Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը շրջանցել է ամենակարևոր հարցը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ 30 կետից բաղկացած նախընտրական ծրագիրը շրջանցել է մի շատ կարեւոր թեմա. այնտեղ որեւէ խոսք չկա ԼՂ հիմնախնդրի մասին: ՀՎԿ-ն մեկ նախադասությամբ անգամ չի ներկայացրել Հայաստանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող այս հարցի լուծման իրենց տեսլականի մասին: Փոխարենը պոպուլիստական խոստումների շարան է ներկայացրել է՛լ ավանդները վերադարձնելու, է՛լ կոմունալ վարձավճարները նվազեցնելու, է՛լ հիփոթեքային վարկերն առանց կանխավճարի դարձնելու մասին:

Ի դեպ, այս կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անգամ պրոֆեսիոնալ վարձատրվող բանակի անցնելու մասին դրույթ ունի, բայց ԼՂ խնդրի մասին՝ ոչ մի խոսք: Ինչո՞ւ: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց այս կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանին, որը նշեց. «Մեր 30 կետերի մեջ արտաքին քաղաքական բաժնի հետ կապված, բնականաբար Ղարաբաղի թեման էլ կա, ընդհանրապես Հայաստանի անվտանգության թեման էլ կա»: Թե ՀՎԿ 30 կետերից ո՞ր մեկն էր նվիրված ԼՂ խնդրին, պարզ չէ. բոլոր 30 կետերը կարդալով՝ միայն մեկ անգամ հանդիպեցինք Արցախ բառին, այն էլ հետեւյալ նախադասության մեջ. «Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս