ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՈՇՈՏՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական բախումների մեկնարկն արդեն տրված է: Ընդ որում, առավել կոշտ ու անհաշտ պայքարը ոչ թե մրցակից կուսակցությունների, այլ միեւնույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ է:

Ինչպես հայտնի է՝ նախօրեին՝ ուշ երեկոյան, մեծ ծեծկռտուք է եղել Մասիս քաղաքում. իրար են բախվել Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուների` ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները: Սա այն բանից հետո, երբ Արայիկ Գրիգորյանն իր նախընտրական շտաբը բացել է Մասիսում` հենց Մուրադյանի շտաբի կողքին: Մինչդեռ, ըստ նախնական պայմանավորվածության, Գրիգորյանը պետք է կուսակցության օգտին ձայներ հավաքի Ավշարի շրջանում, Մուրադյանը` Մասիսում:
Կատարվածն, իհարկե, միանգամայն սպասելի էր: Բազմիցս է ասվել, որ ռեյտինգային ընտրակարգի պարագայում, երբ միեւնույն կուսակցության թեկնածուները մրցելու են ոչ միայն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այլեւ իրենք իրենց մեջ, անխուսափելիորեն արձանագրվելու են լարվածության աճ ու բախումներ: Այսօր ՀՀԿ-ականներն իրենք էլ են խոստովանում, որ այս ընտրակարգի պարագայում ռեյտինգային թեկնածուների մեջ կարող են նման իրավիճակներ լինել: «Պայքարը ոչ միայն քաղաքական ուժերի մեջ է, այլեւ ներկուսակցական, նույն կուսակցության թեկնածուների մեջ, եւ բնական է, որ սա լայն հնարավորություն է տալիս»,- երեկ հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ երբ միեւնույն ընտրատարածքում թեկնածուները կոչ են անում իրենց ընտրել, նույն կուսակցության մյուս թեկնածուների կողմից դա ընկալվում է որպես իրենց դեմ ուղղված քայլ:
Թեեւ առաջին միջադեպը տեղի ունեցավ Արարատի մարզում, սակայն նման բախումներ սպասվում են նաեւ Հայաստանի մյուս բոլոր ընտրատարածքներում: Ճիշտ է՝ մինչեւ ընտրությունների մեկնարկը ՀՀԿ-ում ընտրատարածքները հստակ բաժանվել են թեկնածուների միջեւ, որոշվել է` ով որ հատվածում պետք է աշխատի: Նաեւ բոլորը նախազգուշացվել են մեկը մյուսի տարածք չմտնելու մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո Սերժ Սարգսյանը որոշել է հանդիպել ռեյտինգային թեկնածուների հետ եւ անձամբ նախազգուշացնել, որ զերծ մնան միմյանց դեմ դեմարշներ իրականացնելուց, իրար «հոշոտելուց»: Այդ հանդիպումը նախատեսված է այսօր. այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել են ՀՀԿ-ական պատգամավորները, թեեւ նաեւ նշել են, որ հանդիպման ամբողջական օրակարգից տեղյակ չեն:
Բայց անկախ այս ամենից՝ պայմանավորվածությունները խախտվում են, քանի որ ՀՀԿ-ականների մոտ մեծ է հնարավորինս շատ ձայն ստանալու, իրար ինչ-որ բան ապացուցելու գայթակղությունը: Եւ բացի այդ՝ նոր ԸՕ-ով նախկին 41 ընտրատարածքները միավորվել, դարձել են 13 հատ: Այդ միավորման հետեւանքով բարձրացել է պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ քվեների շեմը: Այսինքն` պատգամավոր դառնալու համար թեկնածուներին շատ հաճախ չի բավարարելու միայն իրենց վերապահված տարածքներից ստացած ձայները, եւ նրանք, «ուզած, թե չուզած», փորձելու են մյուս տարածքներից եւս քվեներ փախցնել:
Ու այս դեպքում չի բացառվում` որքան մոտենան ընտրությունները, այնքան լարվեն կրքերը, եւ ՀՀԿ-ականների միջեւ բախումները ոչ թե ծեծկռտուքներով ավարտվեն, այլ կրակոցներով: Մանավանդ, որ թեկնածուներից շատերի մեջ տարիներ շարունակ եղել են տարբեր հակասություններ, եւ ինչպես ցույց է տալիս փորձը՝ ամենաչնչին առիթն անգամ բավարար է, որ նրանք փորձեն հաշվեհարդար տեսնել: Էլ չենք ասում այն մասին, որ լուրջ բախումներ կարող են լինել նաեւ մյուս կուսակցությունների թեկնածուների հետ` կրկին նույն սցենարով:
Ներկուսակցական հակասությունների պատկերն ավելի է լրջանում մեկ այլ իրողության ֆոնին. իշխող ՀՀԿ-ի ընտրազանգվածն ավանդաբար նույն մարդիկ են, նույնն են նաեւ ՀՀԿ-ի օգտին «աշխատողները»: Եւ եթե նախկինում ՀՀԿ-ականներն ամեն ընտրատարածքում համախմբված պայքարում էին կուսակցության համար` աջակցելով մեծամասնականով առաջադրված մի թեկնածուի, հիմա եղած ռեսուրսը ոչ թե երկատվելու է, այլ կիսվելու է մի քանի հոգու մեջ. յուրաքանչյուրը պայքարելու է իր համար: Մի քանի մասի է բաժանվելու նաեւ վարչական ռեսուրսը, եւ այս առումով շտաբների աշխատողները հայտնվել են երկու քարի արանքում` չիմանալով ում օգտին աշխատել եւ ինչպես անել, որ մյուսներին չնեղացնեն: Ու այս դեպքում կրկին բախումները լինելու են անխուսափելի:
Հ.Գ. Ի դեպ, շատերը հակված են կարծելու, որ «իրար կռվեցնելու» մեթոդը բնորոշ է Սերժ Սարգսյանին, եւ այս իրավիճակում միակ շահողը լինելու է ՀՀԿ-ն եւ անձամբ Սերժ Սարգսյանը. չէ՞ որ թեկնածուների հավաքած ձայները գնալու են կուսակցության օգտին:
Մինչ այդ, ՀՀԿ ներսում տիրող մթնոլորտը հիշեցնում է «Ոսկե հորթը» ֆիլմի դրվագը, երբ Շուրա Բալագանովը Օստապ Բենդերի մոտ դժգոհում էր Պանիկովսկուց. «Մենք, լեյտենանտ Շմիդտի 69 զավակներս, ողջ երկիրը բաժանել էինք տեղամասերի վիճակահանությամբ: Նրան բաժին էր ընկել Մորդովական ԱՍՍՀ-ն, արդարաբար: Իսկ նա արդեն վաղուց սողում էր իմ տեղամասում»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԱՐՏՈՆՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանը, իսկ ավելի ճիշտ` Հայաստանի իշխանությունները գնալով նմանվում են կամակոր երեխայի, հանուն որի բոլորը պատրաստ են անել ամեն ինչ, ստեղծել բոլոր պայմանները, միայն թե նա իրեն լավ պահի: Ճիշտ նույնկերպ ԵՄ-ն հնարավոր բոլոր միջոցներով աջակցել է Հայաստանին, միան թե այստեղ անցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ: Երեկ, օրինակ, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է. «ԵՄ-ն այսքան գումար եւ քաղաքական պատրաստակամություն չի դրել այլ երկրների ընտրության համար, որքան Հայաստանի: Այնպես որ, Հայաստանն այս առումով արտոնյալ դիրքում է գտնվում»: Դեսպանը նաեւ նշել է, թե նման աջակցություն ցույց չէին տա, եթե չհավատային, որ այս անգամ ավելի բարձր մակարդակի ընտրություն է լինելու, քան նախկինում: Մյուս կողմից, սակայն, Սվիտալսկին ասել է. «Հնարավոր է, որ շահագրգիռ կողմերի քաղաքական կամքն էլ բավական չլինի: Սակայն ՀՀ քաղաքացիները պետք է վստահություն ունենան եւ գնան ընտրության` հավատալով, որ այս անգամ իրենց ձայնը տեղ կհասնի, իսկ ռիսկերի եւ խնդիրների մասին մենք տեղյակ ենք»: Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ի համար կարեւորագույն մի քանի հարց կա` վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելումը, կաշառքների միջոցով քվե գնելը, թեկնածուների համար հավասար պայքար ապահովելը, ընտրատարածքում լրագրողների եւ դիտորդների ներկայությունը չսահմանափակելը եւ ընտրակեղծիքի մասին հայտարարություն տալու դեպքում պատիժ չկիրառելը:

 

 

ԴԵՌ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ Է
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ շարունակում է մնալ «Համախմբում» կուսակցության շարքերում` որպես վարչության անդամ, չնայած նա անհամաձայնություն էր հայտնել ԱԺ ընտրություններում իր կուսակցության կայացրած որոշման դեմ ու, ըստ էության, դադարեցրել քաղաքական գործունեությամբ զբաղվելը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրեասյանն ասաց. «Դեռ կուսակցական եմ, բայց այս փուլում որեւէ ակտիվ քաղաքական գործունեություն չեմ ծավալում: Եւ այս ընտրական գործընթացներում ներգրավվելու եմ որպես ընտրող»: Ի դեպ, տեղեկացնենք, որ Անդրեասյանը աշխատանքային առաջարկ էր ստացել Վրաստանից: «Իրան-Հայաստան-Վրաստան բանկային նախագիծ է, որը ընթացքի մեջ է: Երբ այն իրագործվի, ես ամեն դեպքում կապրեմ Հայաստանում, պարզապես պարբերաբար կայցելեմ Վրաստան, ինչպես եւ վերջին մեկ տարում եմ վարվել»,- ասել է նա:

 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ «ԽՈՒՃԱՊ»
Երեկ՝ վաղ առավոտից մինչեւ կեսօր, ՀՀ բոլոր առեւտրային բանկերի բանկոմատները չեն սպասարկել: «Արմենիան քարդ» ընկերությունից մեզ հետ զրույցում ասացին, որ բանկոմատները տեխնիկական խնդիրների պատճառով չեն աշխատել, եւ օրվա ընթացքում դրանք կսպասարկեն: Սակայն ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ որոշ բանկերում ՀՀ քաղաքացիները այդպես էլ չեն կարողացել բանկոմատներից օգտվել, նրանց հաջողվել է գումարը ստանալ անմիջապես բանկից:

 

 
ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ
Վրաստան այցը խոստումնալից էր, առարկայական եւ ջերմ: Ամենակարեւոր հարցերին անդրադարձ է արվել, եւ երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին երեկ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցի այցելելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշել է, որ հայկական կողմից առաջարկ է եղել նայել հարաբերություններին ոչ միայն երկու երկրների, այլեւ տարածաշրջանային առումով. «Առաջիկայում հատուկ օր է նշանակվել Վրաստանի գործարարների համար, ովքեր կգան եւ կքննարկեն մեր առաջարկները»:

 

 

ԱԹԵՇՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԵՆ
Փետրվարի 23-24-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսի նախագահությամբ տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց մասնակցել են Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եւ Պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ, Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների արդյունքում ձեռք է բերվել հետեւյալ ընդհանուր համաձայնությունը. Պատրիարքության կրոնական ժողովի հրավերով եկեղեցական համագումար ժողովը մինչեւ ս. թ. մարտի 15-ը կատարում է տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ, ըստ եկեղեցու կանոնակարգի, դադարեցվում են Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները: Այսինքն՝ մարտի 15-ից Արամ Աթեշյանի լիազորությունները կդադարեցվեն. տեղի կունենա Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություն:

 

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՓԵՐՈՒՄ
Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել: Երկօրյա այցի ընթացքում նա բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, ինչպես նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Բրյուսելում նախատեսված է նաեւ Սարգսյանի հանդիպումը «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ: «Կարնեգի» կենտրոնում նա հանդես կգա ելույթով:

 

 

ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մարտին կայցելի Մոսկվա եւ կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հայտարարել է Մամեդյարովը՝ նշելով, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ միջազգային մակարդակով համագործակցությանն առնչվող հարցեր: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի կեսին կայցելեն տարածաշրջան:
 

ՈՂՋՈՒՆԵԼ ԵՆ
«Ժառանգություն» կուսակցությունը ողջունել է Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն արժանացավ միջազգային դիտորդների բարձր գնահատականին: «Ժառանգության» հայտարարության մեջ ասվում է. «Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ միակամ է ու լի է վճռականությամբ՝ ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը, ապրելու եւ արարելու իր պապենական ազատ, անկախ բնօրրանում»:




Լրահոս