ԵՐԱԶԱՆՔԸ ԿԱՏԱՐՎԵՑ. ՏԵՂԱՊԱՀ ԿՄՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ է ներկայացրել Լեւոն Յոլյանի թեկնածությունը: Նկատենք, որ Լեւոն Յոլյանն այս ոլորտում նոր մարդ չէ. նա 9 տարի շարունակ զբաղեցրել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը, 2016թ. փետրվարին նշանակվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար: Սակայն կառավարության փոփոխությունից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը չցանկացավ նրա հետ աշխատել: Այնպես ստացվեց, որ ԱԺ այս ընտրություններից առաջ Իշխան Զաքարյանը հրաժարական տվեց ՎՊ նախագահի պաշտոնից՝ հայտարարելով կրկին քաղաքականությամբ զբաղվելու եւ «Ծառուկյան» դաշինքի շտաբը գլխավորելու մասին: Ու հիմա Սերժ Սարգսյանը Լեւոն Յոլյանին է առաջադրել այդ թափուր պաշտոնում: Նկատենք, որ Յոլյանը միշտ ձգտել է դառնալ ՎՊ նախագահ, տարիներ շարունակ լինելով Իշխան Զաքարյանի տեղակալը՝ նրա թիկունքում անթաքույց պայքարել է այդ պաշտոնի համար: Ու հիմա կատարվել է նրա երազանքը: Բայց ամեն ինչ առաջվա նման չէ:
2018թ. ապրիլից ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, ըստ որի՝ վերահսկիչ պալատը վերածվելու է հաշվեքննիչ պալատի, եւ այդ մարմնի ղեկավարը լինելու է անկուսակցական, ավելին՝ այդ կառույցը զրկված է լինելու իր այսօրվա լայն գործառույթներից: Իսկ Յոլյանը, թեեւ դե յուրե անկուսակցական է, սակայն առավել քան սերտաճած է ՀՀԿ-ի հետ: 2013թ. նախագահական ընտրություններում նա Սերժ Սարգսյանի շտաբի պետի տեղակալներից մեկն էր: Այսինքն` Յոլյանը չի կարողանալու երկար վայելել ՎՊ նախագահի պաշտոնը. ապրիլից հետո շատ բան կփոխվի:
Ինչ վերաբերում է պալատի գործունեությանը, ապա Իշխան Զաքարյանի օրոք վերջին մեկ տարում այն գրեթե ոչինչ չէր «վերահսկում»:

 

 

 
ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը մերժել է Արփա գետի վրա ՀԷԿ կառուցելու՝ ԲՀԿ-ական Սեդրակ Առուստամյանի ցանկությունը: Նախարարությունը պատճառաբանել է, թե Արփա գետի վրա գործում է երեք ՀԷԿ, եւս երեքն էլ կառուցման փուլում են, եւ այս մեկի կառուցումը կարող է բնապահպանական խնդիրներ ստեղծել: Նկատենք, որ Սեդրակ Առուստամյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի կոնցեռն» ընկերության տնօրենն է: Բայց «Գնդեվանք-1» ՀԷԿ-ը նա ցանկացել է կառուցել «Ամրիտամ» ընկերության միջոցով, որի բաժնետերերից է: Հավելենք, որ Առուստամյանը ՀԷԿ-երի բիզնեսում մեծ փորձ ունի. Արփա գետի վրա արդեն իսկ կառուցվող «Ջերմուկ տուրբշին» ընկերությունում իր եղբոր՝ Սպարտակ Առուստամյանի հետ բաժնեմաս ունի: «Ժողովուրդ»-ն Առուստամյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարության մերժումը կապ ունի առաջիկա ընտրությունների հետ: «Չեմ կարծում»,- հակիրճ ասաց նա:

 

 

 
Ե՛վ ԵԿՄ վերջին համագումարում, ե՛ւ ՀՀ ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել էր, որ Ադրբեջանը կարող է օգտվել ՀՀ տիրող նախընտրական վիճակից եւ դիմել ռազմական գործողությունների, բայց համարժեք պատասխան կստանա: Երեկ «Ժողովուրդ»-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրեց՝ արդյո՞ք վերջին օրերին սահմանային միջադեպերը Ս. Սարգսյանի հայտարարությունների պատասխանն էր: «Չգիտեմ՝ ինչ պատասխան էր, բայց պատասխանը մենք տվեցինք ու շատ համարժեք»,- ասաց նա՝ հավելելով, թե Ադրբեջանը ցանկացած նախընտրական պրոցեսների ընթացքում հույս է փայփայում՝ ՀՀ թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության ուշադրությունը կսեւեռվի նախընտրական գործընթացների վրա, ու իրենք կարող են դիմել զենքի: «Արցախի ինքնապաշտպանական ուժերը կարողացան փառքով կատարել իրենց գործողությունները եւ կոնկրետ դիվերսիոն այն խմբերին, ովքեր փորձում էին ներթափանցել մեր կողմ, չեզոքացրեցին»,- ասաց նա: Նկատենք, որ նախորդ շաբաթ ոչ թե դիվերսիա, այլ հարձակում էր եղել:

 

 

 
Ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքացիների գտնվելու վայրի լրացուցիչ ընտրացուցակներում գրանցելու գործընթացը: Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացին կարող է դիմել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ խնդրելով իրեն ներառել այն ընտրատեղամասի ցուցակում, որտեղ ինքը գտնվելու է քվեարկության օրը: Եւ ահա օրենսդրական այս հնարավորությունը ՀՀԿ-ական շատ թեկնածուներ փորձում են ծառայեցնել իրենց օգտին. հատկապես գործարար պատգամավորները ստիպում են իրենց աշխատակիցներին, անկախ բնակության վայրից, ընդգրկվել իրենց ընտրատարածքների լրացուցիչ ցուցակներում, որպեսզի շատ ձայն ստանան: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին, որը նշեց, թե իրենք փորձում են ընտրացուցակները համացանցի միջոցով «կապել» բնակչության պետական ռեգիստրի հետ, որպեսզի վերջնական ցուցակները հրապարակելուց առաջ ցանկացած պահի հնարավոր լինի առավել ռեալ պատկեր տեսնել: «Առաջիկա մեկ-երկու օրում խնդիրը կկարգավորվի, եւ ընտրական իրավունքի իրականացման տեսանկյունից ոչ մի քաղաքացու իրավունք չի խախտվի»,- ասաց նա:

 

 

 
ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ
Այսպիսով՝ ինչպես եւ կանխատեսել էինք, Սերժ Սարգսյանը երեկ Բրույսելում հայտարարեց, որ ՀՀ եւ ԵՄ միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցութունները ավարտվել են. «Այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները: Նոր իրավական փաստաթուղթը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր է, որն արտահայտում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը»,- Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում ասաց Սարգսյանը:
Այսպիսով՝ այդքան սպասված փաստաթղթի շուրջ աշխատանքների ավարտի մասին հայտարարությունն ի վերջո արվեց՝ չնայած մինչ այս հնչած տարբեր մտահոգություններին: Հիշեցնենք, որ անցած ամռանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին հրապարակավ հայտնել էր իր մտահոգությունը բանակցությունների ընթացքի շուրջ՝ ակնարկելով, որ դրանք ձգձգվում են: Առիթ ունեցել ենք գրելու, որ Ռուսաստանի ճնշմամբ հայկական կողմը պնդում էր փաստաթղթում տարբեր վերապահումների ամրագրման մասին, մասնավորապես առ այն, որ այս համաձայնագիրը չի հակասելու ԵՏՄ-ի հետ ՀՀ ունեցած համաձայնագրերին. մի բան, որն ընդունելի եւ կիրառելի պրակտիկա չէր ԵՄ-ի դեպքում, որին, սակայն, եվրոպական կողմն, ըստ ամենայնի, գնաց: Նաեւ բավականին բարդ էին բանակցությունները համաձայնագրի տնտեսական բաղադրիչի մասով, եւ այստեղ եւս, վերջնարդյունքում Հայաստանի համար առանձնապես խոստումնալից կետեր չեն ամրագրված: Սակայն չնայած դրան՝ ինքնին այս փաստաթղթի ստորագրումը բավականին կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար, քանի որ մեր երկրի՝ Ռուսաստանից ունեցած կախվածությունն այն աստիճան է խորացել, որ անգամ դեկլարատիվ բնույթի հայտարարության ստորագրումը ԵՄ հետ կարելի է ձեռքբերում համարել:
Ընդ որում, ուշագրավ է, որ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարվեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Եթե հիշենք, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից մեկ օր անց սկսվեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը, իսկ հիմա էլ, փաստորեն, նույն այդ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանական համակարգը ձեւավորող ընտրությունների նախօրեին հայտարարվում է ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակային համաձայնագրի ընդունման մասին, ապա պարզ է դառնում, որ ամփոփվում է շատ կարեւոր աշխարհաքաղաքական մի ցիկլ, որից Հայաստանը, ինչ էլ որ ասենք, կարողացավ դուրս գալ մինիմալ վնասներով:




Լրահոս