Նախօրեին վերջապես «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակեցին «Սասնա ծռեր» խմբավորման գործով կալանավորված Հաց բերող Արթուր Սարգսյանին եւ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, որ նա արդեն շուրջ 20-րդ օրն էր, ինչ հացադուլ էր հայտարարել եւ փաստորեն այն վիճակում էր, որ իր ոտքով չկարողացավ դուրս գալ ՔԿՀ-ից: Նրա հարազատները, տեսնելով շտապօգնության մեքենան, շնչակտուր վազում էին մեքենայի հետեւից՝ բղավելով` Արթո՛ւր, Արթո՛ւր, եւ փորձելով հասկանալ, թե արդյո՞ք նա ի վիճակի է գոնե որեւէ բան ասելու:
Ինչո՞ւ է ստեղծվել այս վիճակը
Հուլիսյան աղմկահարույց դեպքերի ժամանակ, երբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել էին ՊՊԾ գունդը, Արթուր Սարգսյանը իր մեքենայով սնունդ էր հասցրել գունդը պաշարած խմբավորման անդամներին, ինչպես նաեւ նեսում գտնվող ոստիկաններին: Արդյունքում, երբ օգոստոսին խմբավորման անդամները հանձնվեցին իրավապահներին, Արթուր Սարգսյանին եւս կալանավորեցին: Հինգ ամիս գտնվելով կալանքի տակ՝ 2016 թվականի դեկտեբերի 31-ին գործը վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը որոշում էր կայացրել Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել ստորագրությամբ չհեռանալու մասին.«Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա. Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»:
Սակայն մինչ Արթուր Սարգսյանը զբաղված էր իր առողջական խնդիրներով, 2017 թվականի փետրվարի 9-ին հատուկ քննչական ծառայության քննիչ, «Սասնա ծռեր» խմբավորման գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը միջնորդություն էր ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրան կալանավորեն: Դատավոր Արթուր Մկրտչյանը բավարարել էր քննիչ Հակոբյանի որոշումը եւ Հաց բերող Արթուրին կրկին կալանքի տակ վերցրին: Իսկ ի՞նչ հիմնավորմամբ նրան կալանավորեցին: Ըստ ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության՝ Ա.Սարգսյանը խախտել է իր նկատմամբ կիրառված` ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները:
Իրավապահներն ու տղայական սկզբունքները
Իհարկե, եթե Արթուր Սարգսյանը խախտել էր խափանման միջոցի պայմանները, ապա նրա այդ գործողությունների համար իրավապահները պատժիչ մեթոդների պետք է դիմեին: Սակայն նկատենք, որ գործող քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը պարտավոր էր ուսումնասիրել, թե ինչ հիմքով էին նրան ազատ արձակել: Ի վերջո, ՀՀ գլխավոր դատախազությունը նշել էր, որ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, ասել է, թե նրա մոտ հայտնաբերված հիվանդությունը անհամատեղելի էր նրա կալանքի հետ: Հաշվի առնելով այս իրավիճակը՝ անհնար էր, որ 1 ամիս 9 օրվա մեջ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը այն աստիճան վերականգնված լիներ, որ նրա խափանման միջոցը՝ կալանքը, համատեղելի լիներ առողջական վիճակի հետ: Եթե անգամ իրավապահ մարմինները ունեին այնպիսի հիմնավորումներ, որ Արթուր Սարգսյանը առողջական վիճակի հետ խնդիրներ չունի, ապա քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի՝ այս օրերի գործողությունը մեկ բան է վկայում, որ Հաց բերողին կրկին կալանքի տակ վերցնելով՝ նա «տղայական սկզբունքներով» է առաջնորդվել՝ քանի որ նա իրենց պայմաններին չի ենթարկվել: Ակնհայտ է, որ Արթուր Սարգսյանը այս ընթացքում որեւէ ագրեսիվ պահվածք չի դրսեւորել, ընդամենը սպասել է քննության ընթացքին:
Եվ այսպես` Արթուր Սարգսյանի հետ կատարվածը ցույց է տալիս մեկ բան. ամենավեհ արժեքներից ճամարտակող իշխանությունները, փաստորեն, հաստատում են, որ իրենց համար հումանիզմ ասվածը դատարկ խոսք է, եւ որ ընդամենը հաց տարած մարդու նկատմամբ կարող են գործի դրվել ամենադաժան ռեպրեսիվ մեթոդները: Ի վերջո, Ա. Սարգսյանը հաց էր տարել ոչ միայն զինված խմբի անդամներին, այլեւ ոստիկաններին եւ տարածքում գտնվող բժիշկներին:
Ո՞վ է իրավիճակի պատասխանատուն
Ակնհայտ է, որ Հայաստանի իրավապահ համակարգի ամենաբարձր ատյաններում որոշվել է, որ Արթուր Սարգսյանին պետք է ազատ արձակեն: Այսինքն՝ նրան ազատ արձակեցին քաղաքական որոշման արդյունքում: Սակայն բացի այդ՝ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի որոշումը իրավական առումով կաղ էր: Այստեղ հարց է առաջանում՝ ովքե՞ր են իրավիճակի պատասխանատուները: «Ժողովուրդ»-ը նախ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանից փորձեց պարզել՝ արդյոք դա նրա կամայական որոշումն էր, թե եղել էր կոնկրետ հրահանգ Արթուր Սարգսյանին կալանավորելու համար. ի վերջո, երկու դեպքում էլ նա սխալ որոշում է կայացրել: Մեր հարցերին ի պատասխան, սակայն, Էդիկ Հակոբյանն ընդամենն ասաց.«Մեկնաբանություններ չեմ տալիս, կներե՛ք»:
Իսկ ինչ է մտածում Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելու միջնորդությունը բավարարած Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, վերջինս նշեց, թե որոշման մեջ ամեն ինչ ներկայացված է: Ասել է, թե Արթուրը խախտել է պայմանները:
Ի դեպ, Հաց բերողի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան նրան ազատ արձակելու համար, սակայն դատավոր Կարինե Ղազարյանը չէր բավարարել միջնորդությունը: «Ժողովուրդ»-ը նաեւ դատավոր Կարինե Ղազարյանից հետաքրքրվեց, թե կատարվածում իր մեղքի բաժինը չի տեսնում: Վերջինս խիստ վրդովվեց՝ պահանջելով՝ այլեւս ինձ չանհանգստացնեք:
Եվ այսպես՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի պատճառով մեր երկիրը հերթական անգամ հայտնվեց աղմկալի պատմության մեջ, եւ հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ ՀՀ-ում մարդու իրավունքները ոտնահարված են, եւ հարցերը լուծվում են ամենեւին ոչ իրավական դաշտում:
Քնար Մանուկյան