Արդեն ողջ թափով ընթանում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, հնչում են տարբեր խոստումներ եւ հայտարարություններ: Եվ հատկապես ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն ու այս կուսակցության ներկայացուցիչների հնչեցրած խոստումները ստիպում են հայացք գցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների՝ նախորդ հինգ տարիների գործունեությանը: Այսօր կանդրադառնանք ՀՀԿ պատգամավոր Մարինե Մարաբյանի աշխատանքին:
ՀՀԿ-ի անհայտ պատգամավորներից է Մարինե Մարաբյանը, որը մանդատ է ստացել մեծամասնական ընտրակարգով թիվ 40 ընտրատարածքից: Մարաբյանը եղել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ նախագահի գործերի կառավարիչ, «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն եւ այլն: Մարաբյանը խորհրդարանում, կարելի է ասել, հայտնվել է «Գրանդ Քենդիի» սեփականատեր Միքայել Վարդանյանի փոխարեն։ Ընտրվելիս Մարաբյանը համոզում էր, որ ԱԺ է գալիս հայրենական արտադրության եւ գյուղացիության շահերի պաշտպանությանը զորավիգ լինելու նպատակով: Նման հավակնություններով հանդերձ, սակայն, 5 տարվա մեջ Մարաբյանին խորհրդարանում չեն ճանաչում նույնիսկ նրա գործընկերները:
Հատկապես հիշարժան է 2015թ. դեկտեմբերին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ պատահած միջադեպը, երբ վերջինս, չճանաչելով իր խմբակցության պատգամավորին, լրագրողներին հարցրել էր. «Էրեխեք, էս ո՞վ ա»: Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ Մարաբյանը խորհրդարանում ամենահարուստ պատգամավորներից է: Ինչեւէ, 5 տարվա ընթացքում նա խորհրդարանում կողմ է քվեարկել 662 անգամ, դեմ` 7 եւ 3 անգամ էլ ձեռնապահ: Մարաբյանը բացակայել է 261 նիստերից, քվեարկություններից հրաժարվել 30 անգամ: Երբեւէ հարց չի բարձրացրել, ինչպես նաեւ չի մոտեցել ՀՀ ԱԺ ամբիոնին: Թերեւս նման պասիվ կեցվածքն է եղել պատճառը, որ Սերժ Սարգսյանը որոշել է Մարաբյանին այլեւս չընդգրկել ՀՀԿ-ի ցուցակում:
Ն. Հովսեփյան