ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՍՏԻՊԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, անդրադառնալով դատական համակարգում ներքին խմորումներին, ասաց. «Վստահեցնում եմ Ձեզ, որ դատական համակարգում խմորումներ չկան, եւ որեւէ մեկի առաջ դռները փակ չեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր այն իրավիճակին, որը ստեղծվել էր դատավորների՝ մասնագիտական առաջխաղացման հարցում: Մասնավորապես գրել էինք, որ երեք դատավոր՝ տեղեկանալով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի թափուր տեղ կա, դիմել էին արդարադատության խորհուրդ՝ դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար: Արդյունքում, նրանք դրական եզրակացություն էին ստացել խորհրդի կողմից, սակայն, երբ բանը հասել էր Սերժ Սարգսյանի կողմից նշանակմանը, դատավորները հրաժարվել էին իրենց դիմումներից: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ներքին կարգով հասկացրել էր առաջխաղացման ցուցակում ընդգրկված դատավորներին, որ նրանք ցանկալի թեկնածուներ չեն, եւ առաջարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատավորի պաշտոնում իր նախընտրած դատավորներին: Սակայն նրա ներկայացրած թեկնածուների անունները լուրջ դժգոհության տեղիք են տվել, քանի որ վերջիններս բավականին երիտասարդ են եւ փորձ չունեն: Ասել է, թե ՀՀ դատական համակարգում երիտասարդների եւ հնաբնակների կռիվ է սկսվել: Ստեղծված իրավիճակի շուրջ՝ «Ժողովուրդը» զրուցել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ:
-Պարո՛ն Փոլադյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն մասին, որ մի շարք դատարաններում դատական նիստերը չեն կայանում: Տեղեկություններ կան, որ այս ամենը կապված է դատական համակարգում ներքին խմորումների հետ:
-Ինչ խմորումների մասին է խոսքը, եթե մի փոքր Դուք լուսաբանեք, մենք կհասկանանք՝ ինչ խմորումների մասին է:
-ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին իր ցանկալի մարդկանց է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակել տալիս, մինչդեռ առաջխաղացման ցուցակով այլ դատավորներ պետք է նշանակվեին:
-Նման ասեկոսեների, խնդրում եմ, լուրջ մի՛ վերաբերվեք: Ասեմ ինչու, դատավորներին առաջխաղացման ցուցակում ընդգրկելու եւ ՀՀ նախագահի ներկայացնելու, դրանից հետո հանրապետության նախագահի կողմից կոնկրետ դատարանում նշանակելու գործառույթը իրականացվում է բացառապես արդարադատության խորհրդի միջոցով, եւ որեւէ դատարանի նախագահ, այդ թվում՝ ՀՀ վերաքննիչ դատարանների նախագահները, չեն կարող ասել՝ սա իմ ուզածն է, նա իմ ուզածն է, եւ առավելեւս հանրապետության նախագահին բացատրել՝ ստորագրել այդ հրամանը կամ չստորագրել: Ո՛չ, այդպիսի բան գոյություն չունի, յուրաքանչյուր դատավոր իր կամքով է դիմում գրում՝ առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու եւ նույն հաջողությամբ իր կամքով է դիմում գրում՝ դուրս գալու առաջխաղացման ցուցակից: Որեւէ մեկը չի կարող դատավորին ստիպել:
-Այդ դեպքում Ձեզ համար տարօրինակ չէ, որ դատավորը նախ դիմում է, անցնում է բոլոր փուլերը, եւ այն պահին, երբ շուտով Սերժ Սարգսյանի որոշմամբ պետք է նշանակվի մեկ այլ դատարանի դատավոր, հանկարծ որոշումից հետ է կանգնում:
-Որեւէ աբսուրդ բան չկա, որովհետեւ հնարավոր է՝ մարդկանց մոտ փոխվի մտածելակերպը, ցանկությունները… գուցե ՀՀ վերաքննիչ դատարանում աշխատելու ծանրաբեռնվածությունն է ստիպում, չգիտեմ, տարբեր գործոններ կարող են պատճառ դառնալ, բայց դատավորին որեւէ մեկը չի կարող ստիպել անել այն, ինչը իր ցանկությամբ չէ: Վերջիվերջո գործ ունես դատավորի հետ, եւ դատավորի կարգավիճակից բխող բավականին պաշտպանիչ երաշխիքներ կան սահմանված համապատասխան իրավական ակտերով. որեւէ մեկը չի կարող պարտադրել դատավորին այս կամ այն գործողությունը կատարել:
-Իսկ ինչի՞ հետեւանք է այն, որ 2016 թվականից մինչ օրս Սյունիքի մարզում քրեական գործով ընդամենը մեկ դատական նիստ է կայացել, եւ դատական համակարգում նման օրինակներ շատ կան: Նույն իրավիճակն է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
-Ինչ վերաբերում է Սյունիքի մարզում դատական գործերի ձգձգումներին, ուրեմն այնտեղ ունենք ծանրաբեռնվածություն: Ներկայացնեմ Ձեզ վիճակագրական տվյալներ եւ հետեւությունը թողնեմ Ձեզ: Յուրաքանչյուր մեկ դատավոր տարվա կտրվածքով կայացնում է 110, 120 դատավճիռ, այն դեպքում, երբ մենք Երեւան քաղաքում ունենք դատարաններ, որոնք ամբողջ տարվա ընթացքում 120 գործ չեն ստանում: Հետեւաբար Ձեր ասածի վառ ապացույցն է այն, որ դատավորի ծանրաբեռնվածության արդյունքում է, որ դատական նիստերը ուշ են նշանակվում: Մենք այսօր Սյունիքի մարզում եւ ոչ միայն, նաեւ այլ դատարաններում ունենք դատավորների թվաքանակն ավելացնելու հարց: Մեզ համար ընդունելի չէ, որ դատական նիստերը ձգձգվում են, եւ այս ուղղությամբ քայլեր են արվում:
-ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երիտասարդ դատավորների նշանակումը լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել: Նշվում է, թե երիտասարդները փորձառու չեն, իսկ հնաբնակներին ներքին կարգով թույլ չեն տալիս նշանակվել այդ պաշտոնում:
-Բայց որտեղ կա այդպիսի սահմանափակում, որ հնաբնակը կամ նորաբնակը պետք է գնա ՀՀ վերաքննիչ դատարան կամ վճռաբեկ դատարան գա: Նորաբնակը, Ձեր խոսքով ասած, ցանկություն ունի ավելի ավյունով աշխատելու, նոր գաղափար ունի, դիմում է արդարադատության խորհուրդ՝ ցանկություն ունենալով գնալ վերադաս մարմին, հնաբնակը ցանկություն չի հայտնում, ստիպենք, ասենք՝ արի, դու դիմում գրի, գնա վերաքննիչ դատարա՞ն: Ձեր ասած հնաբնակները թող բարի լինեն, դիմում գրեն արդարադատության խորհուրդ, որ ցանկություն ունեն ընդգրկվելու:
-Գրում են, բայց թույլ չեն տալիս:
-Վստահեցնում եմ Ձեզ, որ դատական համակարգում խմորումներ չկան, եւ որեւէ մեկի առաջ դռները փակ չեն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԴԻՊԼՈՄ ԿԵՂԾՈՂ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
Ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի հետեւից դատարան է ուղարկում ՀՀ ոչ պետական բուհերի ռեկտորների կողմից դիպլոմներ վաճառելու դեպքերով հարուցված քրեական գործերը: Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ԱԱԾ-ն բացահայտել էր, որ Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած անձանց: Ընդ որում, ուշագրավ է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն ՀՀ, այլեւ օտարերկրյա, այդ թվում` Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների: Գրել էինք, որ Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանը 2 միլիոնի դիմաց բուհի նախկին ուսանողին իրավաբանական ֆակուլտետի դիպլոմ էր վաճառել: Այս քրեական գործը փետրվարի 8-ին ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, գործը նախագահող դատավոր էր նշանակվել Պետրոս Մակյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 23-ին ԱԱԾ-ն եւս մեկ ռեկտորի գործողությունների մասով նախաքննությունը ավարտել է եւ գործն ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործը նախագահող դատավոր է նշանակվել Արտակ Թադեւոսյանը: Պարզեցինք, որ այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Պրոգրես-համալսարան»-ի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել առ այն, որ ԱՄՆ-ում բնակվող եւ Հայաստանից բացակայող մի շարք անձանց տվյալներով դուրս է գրել ավարտական դիպլոմներ, ինչի դիմաց ստացել է 700-900 ԱՄՆ դոլարի չափով գումար: Նշենք, որ նա 7 նման դիպլոմներ է պատրաստել եւ կատարված «դիպլոմաշինական» աշխատանքի համար ստացել ընդհանուր 2 միլիոն 798 հազար դրամ:

 

 

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՋԸ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ԴԱՀԿ նախկին պետ, թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանի քեռուն՝ Միխայիլ Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունը տուգանվել է պետական եկամուտների կոմիտեի կողմից: Տեղեկացանք, որ 2016 թվականի նոյեմբերին «Միկմետալ» ՍՊԸ-ի անունով ՀՀ է ներմուծվել ապրանք, սակայն ընկերության տնօրեն Վահան Հարությունյանը սահմանված ժամկետում չի ապահովել ապրանքների հայտարարագրի ներկայացումը մաքսային մարմին, ինչի համար ՊԵԿ-ն ընկերությանը տուգանել է 150 հազար դրամով: Նշենք, որ բացի այս ընկերությունից՝ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջը՝ Միխայել Հարությունյանին է պատկանում նաեւ մայրաքաղաքի փողոցներից «փող քամող» վճարովի ավտոկանգառները սպասարկող «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն:

 

 
ԵԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ փետրվարի 27-ի արտահերթ նիստում սահմանվել է ՀՀ ԱԺ 2017 թվականի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ քարոզչության համար եթերաժամ է տրամադրվելու հավասար սկզբունքով: «Քաղաքական ուժերի քարոզչությունն իրականացնելու նպատակով Հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Ընդ որում, 2017 թվականի մարտի 5-ից 19-ը ներառյալ` օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով, մարտի 20-ից 25-ը ներառյալ` օրը 2 րոպե անվճար եւ 5 րոպե վճարովի, իսկ մարտի 26-ից 31-ը ներառյալ` օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով»,- մասնավորեցրել է ԿԸՀ նախագահը:
 

ՎԻԶԸ ԿՏՐԵԼ Է
2017թ. փետրվարի 26-ին Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երեւան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Կ. Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել Գյումրի քաղաքի 24-ամյա մի բնակիչ։ Հիշեցնենք, որ Թլիկի գյուղապետը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ 20-ամյա վարորդի պարանոցը կտրել է ուղեւորը` գյուղացիների աչքի առաջ։

 

 

ՉԻ ԳՈՐԾԻ
2017թ. մարտի 1-ից կդադարեցվի Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 14 եւ հ. 31Ա երթուղիների աշխատանքը երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ միկրոավտոբուսային հ.14 երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ.10 երթուղով, որը կշահագործվի միկրոավտոբուսային հ.14 երթուղու ուղեգծով (Քանաքեռ ՀԷԿ-Նուբարաշենի խճուղի)։

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւանի Դավիթաշեն թաղամասում ինքնասպանության դեպք է գրանցվել: Tert.am-ի տեղեկություններով՝ մոտ 25-ամյա աղջիկն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:




Լրահոս