Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է «Եղբայրներ», «Մամա», «Խաչվող հետքեր», «Ֆուլ հաուս», «Կայարան» հեռուստանախագծերից եւ «Poker.am», «Հյուսիս-հարավ», «Carte Blanche» ֆիլմերից, առաջիկայում կնկարահանվի 25 մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմաշարում:
Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը` Էվան` դեռեւս հրաժարվելով հայտնել մանրամասներ: Բացի այդ` դերասանուհին ընդգրկվելու է Կամերային թատրոնում ներկայացվելիք երիտասարդական, ժամանակակից լուծումներով «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ:
Նշենք, որ Էվան նոր է վերադարձել ԱՄՆ-ից, ուր Մկրտիչ Արզումանյանի, Հովհաննես Ազոյանի, Գրիշա Աղախանյանի հետ մեկնել էր խաղալու «Պլյուս-մինուս» ներկայացման մեջ. «20 օր նահանգներում ենք եղել, ֆանտաստիկ շրջագայություն ենք ունեցել, բավական հագեցած օրեր ենք ապրել, հասցրել ենք հրաշալի տեղերում լինել, լավ ընկերներ ձեռք բերել»,-պատմեց նա: Մենք անդրադարձանք նաեւ Էվայի` ԱՄՆ-ում իրականացված համարձակ ֆոտոշարքին (հեղինակ` Սեդա Ստեփանյան), որը բուռն կերպով քննարկվեց օնլայն տիրույթում.
«Դա է մեր իրականությունը, որն անընդհատ ուղեկցում է մեզ: Կարելի է ասել` արդեն սովորել ենք դրան: Թեեւ ես իմ տեսակով` որպես դերասանուհի եւ պարզապես անհատ, հարմարվող չեմ, մշտապես առաջ եմ քաշում իմ մտածողությունը, սակայն հանրության տարբեր զանգվածների հետ բախումից էլ չեմ վախենում: Դերասանը պետք է իր դիրքորոշումն ու աշխարհընկալումն առաջ քաշի, ով կընդունի` կընդունի, ով ոչ` ոչ: Վերջիվերջո, մենք հանրային անձինք ենք եւ կարող ենք ենթարկվել կրիտիկայի: Այնուամենայնիվ, կարծում եմ, իրավիճակն աստիճանաբար փոխվում է:
Օրինակ` նախկինում, երբ մենք բացասական (հարաբերական իմաստով) դերեր էինք խաղում, մեզ ասոցացնում էին մեր կերպարների հետ, բայց հիմա արդեն այդ միտումը չեմ նկատում: Վերադառնալով ֆոտոշարքին` հավելեմ, որ սկզբում չէինք նախատեսել բաց, համարձակ կերպարներ ստանալ, բայց ամերիկյան շունչը, ծովն ու ալիքները կարծես տրամադրեցին դրան: Շատ գոհ եմ մեր աշխատանքի արդյունքից, հասցրել եմ լսել մի շարք դրական արձագանքներ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բաբաջանյան