Ինչպես սպասվում էր՝ Մասիս քաղաքում Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում ընդգրկված թեկնածուների թիմակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը ունեցավ իր հանգուցալուծումը: ԱԺ պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Արայիկ Գրիգորյանի` Ավշարի Արայիկի հոխորտանքները մնացին օդից կախված:
Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 24-ին ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ռեյտինգային ընտրակարգով, Մասիս քաղաքում նախընտրական շտաբ էր բացել: Նա իր շտաբը տեղակայել էր Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին, ինչը դուր չէր եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին: Բանն այն է` կուսակցությունում ներքին պայմանավորվածություն կար, որ Արայիկ Գրիգորյանը չպետք է Մասիս քաղաքում գործունեություն ծավալեր: Նա Արարատի մարզի մի քանի քաղաքներում պետք է գործի, շտաբ բացի եւ այսպես շարունակ:
Իսկ կոնկրետ Մասիս քաղաքը «հանձնված» է մարզում առաջադրված Հանրապետական մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանին: Սակայն Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը, երբ խախտել էր ներքին պայմանավորվածությունը եւ գնացել, Մասիս քաղաքում շտաբ էր բացել, այդ երեւույթը դժգոհություն էր հարուցել: Մուրադ Մուրադյանն էլ որոշել էր պատժել նրան: Ուղարկել էր իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել էին Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի էին ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել Հակոբյանին, որը գլխի շրջանում ստացած մի շարք վնասվածքներով տեղափոխվել էր Մասիսի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Այս հանգամանքը խիստ վրդովեցրել էր Արայիկ Գրիգորյանին եւ վերջինս Մասիսում հրապարակավ հայտարարել էր, որ իր շտաբի վրա հարձակում կատարած անձինք պատասխան են տալու, եւ ինքն անձամբ է պատժելու Մուրադյանին: Ու մինչ Արայիկ Գրիգորյանը տղայական սկզբունքներով էր փորձում խնդրին լուծում տալ, փետրվարի 24-ին միջադեպի մասով ոստիկանությունում հետաքննություն սկսվեց:
Եվ ահա 10 օր անց` մարտի 6-ին, տեղի ունեցած միջադեպը ունեցավ իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ» օրաթերթին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի հիմքով քրեական գործ չի հարուցվել եւ այն կարճվել է. «Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը»:
Ի դեպ, Արայիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով միջադեպին, նշել էր, թե ինքը նման բան չի ասել, որ անձամբ է պատժելու իր թիմակցի ծեծողներին եւ հետո զարմացած էր, թե ինչ են քննում իրավապահները, եթե ծեծ չէր եղել: Սակայն իրավապահներն իրականում գործը կարճել են` բողոք չլինելու հիմքով: Այսինքն՝ Արայիկ Գրիգորյանն իր շտաբի աշխատակցին հրահանգել է լռել: Չնայած որ ծեծվածը բազում վնասվածքներ է ստացել:
Սա նշանակում է, որ Արայիկ Գրիգորյանը հարմարվեց այն մտքի հետ, որ իր թիմակցին կարող են ծեծել եւ հետո գործը փակված համարել: Ըստ էության, այս որոշումը զարմանալի չէր ոչ ոքի համար, քանի որ ծեծից հետո Սերժ Սարգսյանը հանդիպել էր կուսակցության ռեյտինգային թեկնածուների հետ եւ հրահանգել «կռիվ-դավի չանել»:
Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում Մասիսի միջադեպից հետո արձանագրված մյուս դեպքերին: Հիշեցնենք, որ մարտի 4-ին Արտաշատի ՀՀԿ գրասենյակի տարածքում միմյանց ծեծել էին ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուներ Ալիկ Սարգսյանի եւ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները: Ծեծկռտուքի ժամանակ հնչել էին նաեւ կրակոցներ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վեճը եղել է միմյանցից ձայներ խլելու պատճառով, սակայն ավելի ուշ հայտնեցին, թե վեճը անձնական խնդիրների պատճառով է եղել:
Դրանից առաջ` փետրվարի 26-ին էլ նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ Փարպիում ծեծի էր ենթարկել համագյուղացիներից մեկին այն բանի համար, որ վերջինս հայտարարել է ՀՅԴ-ի օգտին քվեարկելու մասին: Ընդ որում, ծեծկռտուքը տեղի էր ունեցել հենց Բ. Առաքելյանի տանը, ուր հրավիրել էին ՀՅԴ կողմնակցին: Դատելով ստեղծված իրավիճակից՝ այս հանցանքները եւս քննության առարկա չեն դառնա: Քաղաքական հրահանգն այդպիսին է:
Քնար Մանուկյան