«Մոսկվան վաճառում է զենք Ադրբեջանին, չնայած ռազմական դաշինք ունի միայն Հայաստանի հետ». Սերժ Սարգսյանը «Ֆրանս Պրես»-ին ներկայացրել է պատերազմի հավանականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախքան Ֆրանսիայի Հանրապետություն պաշտոնական այցը հարցազրույց է տվել «Ֆրանս Պրես» գործակալությանը: «Արմենպրես»-­ը ներկայացրել է հարցազրույցի ամենաուշագրավ հատվածները:

«Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է անում միջազգային ուժերին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար՝ մեղադրելով իր ազգի ոխերիմ թշնամուն ռազմական «շանտաժի» մեջ»,­- գրում է գործակալությունը:

«Իմ կարծիքով, միևնույն է, վտանգը մշտապես առկա է, և առկա է լինելու այնքան ժամանակ, որքան ժամանակ Ադրբեջանը չհամոզվի, որ, իրոք, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում»,­- ասել էր Սարգսյանը:

«Մտավախությունը, որ տասնամյակներ շարունակ տևող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նորից կարող է սրվել, է՛լ ավելի է սաստկացել՝ անցած ապրիլին ամբողջ շփման գծի երկայնքով անկանոն կրակոցներ իրականացնելուց հետո, որը 1994 թվականի զինադադարից ի վեր ամենավտանգավոր բռնությունն էր: Մոսկվայի միջնորդությամբ իրականացված հրադադարը հանդարտեցրեց արյունահեղությունը մի քանի օրով, բայց Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի երկարաժամկետ միջնորդներն այդ դեպքերից ի վեր պայքարում են, որպեսզի վերականգնեն ընդհատված խաղաղ գործընթացը»,­- գրում է «Ֆրանս Պրես»-­ը:

Ըստ «Ֆրանս Պրես»-­ի՝ Սարգսյանը, ով մարտի 8­-ին հանդիպելու է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին, փաստել է, որ Իլհամ Ալիևը ձախողում է յուրաքանչյուր առաջընթաց՝ պատերազմ սկսելու սպառնալիքներ ներկայացնելով:

«Բայց ես ասում եմ, դա փոխզիջում չէ, դա շանտաժ է: Ասում է՝ չէ, սա փոխզիջում է: Իրենց փոխզիջումը այն է, որ եթե մենք ընդունենք իրենց բոլոր պահանջները, ապա իրենք ռազմական գործողություններ չեն վերսկսի Լեռնային Ղարաբաղի դեմ»,- ասել է Հայաստանի առաջնորդը:

«Սարգսյանը կոչ է անում Փարիզին, Մոսկվային և Վաշինգտոնին ցույց տալ, կամ գոնե թվարկել այն հետևանքները կողմերից մեկի համար, ով կնախաձեռնի ռազմական գործողություն, և սա շատ ավելի կարող է սթափեցնել»,­- նշվում է հարցազրույցում:

«Ֆրանս Պրես»-­ը նշում է, որ էներգակիրներով հարուստ Ադրբեջանը բազմիցս սպառնացել է վերցնել այդ տարածաշրջանը ուժի միջոցով, բայց Հայաստանը խոստացել է ջախջախել թշնամու յուրաքանչյուր ռազմական գործողություն:

«Պատերազմը ավարտվել է 1994 թվականի անկայուն հրադադարով, բայց երկու կողմերը երբևէ չեն ստորագրել խաղաղության պայմանագիր և Սարգսյանը զգուշացրել է, որ նոր պատերազմի մտավախությունը սրվում է»­,-գրում է «Ֆրանս Պրես»­-ը:

«Մեր հանրության մեջ կարծիք կա, որ ռազմական գործողությունների վերսկսումն ընդամենը ժամանակի հարց է. միգուցե՝ շաբաթների, միգուցե՝ ամիսների: Թեև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Պաշտպանության նախարարը
մշտապես պետք է պատրաստ լինեն այն հանգամանքին, որ հենց վաղը ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,­- ասել է Սարգսյանը:

«Ես չեմ կիսում այն կարծիքը, որ մոտ օրերս կարող են ռազմական գործողություններ սկսվել: Թեև, երբ գործ ունես անկանխատեսելի հարևանի հետ, ապա ամեն ինչ հնարավոր է»,­-նշել է Սերժ Սարգսյանը:

Գործակալության բնորոշմամբ՝ ցանկացած նոր պատերազմ Արցախում կարող է հանգեցնել տարածաշրջանային հսկաներ՝ Ռուսաստանի և Թուրքիայի թշնամությանը Կովկասյան տարածաշրջանում, որը պատմականորեն եղել է նրանց աշխարհաքաղաքականության մրցակցության ասպարեզը:

ՀՀ Նախագահն անդրադարձել է նաև հայ-­թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Անկարան ղարաբաղյան հիմնախնդրում աջակցում է իր
դաշնակից Ադրբեջանին:

«Երևանի և Անկարայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, քանզի 1993 թվականին Թուրքիան թրքախոս Ադրբեջանին աջակցելու համար փակեց իր սահմանը Հայաստանի հետ: Թուրքիային զայրացնում է նաև այն փաստը, որ Երևանը պնդում է, որ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ կատարված զանգվածային սպանությունները պետք է ճանաչվի որպես ցեղասպանություն»,­-հիշեցնում է «Ֆրանս Պրես»-­ը:

«Ես կարծում եմ՝ այս փուլում հայ-­թուրքական հարաբերությունները մտել են փակուղի,-­ ասել է Սարգսյանը,­- հայտնի դարձավ, որ նրանք հայ­-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ­-ադրբեջանական հարաբերություններով և այլևս դա չեն թաքցնում: Եվ բանը հասել է նրան, որ թուրքերի բոլոր հայտարարություններն արդեն իրական հայտարարություններ են, միակողմանի հայտարարություններ են՝ ի սատարումն Ադրբեջանի»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք մատակարարելուն՝ ասելով. «Գիտեք՝ մեզ համար դա ծանր է նաև հասկանալի պատճառով, որովհետև Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է»:

«Մոսկվան վաճառում է զենք նախկին Սովետական Միության երկու պետություններին՝ և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, չնայած ռազմական դաշինք ունի միայն Հայաստանի հետ»,­- նշում է գործակալությունը:




Լրահոս