ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է երկրի ներսում պատերազմ վարել իր նախագահությանն ու որոշումներին ընդդիմացող ուժերի դեմ: Այդ շարքում հիշարժան է նրա թշնամությունը ամերիկյան առաջատար մի քանի լրատվամիջոցների հետ, որոնք ոչ միայն նախագահին քննադատության են ենթարկում, այլեւ հաճախ փաստերով հակաճառում են նրա հայտարարություններին: Կարելի է ասել՝ ԱՄՆ-ում իսկական պատերազմ է սկսվել նախագահի վարչակազմի ու մի շարք, հայ հասարակության համար պարզ եզրույթով ասած, «ընդդիմադիր» լրատվականների միջեւ:
Թրամփի ու ամերիկյան լրատվականների հարաբերությունները փչացել էին դեռ նախընտրական շրջանում, երբ վերջիններս ակնհայտորեն կողմնապահություն էին անում Հիլարի Քլինթոնի օգտին: Այս նույն լրատվականները, սակայն, ժամանակին հսկայական աջակցություն էին ցույց տալիս Թրամփին հանրապետական մրցակիցների դեմ վերջինիս պայքարի ընթացքում: Քլինթոնի կողմնակիցների հաշվարկը պարզ էր՝ ամեն գնով Թրամփին օգնել, որպեսզի նա լինի նախկին առաջին տիկնոջ մրցակիցն ու պարտվի ընտրություններում: Սակայն նրանց ծրագրերը խառնվեցին այն պահին, երբ Թրամփը անակնկալ կերպով ընտրվեց ԱՄՆ նախագահ: Թեպետ Քլինթոնը ընդունեց իր պարտությունն ու շնորհավորեց մրցակցին, սակայն նրա կողմնակիցները այդպես էլ անկարող եղան հաշտվել Թրամփի նախագահության հետ: Այդ շարքում հիշատակելի են նաեւ ամերիկյան առաջատար լրատվամիջոցները, ինչպես օրինակ՝ CNN, New York Times եւ այլն: Վերջիններս, Թրամփի քաղաքականության հետ իրենց անհամաձայնությունը ցուցադրելով, միշտ քննադատաբար են լուսաբանում նրա գործունեությունը: Այդ շարքում, օրինակ, հիշատակելի է Թրամփի երդմնակալության արարողությանը ներկա քաղաքացիների քանակի հաշվարկի շուրջ ծագած վեճը: «Ընդդիմադիր» լրատվամիջոցները հրապարակել էին Թրամփի եւ Օբամայի առաջին երդմնակալության կադրերը՝ նշելով, որ նախկին նախագահին կրկնակի ավելի շատ մարդ էր եկել տեսնելու՝ ի հեճուկս Թրամփի: Իսկ վերջինս էլ բազմիցս հայտարարել էր, որ իր երդմնակալությանը հետեւած քաղաքացիների քանակը ռեկորդային էր: Հանուն արդարության հարկ է նկատել, որ Թրամփը չափազանցրել է, քանզի բոլոր կողմերից արված տեսանկարահանումների համադրությունն ապացուցում է, որ Օբամային լսելու համար Վաշինգտոնում հավաքված քաղաքացիների թիվը անհամեմատ մեծ էր:
Դժբախտաբար ԱՄՆ նախագահը այսօրինակ հիմնավոր քննադատություններից դաս քաղելու փոխարեն, էլ ավելի խորացրեց կոնֆլիկտը: Թրամփը իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ վեճի բռնվեց մի շարք լրագրողների հետ՝ անհարիր նախագահի կեցվածքին: Ավելին՝ նա մի շարք լրատվականների ոչ միայն մեղադրեց իր խոսքերը աղավաղելու մեջ, այլեւ կեղծիքներ տարածելու ու ԱՄՆ անվտանգությանը սպառնալու մեջ: Թրամփը իր թվիթերյան բազմաթիվ հրապարակումներում քանիցս դժգոհել է ամերիկյան լրատվամիջոցներից՝ կոչ անելով քաղաքացիներին մերժել վերջիններիս հաղորդումներն ու չհավատալ նրանց տարածած լուրերին: Ուրբաթ օրը կայացած մի համաժողովում նախագահը հայտարարել է. «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք պայքարում ենք կեղծ լուրերի դեմ: Նրանք պրոֆեսիոնալ պարտավորություն ունեն ազնիվ հաղորդումներ տալու: Բայց, ինչպես տեսել եք ամբողջ ընտրարշավի ընթացքում եւ նույնիսկ այժմ, կեղծ լրատվականները ճշմարտությունը չեն ասում»: Սակայն եթե նախագահի այդ կարծիքը սահմանափակվում էր սոսկ խոսքային մակարդակի քննադատությամբ, ապա նախորդ շաբաթվա վերջին իրավիճակը ավելի լրջացավ: Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը արգելել էր CNN, New York Times, Los Angeles Times եւ այլ մի շարք այլ պարբերականների լրագրողներին մասնակցել իր եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ավանդական ոչ հրապարակային հանդիպմանը: Թեեւ Սպիտակ տունը պաշտոնապես խոստացել էր բաց ասուլիսների ժամանակ նման խոչընդոտներ չհարուցել, սակայն արգելքը չէր հանվել վերոնշյալ հայտնի ԶԼՄ-ների վրայից: Ըստ էության, նախագահի անհանդուրժող վերաբերմունքն իր քաղաքականությունը քննադատող լրատվամիջոցների նկատմամբ վերջին շրջանում միայն ու միայն սաստկանում է, ինչը իսկապես հարիր չէ ամերիկյան ժողովրդավարությանն ու ավանդույթներին: Խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության ջահակիր երկրի նախագահն այսօր ամերիկյան ժողովրդի թշնամի է հռչակում իր քաղաքականությունը քննադատող ԶԼՄ-ներին՝ փոխարենը զբաղվելու իր պարտականությունների կատարմամբ եւ ԱՄՆ-ի շուրջ ձեւավորված արտաքին ու ներքին անորոշությունների վերացմամբ:
Հայաստանում նախագահների կողմից լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժողականությունը նոր երեւույթ չէ: 1990-ականներին ի հեճուկս դեմոկրատի իր իմիջին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակավորապես փակեց «Ազատություն» ռադիոկայանը: Նրա նախագահության օրոք նաեւ արգելվեցին դաշնակցական թերթերը: Քոչարյանի կառավարման շրջանում վերջնականապես փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ սաստկացան բռնությունները լրագրողների նկատմամբ: Սերժ Սարգսյանի նախագահությունը սկսվեց ազատ լրատվամիջոցների հանդեպ ճնշումներով, թեեւ այսօր դրանք զգալիորեն փոխարկվել են ավելի մեղմ տարբերակներով, երբ փորձեր են արվում անկախ գործող ԶԼՄ-ներին սնանկացման միջոցով դուրս մղել ասպարեզից: Հարկ է, սակայն, նկատել, որ եթե 1990-ականներին նախագահական ասուլիսները հաճախակի բնույթ էին կրում, եւ դրանց մասնակցելու հնարավորություն ունեին գրեթե բոլոր ԶԼՄ-ների լրագրողները, ապա Քոչարյանի օրոք ձեւավորվեց, իսկ Սարգսյանի օրոք կատարելացավ «յուրային» ԶԼՄ-ների դաշտը: Այսպես՝ նախագահական հարցազրույցներին ու ասուլիսներին ներկա լինելու ու հարցեր ուղղելու հնարավորություն ունեն միայն Սարգսյանի սիրելի լրագրողները, որոնց մտքով երբեք չի անցնի շեղվել նախատեսված հարցերի շրջանակից:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՍՊԱՌԱԾ ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ՉԱՓԸ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ է
Այս տարվա հունվարի սպառած էլեկտրաէներգիայի վարձերի չափը ստանալուն պես ՀՀ քաղաքացիները տհաճ անակնկալ են ապրել: Դժգոհություններ ստացել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը: Մեզ զանգահարած քաղաքացիներից շատերի պնդմամբ՝ հունվարի սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարի չափը անտրամաբանական թվերի է հասնում:
Օրինակ՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակչուհին՝ Գոհար Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց, որ իրենք հունվարի սպառած էլէներգիայի համար պետք է վճարեն 34 հազար դրամ: Եւ սա այն դեպքում, երբ իրենք այդ բնակարանում հունվարին ապրել են ընդամենը 15 օր: Համեմատության համար նշենք, որ նույն ընտանիքը դեկտեմբեր ամսվա սպառածի համար, երբ ողջ ամսվա ընթացքում ապրել են նշված բնակարանում, վճարել է 19 հազար դրամ: Ստացվում է, որ մասիսցի ընտանիքը դեկտեմբերի 28 օրում ավելի քիչ էլէներգիա է սպառել, քան հունվարի կեսի ընթացքում:
Մեկ այլ բնակիչ՝ Երեւանից Հովսեփ Հակոբյանը դեկտեմբերին սպառել է 29 հազար 641 դրամի էլէներգիա, իսկ հունվարին՝ 39 հազար 611 դրամի: Այսինքն՝ շուրջ 10 հազար դրամի չափով ավել էլէներգիա է սպառել: Մինչդեռ ե՛ւ դեկտեմբեր, ե՛ւ հունվար ամիսներին եղանակային ցուրտ պայմանները հավասարազոր են եղել: Իսկ, ահա, Մարի Գրիգորյանը, ում տունը չի ջեռուցվում էլեկտրական սալիկով, եւ տանը միայն սառնարանն ու հեռուստացույցն են էլեկտրականությամբ աշխատում, հունվարին սպառել է 11 հազար դրամի էլէներգիա: Իսկ ահա դեկտեմբերի սպառածը կազմել է մոտ 8000 դրամ:
Քաղաքացիների կողմից բարձրաձայնած դժգոհություններին զուգահեռ հավելենք, որ էլեկտրաէներգիայի գինը այս տարվա փետրվարի 1-ից բնակչության համար նվազել է 1.22 դրամով: Այսինքն՝ բնակիչները ցերեկային ժամերին 1կվ էլեկտրաէներգիայի համար արդեն մարտ ամսին 44.98 դրամով ավել կվճարեն` փետրվարի համար: Իսկ սոցիալապես անապահով ընտանիքները՝ 40 դրամ: Նշենք, որ դժգոհող բնակիչների մոտ տեսակետ է շրջանառվում այն մասին, որ հունվարին սպառած էլէներգիայի հավելագրումներով ՀԷՑ-ը փորձում է լրացնել փետրվարին արդեն էժանացած էլէներգիայի ծախսերի կորուստները:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը քաղաքացիների դժգոհությունները փոխանցեց ՀԷՑ-ին, սակայն ընկերության մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը հայտնեց, որ ընկերությունը պատրաստ է բաժանորդի հետ յուրաքանչյուր դեպք ուսումնասիրել եւ ստուգել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ՖԼԵՇ»-Ի ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՍԱՀՄԱՆԻՆ
2016թ. նոյեմբերին գործարկվեց Բագրատաշենի սահմանային անցակետի նոր շենքը, որտեղ ՀՀ մուտքուելք անողների համար սպասարկման բավականին լավ պայմաններ են ստեղծված: Եվ ինչպես ավանդաբար՝ սահմանային անցակետում կան արտոնյալներ: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ սահմանային անցակետում գործում է միայն «Արարատ» բանկի արտարժույթի առքուվաճառքի կետը: ՀՀ-ի այլ բանկեր Բագրատաշենում տարադրամի փոխանակման կետեր չունեն: Նկատենք նաեւ, որ անցակետում գտնվող «Արարատ» բանկի տարադրամի փոխանակման կետում վրացական լարիի առքի ու վաճառքի գների տարբերությունը շատ մեծ է: Այդ պատճառով մարդիկ գերադասում են լարի գնել կամ վաճառել Բագրատաշենի մաքսակետի մոտ գտնվող արտարժույթի փոխանակման կետերում: Հիշեցնենք, որ «Արարատ» բանկի սեփականատերը Բարսեղ Բեգլարյանն է՝ Սերժ Սարգսյանի երեխաների քավորը: Ահա թե ինչու եւ ինչպես է Բեգլարյանին հաջողվել սահմանային անցակետում արտոնյալ պայմաններ ունենալ: Նա միակն է, որ ՀՀ-ի դարպաս հանդիսացող Բագրատաշենի անցակետում տարադրամի փոխանակման կետի մենաշնորհ ունի:
15 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Փետրվարի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ մեկնարկել է մաքսային ծառայող Վարդան Սիսակյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ Վ. Սիսակյանի նկատմամբ քր. գործ է հարուցվել ՀՀ քր. օր. 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Վ. Սիսակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածքային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ՝ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառվել պետությանը: Ըստ ՀՀ-ի հատուկ քննչական ծառայության 2016թ. դեկտեմբերի 27-ի հաղորդագրության՝ Վ. Սիսակյանի մտերիմ Գագիկ Հարությունյանն այլ քաղաքացու անունով ՀՀ է ներմուծել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որը 2013թ. օգոստոսի 28-ին ձեւակերպվել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով: Ավտոմեքենայի մաքսազերծումից խուսափելու եւ այն անարգել տնօրինելու նպատակով Գ. Հարությունյանը դիմել է տեսուչ Վ. Սիսակյանին, որպեսզի նա մաքսային ռեժիմի փոփոխություն կատարի: Վերջինս էլ փոխել եւ հաստատել է «վերաարտահանում» մաքսային ռեժիմով ձեւակերպված հայտարարագիրը: Ըստ այդ ձեւակերպումների՝ «Մերսեդես-Բենց»-ն իբր Բագրատաշենի անցակետով դուրս է բերվել ՀՀ-ից, իրականում Գ. Հարությունյանն ավտոմեքենան թաքցրել է ՀՀ-ի տարածքում, որոշ ժամանակ անց այն օտարել է մի անձի, ով որոշ ժամանակ հետո մասնատել եւ վաճառել է այն: Նշենք, որ Վ. Սիսակյանի գործողությունների պատճառով՝ ավտոմեքենան չմաքսազերծելու հետեւանքով, պետական բյուջե չի մուտքագրվել Գ. Հարությունյանի կողմից պարտադիր վճարման ենթակա 15 մլն 669 հազար 690 դրամ գումարը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ