Բրիտանական խորհուրդը, Beeline–ը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 15-ր հոբելյանական փառատոնի մեկնարկի մասին։
Մարտին փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Գյումրիում, Դիլիջանում, Արմավիրում և Մարտունիում: Բրիտանական ֆիլմերի 15-ր հոբելյանական փառատոնն արդեն մեկնարկել է Գյումրիում, որից հետո այն կայցելի Դիլիջան: Հանրապետության չորս քաղաքում կցուցադրվեն երեք ֆիլմ և BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին, որից հետո Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ կկազմակերպվի մարդու իրավունքներին նվիրված քննարկում:
Հայաստանում բրիտանական դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց. «Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է՝ ցուցադրելու բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշները: Մշակույթը հիանալի միջոց է, որն օգնում է ազգերին ավելի լավ ճանաչել իրար, ինչպես նաև փոխանակել միմյանց համար կարևոր գաղափարներ: Այս տարվա ֆիլմերը մարդու իրավունքների, բազմազանության և ներառականության մասին են, ուստի Բրիտանական դեսպանատունն ուրախ է համաֆինանսավորել փառատոնը: Առաջարկվող ֆիլմերը շատ լավն են, և ես հուսով եմ, որ դրանք դուր կգան մեր հայ բարեկամներին»:
«Յուրաքանչյուր տարի փառատոնն այցելում է տարբեր մարզեր, ինչը հնարավորություն է տալիս մշակութային կյանքը մայրաքաղաքից տեղափոխել նաև այլ կենտրոններ: Չորս մարզում հանդիսատեսը կդիտի բրիտանական նորագույն ֆիլմերը», – ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
«Աջակցելով նման ծրագրերի իրականացմանը, Beeline–ն օգնում է երիտասադներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Մենք չափազանց կարևորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն ֆիլմերի հետ, որն էլ ավելի կընդլայնի տաղանդավոր հայ երիտասարդների մտահորիզոնը և կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի աջակիցն է Երևանում Բրիտանական դեսպանատունը, իսկ գլխավոր հովանավորն է Beeline-ը։
Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 18-ին և ցուցադրվել էր յոթ ֆիլմ:
Բրիտանական ֆիլմերի փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը և web.tv-ն: