Իրականում անորակ դիզվառելիքի խնդիրը նոր չէ Հայաստանի և Արցախի հանրապետություններում. Արայիկ Հարությունյանը` վարչապետի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝ մարտի 1-ին՝ ԱԺ-ում կառավարության անդամների եւ պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն կատարեց. նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել:
Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում ու շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով», – ասել է վարչապետը:

«Ժողովուրդ»-ը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանից փորձեց պարզել, թե ինչու են այդպիսի խնդիրներ ծագել, եւ արդյոք դրանք միայն բանակում են առկա:

-Պարո՛ն վարչապետ, օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ անորակ դիզվառելիքի պատճառով ապրիլին որոշ ռազմական տեխնիկաներ չեն աշխատել: Կբացատրե՞ք, թե ինչու են այդպիսի խնդիրներ ծագել, եւ արդյո՞ք դրանք միայն բանակում են առկա:

-Միայն ողջունելի է Կարեն Կարապետյանի անկեղծությունը եւ խնդիրների վերհանման ու լուծման պատրաստակամությունը: Իրականում անորակ դիզվառելիքի խնդիրը նոր չէ Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում: Իմ տեղեկություններով՝ տարիներ շարունակ շուկայում առկա է անորակ դիզվառելիք, որն օգտագործվում է թե՛ գյուղտեխնիկայի, թե՛ տրանսպորտային միջոցների եւ թե՛ համապատասխան այլ մեքենաների կողմից: Օրինակ՝ գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատերերը հաճախակի են դժգոհում վառելիքի որակից, քանի որ դրա պատճառով երբեմն լուրջ խնդիրներ են առաջանում հատկապես բարձրորակ ու արդի տեխնիկաների մոտ: Հետեւաբար, այն չպետք է կապել միայն բանակի հետ, բոլորն են օգտվում շուկայում եղած վառելիքից:

Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերին, ապա կարող եմ փաստել, որ այդ ժամանակ եւ հաջորդող ամիսներին պաշտպանության բանակի համար աշխատող շինարարական մասնավոր ընկերությունները բազմաթիվ խնդիրներ են ունեցել վառելիքի հետ, քանի որ այն արագ կարգով ձեռք է բերել կառավարությունը մասնավոր մատակարարներից: Նույնիսկ մեր կողմից բանակին տրամադրվող տրանսպորտային միջոցների սպասարկման հետ են որոշ խնդիրներ ծագել, որոնք, ըստ մասնագետների, մասամբ պայմանավորված էին անորակ դիզվառելիքով: Այդ խնդիրների պատճառով ոչ միայն տեխնիկական միջոցներն են փչացել, այլ նաեւ ձգձգումներ են եղել ինժեներական աշխատանքներում: Պետք է հասկանալ, որ եթե շուկայում առկա է անորակ ապրանք, հատկապես արտակարգ իրավիճակներում եւ հապշտապ գնումների պարագայում նմանատիպ խնդիրները բացառված չեն:

-Դուք այդ խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

-Այդ խնդիրն այնքան ժամանակ կլինի, որքան ժամանակ հայկական շուկայում գոյություն ունի անորակ դիզվառելիք: Դա նշանակում է, որ պետք է իսպառ բացառվի վառելիքի շուկայում անորակ ապրանքի առկայությունը, ինչի արդյունքում կբացառենք նաեւ դրա հայտնվելը սպառողների մոտ: Իսկ դրա համար սահմանային եւ ներքին վերահսկողությունը պետք է արդյունավետ աշխատի, այլապես առիթից օգտվողներ կլինեն:

-Ե՛ւ Ձեր ասածի, ե՛ւ ՀՀ վարչապետի ասած խոսքերի մեջ կա քրեական հանցանք պարունակող տարրեր. այսինքն՝ անորակ ապրանք է ապօրինի կերպով իրացվում շուկայում: Որպես գործադիրի ղեկավար, խնդրում եմ տեղեկացնել, Արցախի իրավապահ մարմինները ի՞նչ են անում այս առնչությամբ:

-Բացի փաստացի վերահսկողության խնդրից՝ ՀՀ-ում եւ Արցախում վառելիքի ստանդարտների հստակեցման խնդիր կա: Այսինքն՝ մենք դեռ իրավական դաշտի կատարելագործման կարիք ունենք, որից հետո կկարողանանք հարցը բերել իրավական հարաբերությունների ոլորտ: Բացի դրանից՝ Արցախի կառավարությունը մաքսային վերահսկողության գործիք չունի, որովհետեւ մենք ՀՀ-ից ներմուծվող ապրանքները մաքսային ստուգման չենք ենթարկում: Ամեն դեպքում, մինչեւ խնդրի վերջնական իրավական կարգավորումը, մատակարարների հետ հնարավորինս աշխատում ենք, որ բացառենք անորակ դիզվառելիքի իրացումը շուկայում:

-Բոլորիս հայտնի է, թե ով կամ ովքեր են Հայաստան ու Արցախ դիզվառելիք ներկրողները (բանակի մատակարարը կոնկրետ «Ֆլեշ» ընկերությունն է): Նրանց հետ այս ընթացքում որեւէ քննարկում կազմակերպվե՞լ է, ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել:

-Քանի որ իմ ղեկավարած մարմինը բանակի մատակարարման հարցով չի զբաղվում, չեմ կարող միանշանակ պատասխանել այդ հարցին: Սակայն համոզված եմ, որ պատկան մարմինները համապատասխան քննարկումներ ունեցել եւ ունենում են մատակարարների հետ, եթե խնդիրներ են ի հայտ գալիս:

զրուցեց Թագուհի Թովմասյանը




Լրահոս