ԲՈԼՈՐ ԳԻՏԵՆ, ԹԵ ՇԵՆՔՈՒՄ ՈՎ Է ՓՈՂ ԲԱԺԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություններ է անցկացնում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում եւ անդրադառնում ԱԺ ընտրությունների օրը ոստիկանության գործառույթներին ու խնդիրներին: «Շատ են խոսում ընտրակաշառքների հետ կապված, որ ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, սակայն չեմ կարծում, որ դրա դեմն առնելն անհնար է: Եթե համայնքային ոստիկանության աշխատակիցը տիրապետում է իր քաղաքացիներին, համոզված եմ, որ կլինեն մարդիկ, որոնք հայտարարություն կտան եւ կպնդեն, մենք մեր ֆունկցիան կարող ենք կատարել: Սակայն ամենակարեւորն այն է, որ պետք է կանխարգելել, որպեսզի այդ երեւույթները տեղի չունենան»,- նշել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արդեն մի քանի օր է՝ այցելում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ եւ անդրադառնում ԱԺ ընտրությունների օրը ոստիկանության գործառույթներին ու խնդիրներին: Ըստ ոստիկանապետի՝ ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, սակայն նա չի կարծում, որ դրա դեմն առնելն անհնար է: Ինչ եք կարծում՝ սա ընդամենը խոսքե՞ր են, թե՞ իսկապես ոստիկանությունը ցանկանում է պայքարել ընտրակաշառքների դեմ:
-Ոստիկանությունը ունի գործառույթ՝ կոնկրետ ընտրությունների հետ կապված, եւ ոստիկանապետի՝ պարոն Գասպարյանի շրջայցը մարզերով նաեւ վերաբերում է հենց այս գործառույթը ավելի հստակեցնելուն եւ ոստիկաններին նախընտրական շրջանում տեղեկացնելուն, խոսելուն, հորդորելուն, որ ավելի պատշաճ կատարեն այդ ծառայությունը: Իհարկե, անհնարին որեւէ բան չկա, բայց այս փուլում խոսակցությունների մակարդակով ենք որոշակի ենթադրություններ անում, ուստի դրա համար նշեցի, եթե իրավապահներին, դիտորդներին կհայտնեն տեղեկություններ, ինչպես ոստիկանապետը ասաց՝ կլինի հայտարարություն, կլինեն փաստեր, դրա մասին պետք է, իհարկե, բարձրաձայնել:
-Դուք իրատեսակա՞ն եք համարում, որ ընտրակաշառք վերցնողը գնա ոստիկանություն եւ հայտարարություն տա, որ ընտրակաշառք է վերցրել: Դուք նման բան պատկերացնո՞ւմ եք:
-Ընտրակաշառքի հետ կապված այս փուլում այլեւս նպատակահարմար չեմ գտնում խոսել, մի տեսակ այս փուլում արհեստական քննարկվող թեմա է: Ընտրակաշառքն ընդհանրապես դժվար ապացուցվող է, քանի որ մեր բազմաթիվ պատգամավորները, մեր գործընկերները՝ ոչ պատգամավորներ, երբ մարդիկ խնդիր են ունեցել, փորձել են օգնել: Հիմա, օրինակ, նույն Կարեն Կարապետյանը «Տաշիր Գրուպ»-ի բոլոր բարեգործական ծրագրերը կասեցրել է, որ դա չդիտարկվի որպես ընտրակաշառք, դրա մասին նաեւ եղավ հայտարարություն: Այլ բազմաթիվ բարեգործական ծրագրեր են արել նույն Ավշարում Գրիգորյան ընտանիքը, հիմա դա պետք է մեր գործընկերները կասեցնեն, որ չդիտարկվի ընտրակաշառք, եւ մասնակցեն ընտրություններին:
-Բայց այս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, որոնք ապացուցող տեսանյութեր անգամ կան, երբ ընտրակաշառք է բաժանվել: Մինչդեռ այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:Այսինքն՝ բոլորը գիտեն՝ ով եւ ինչպես է դա անում, բայց դա դժվար է ապացուցել:
-Ես դատապարտում եմ ընտրակաշառքը, համարում եմ դա վատ երեւույթ, իսկ մնացածը դա իրավապահների խնդիրն է:

ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Սուրեն Աբրահամյան
-Պարո՛ն Աբրահամյան, հետեւե՞լ եք ՀՀ ոստիկանապետի հայտարարությանը՝ կապված ընտրակաշառքների հետ:
-Հայտարարությանը ծանոթ չեմ:
-Ըստ ոստիկանապետի՝ ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, սակայն նա չի կարծում, որ դրա դեմն առնելն անհնար է: Դուք իրատեսական համարո՞ւմ եք, որ ընտրակաշառք վերցնողը գնա ոստիկանություն ու հայտարարություն տա այն մասին, որ ընտրակաշառք է վերցրել:
-Համենայնդեպս, այդ երեւույթի դեմ այդ կարգի պայքարով արդյունքի չեն հասնի: Սպասել, թե քաղաքացին երբ իրենց հայտարարություն կտա… Քիչ թե շատ ընտրություններին մասնակցած ցանկացած անձ, հատկապես համայնքային շտաբներում, շատ լավ գիտի, բոլորը գիտեն, թե շենքում ով է փող բաժանում, այն որտեղից է գալիս: Այդ ամենը իշխանական լծակների արդյունքում է: Այսինքն՝ եթե իշխանությունները, չուզենան, միանգամից այդ բաժանման խնդիրը չի լինի: Եթե, Աստված մի արասցե, քաղաքական մի ընդդիմություն ուզենա փող բաժանել, ընդամենը դա կտեւի 15 րոպե, բոլորը կբացահայտվեն: Այնպես որ, այդ երեւույթի դեմ ոչ թե պետք է սպասեն, որ ինչ-որ հայտարարություն լինի, այլ ընդամենը իշխանությունների կողմից բարի կամք է պետք այդ արատավոր երեւույթը արմատախիլ անելու համար: Դա ոստիկանության լավ աշխատանքից կախված բան չէ, դա Ձեզ հավատացնում եմ: Ոստիկանությունը իշխանության առանցքում մի փոքր բան է եւ իրեն ինչ չափով որ թույլատրում են, այն չափով էլ իրենք աշխատում են այդ երեւույթի դեմ: Ոստիկանությունը ի զորու է, եթե նրան քաղաքական իշխանությունը թույլատրի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԻՐԱՎԱԲԱՆԻ ԴԻՊԼՈՄԻ ԴԻՄԱՑ` ՄԵԿ ՄԻԼԻՈՆ
Ոչ պետական բուհերի երեք ռեկտորների կողմից կեղծ դիպլոմներ տալու գործով ԱԱԾ աղմկալի բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին ռեկտորների գործողություններից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 13-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ 3 ռեկտորի մեղադրանք է առաջադրվել կեղծ դիպլոմներ տալու համար: Բացահայտվել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց: Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն ՀՀ, այլեւ օտարերկրյա, այդ թվում` Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների: Առերեւույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական բուհերի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առեւտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) եւ առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար: Նկատենք, որ ԱԱԾ-ն չէր գաղտնազերծել, թե որ ոչ պետական բուհերն են հայտնվել իրենց թիրախում: Սակայն մեզ տեղեկություններ էին հասել, թե որ բուհերի ռեկտորներն են հայտնվել ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում: Վերջիններս էին Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Լավրովնան եւ Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանը:
«Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես պարզեցինք, որ 2016 թվականին Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանը հանդիպել է բուհի` դեռեւս 2004թ. 4-րդ կուրսի ուսումնական 1-ին կիսամյակից դուրս մնացած ուսանող Գոռ Հովհաննիսյանի հետ: Վերջինս ռեկտոր Մկրտչյանին հայտնել է, որ իրեն անհրաժեշտ է իրավաբանի պետական նմուշի դիպլոմ, սակայն նա չի կարող կամ ցանկություն չունի մասնակցել դասընթացներին եւ քննություն տալ:
Արդյունքում ռեկտոր Լաուրա Մկրտչյանը «փորձել է օգնել» Գոռին` ստանալու դիպլոմը՝ առանց դասընթացներին մասնակցելու, ընթացիկ քննությունները, ստուգարքները եւ ավարտական պետական քննությունները հանձնելու:
Եվ, բնականաբար, ռեկտորն իր համաձայնությունը հենց այնպես չի տվել, այլ, ըստ ԱԱԾ-ի մեղադրական եզրակացության, բուհի նախկին ուսանող Գոռ Հովհաննիսյանից պահանջել է մոտ մեկ միլիոն դրամ:
Նշենք, որ այս գործով նախաքննությունը ԱԱԾ-ն ավարտել է եւ գործը ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործը նախագահող դատավոր է նշանակվել Պետրոս Մակյանը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
Սերժ Սարգսյանի հրամանով պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 23-ին զոհված Գոռ Խուդինյանը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ անձնվիրության համար հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏՈՒՄ Է
Անդրադառնալով զանգվածային լրատվության միջոցներում Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության հիման վրա տեղ գտած հրապարակումներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ ՀՀ-ում ոստիկանության ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը եւ Յարոմիր Շտետինան ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում եւ միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում: Հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նախատեսված է էթնիկ պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու համար հանձնելու անթույլատրելիությունը:

 

 

ԹԱԼԻՇԸ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ԵՆ
Երեկ՝ առավոտից սկսած, հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց եւ Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլեւ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականանետից եւ Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ: Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

 

 

ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ
ArmLur.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Հայկ Կյուրեղյանի խցում երեկ խուզարկություն է իրականացվել: Հայկ Կյուրեղյանն արդեն չորս օր է՝ հացադուլ է հայտարարել: Հիշեցնենք՝ 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Շանթ Հարությունյանի եւ համախոհների ազատության համար պայքարի դուրս եկած Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ՄԻՊ-ը երեկ ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը:




Լրահոս