«Ընտրություններին չի մասնակցում, հետևաբար ոչ մի թիրախ էլ չունի». ՀՀԿ-ականները Զարուհի Փոստանջյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Նա նշեց, որ նոր ձևավորվելիք ուժին ներգրավվելու է սփյուռքը:

«Հանրությունը հասկանում է, որ մեր առաջնային թիրախ թշնամին ՀՀԿ-ն է եւ Սերժ Սարգսյանը, եւ այս հիմնական ընկալման տիրույթում մեր հանրությունը կարող է քաղաքացիական պարտքը եւ քաղաքական դիրքորոշումը հայտնել»:

Այս հայտարարության վերաբերյալ ArmLur.am-ը  փորձեց պարզել ՀՀԿ խմբակցության պատգամավորների տեսակետը:

Ի պատասխան մեր այս հարցադրմանը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշեց. «Նա չի մասնակցում ընտրություններին, ապա ինչ թիրախ: Քանի որ ինքը չի մասնակցում, հետևաբար ոչ մի թիրախ էլ չունի»:

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ նշեց, որ անլուրջ է վերաբերում այս հայտարարությանը. «Նման անլուրջ հայտարարություններ ես չեմ մեկնաբանում»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ, պատասխանելով մեր հարցին, նշեց. «Հայտարարությանը ծանոթ չեմ, բայց նախընտրական թոհուբոհի մեջ հասցրել եմ տեղեկանալ, որ որոշել է նոր կուսակցություն ստեղծել: Ցանկացած քաղաքական գործչի իրավունքն է և քաղաքական հայացքն է իրացնել իր իսկ նախընտրած ձևաչափով, տարբերակով, ճանապարհով:

Կուսակցությունը կարող է ընտրել որևէ այլ ձևաչափ, ես հարգում եմ նրա որոշումները, բայց ես կարծում եմ, որ ցանկացած կուսակցություն պետք է ստեղծվի հանուն ինչ-որ բանի, ոչ թե ընդդեմ ինչ-որ բանի»:

Արփինե Թովմասյան




Լրահոս