդ ռեսուրսի՝ ՄԱՐԴՈՒ հետ, հայտնի է ամենքին. նրանք տարիներ շարունակ արհամարհել են այդ մարդու կարծիքը, ոտնահարել նրա իրավունքները՝ ստիպելով լքել Հայաստանը: «Մեր նպատակն է. ցածր վարկանիշ ունեցող դատական համակարգից անցում դեպի արդար, վստահելի եւ արդյունավետ դատական համակարգ»,- խոստացել է ՀՀԿ-ն, որի պաշտոնավարման այս տարիներին դատական համակարգը դարձել է գործող իշխանությունների խամաճիկը, իսկ աղմկահարույց գործերով որոշումները թելադրվում են հենց Բաղրամյան 26-ից: Ու հիմա երբ ՀՀԿ-ն խոսում է արդարադատությունից, մեղմ ասած, ծիծաղելի է հնչում:

«Մեր նպատակն է կայացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ, որը թույլ կտա արդյունավետ կանխարգելել մեր առաջընթացն արգելակող այդ քաղցկեղը եւ ապահովել կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը»,- նշված է ՀՀԿ ծրագրում: Հայաստանում կոռուպցիան է՛լ ավելի է խորացել ու արմատավորվել ՀՀԿ իշխանության տարիներին. այդ մասին են վկայում հակակոռուպցիոն միջազգային կառույցները, որոնց գնահատականներով Հայաստանը գնալով թաղվում է համակարգային կոռուպցիայի մեջ: Ու այս իրավիճակում, մեղմ ասած, անհավատալի են կոռուպցիայի դեմ պայքարի մասին ՀՀԿ խոստումները: ՀՀԿ-ն նաեւ խոստացել է. «Տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովում ու հովանավորչության վերացում», «ՓՄՁ-ների նախաձեռնությունները կենսունակ բիզնես-ծրագրեր դարձնելու գործընթացի` արդյունավետ պետական աջակցության մեխանիզմների ստեղծում», «ներդրումների պաշտպանության եւ դրա նկատմամբ վստահության մակարդակի բարձրացում» եւ այսպես շարունակ: Եւ այս խոստումները տվել է այն կուսակցությունը, որի օրոք մենաշնորհներն արմատավորվել են ու հիմա տնտեսության զարգացման լրջագույն խոչընդոտ են դարձել, էլ չենք ասում օտարերկրյա ներդրումների ծավալների կտրուկ նվազման, այս տարիներին փոքր ու միջին բիզնեսի վերացման մասին:
Այս ամենը դեռ երկար կարելի է շարունակել: Միայն թե նշված փաստերը բավական են՝ ցույց տալու հասարակությանն այս իշխանությունների ողջ սնանկությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս