Արարատ Զուրաբյանը՝ ժամանակին Գագիկ Ծառուկյանին քննադատելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից է: Կուսակցապետը իր թեկնածությունն առաջադրել է թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն համայնքները: Ինչու՞ ՀՀՇ-ն չստորագրեց դաշինքի հուշագրի տակ, եւ ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում, որ Զուրաբյանը սկսել է աջակցել Ծառուկյանին. «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանն է:

Պարո՛ն Զուրաբյան, Դուք «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի անցողիկ տեղում եք գտնվում, միեւնույն ժամանակ առաջադրվել եք ռեյտինգային ընտրակարգով: Դեպի խորհրդարան տանող ո՞ր ճանապարհն եք ավելի հաջողակ եւ արդյունավետ համարում Ձեզ համար:

-Ես «Ծառուկյան» դաշինքի վեցերորդ հորիզոնականում եմ եւ կարծում եմ, որ համամասնական ճանապարհով շանսերը բավականին մեծ են: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրությանը, ապա առաջադրվել եմ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշենն ընդգրկող ընտրատարածքում եւ բավականաչափ բարձր եմ գնահատում շանսերս, որովհետեւ առաջին անգամ չէ, որ ընտրություններին մասնակցում եմ այս տարածքում: Բազմիցս մասնակցել եմ, բազմիցս լավ արդյունքներ եմ արձանագրել եւ համոզված եմ, որ այս անգամ եւս որեւէ բան դրան չի խոչընդոտի:

-Իսկ Ձեզ կօգնի՞, թե՞ կխանգարի այն փաստը, որ Դուք ժամանակին եղել եք Կենտրոն համայնքի թաղապետը:

-Ես կարծում եմ, որ շատ կօգնի, կօգնի, որովհետեւ բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվել, եւ այդ շփումները նաեւ բերել են որոշակի ճանաչում, եւ եթե անհամեստ չթվա՝ կարծում եմ՝ որոշակի հարգանք: Ու դա իր դերը խաղալու է, դրանում արդեն իսկ համոզվում եմ, որովհետեւ բազմաթիվ ընտրողներ, որոնց տարիներ շարունակ չէի հանդիպել, հիմա գալիս են իմ նախընտրական շտաբ, հանդիպում են հետս եւ փաստորեն իրենց աջակցությունն են առաջարկում եւ վստահեցնում են, որ մեկ մարդու նման ընտրելու են ինձ: Ես կարծում եմ, որ դա շատ կօգնի:

Պարո՛ն Զուրաբյան, «Ծառուկյան» դաշինքի համաձայնագիրը ստորագրեցին ԲՀԿ-ն եւ «Ալյանս»-ը: Ինչո՞ւ ՀՀՇ-ն չստորագրեց, «Ալյանս»-ն ավելի՞ մեծ ուժ է, ո՞րն էր խնդիրը:

-Ընդհանրապես խնդիր որպես այդպիսին չկար, ՀՀՇ վարչությունը որոշել էր աջակցել ինձ, իմ թեկնածությունը կոնկրետ առաջադրելու պարագայում, մենք որոշել էինք, որ ես պետք է մասնակցեմ միայն ՀՀՇ-ից, ուստի եւ գտանք նպատակահարմար, որ ոչ թե հուշագիր ստորագրենք, այլ մասնակցությունը լինի: Սակայն միաժամանակ պետք է ֆիքսել, որ սա ընտրական դաշինք է, եւ ընտրական դաշինքում իմ առջեւ նշված է լինելու ՀՀՇ կուսակցություն, ըստ այդմ, ընտրողի համար թյուր ըմբռնում չկա, կարծում եմ:

-Հիմա Դուք համագործակցում եք Գագիկ Ծառուկյանի հետ, մի մարդու, ում ժամանակին քննադատում էիք: Ինչ-որ բա՞ն է փոխվել տարիների ընթացքում:

-Ես, ուրեմն, պարոն Ծառուկյանի հետ շատ լավ ընկերական, դրական, մարդկային հարաբերություններ եմ ունեցել այդ բոլոր տարիներին: Իսկ քաղաքական համագործակցության փորձ չենք ունեցել, կարծում եմ՝ սա կլինի քաղաքական փորձը, եւ համոզված եմ, որ կլինի հաջողված: Իսկ մեր վերաբերմունքը ուղղված է եղել ոչ թե պարոն Ծառուկյանին, այլ նրանց, ովքեր փորձում էին, օգտվելով իրավիճակից, Ծառուկյանի հետ համատեղ գնալ ինչ-որ մի գործընթացի, որը մենք գտնում ենք ոչ նպատակահարմար կամ ոչ այնքան իրականանալի, սա է, ինչի վերաբերյալ արտահայտվել էինք: Հիմա լրիվ նոր իրավիճակ է, ընտրություններ են, նախընտրական պրոցես է, եւ ես կարծում եմ, որ ընտրություններին իրար հետ համատեղ գնալը շատ նորմալ է, եւ համոզված եմ, որ շատ արդյունավետ է լինելու:

-Պարո՛ն Զուրաբյան, Դուք 2013 թվականի մարտի 4-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել եք. «Եթե Ծառուկյանը քաղաքականությամբ է զբաղվում, պետք է իմանա՝ էս տիպի պետության մեջ ապօրինությունների կայացման գործընթացին ինքը լրջագույնս մասնակցել է, որովհետեւ կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողքին, ընդհուպ՝ մարտի 1-ը»:

-Ինչեւէ:

Դուք չեք կիսում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ: Ժամանակին նրա թիմի անդամ էիք, այդժամ կիսու՞մ էիք:

-Ես մշտապես եղել եմ խաղաղ կարգավորման կողմնակից, բայց ինքս զենքը ձեռքիս պայքարել եմ Ղարաբաղում, երբ որ ընթացել է պատերազմը, եւ գտնում եմ, որ մենք պետք է գնանք այն ճանապարհով, որը հնարավորություն է տալիս արժանապատիվ խաղաղություն հաստատել եւ ոչ թե փորձել խաղաղության գնալ ամեն գնով, ցանկացած փոխզիջումների գնով: Ես կարծում եմ, որ խաղաղությունը պետք չէ շահարկել, խաղաղության ձեռքբերման լավագույն հնարավորությունը միշտ պատրաստ լինելն է թշնամու հարձակմանը:

Ես գտնում եմ, որ իրարամերժ է մի կողմից ՀԱԿ ներկայացուցիչը հայտարարում է, որ Հայաստանը շատ թուլացել է եւ չի կարող դիմադրել Ադրբեջանին, մյուս կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ եթե Ադրբեջանը սանձազերծի ռազմական գործողություններ, ապա պարտություն կկրի: Եթե նրանք կարողանան իրար մեջ այդ իրարամերժ հարցերը որոշակիացնել, այն ժամանակ հնարավոր կլինի պատասխանել, թե, ասենք, ինչին ենք կողմ, ինչին ենք դեմ: Ես գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, եւ ինքը կայացնի որոշում իր ապագայի վերաբերյալ, իսկ Հայաստանը եղել է եւ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը:

Վահագն Հակոբյան




Լրահոս