Շուշան Պետրոսյանի նկատմամբ Սերժ Սարգսյանն անչափելիորեն բարի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ողջ թափով ընթանում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, հնչում են տարբեր խոստումներ եւ հայտարարություններ: Եվ հատկապես ՀՀԿ-ի  նախընտրական  ծրագիրն ու այս կուսակցության ներկայացուցիչների հնչեցրած խոստումները ստիպում են հայացք գցել ԱԺ ՀՀԿ խմբակցության  անդամների՝ նախորդ հինգ տարիների գործունեությանը: Այսօր կանդրադառնանք ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի օրենսդրական աշխատանքին:

Շուշան Պետրոսյանը նույնիսկ մինչեւ 2012թ. պատգամավոր դառնալն էր հանդես գալիս իշխանությունների պաշտպանությամբ: Այդ «մտերմությունը» հատկապես հանրային ուշադրությանն արժանացավ 2008թ. մարտի 1-ի շրջանում: Հիշենք, որ Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը, որպես ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ 6-րդ վարչության աշխատակից, 2008թ. մարտի 1-ին դաժան ծեծի էր ենթարկել Գագիկ Շամշյանին:

Նրա անվան հետ էին առնչվում նաեւ Երեւանում տաքսի ավտոմեքենայի վարորդի դաժան ծեծը, ոստիկանության 6-րդ վարչությունում նախկին զինդատախազ Գ. Ջահանգիրյանին ծեծի ենթարկելը եւ այլն: Պետրոսյանը մեկ անգամ չէ, որ արդարացրել է կատարվածը` հանդես գալով Սերժ Սարգսյանի ջերմեռանդ պաշտպանությամբ եւ վերջինիս ընդդիմախոսների հասցեին պիտակավորումներով: Հիշարժան է նաեւ համացանցում նախորդ տարի արձանագրված դեպքը, երբ Շուշան Պետրոսյանը «պաշտպանում» էր հայկական բանակի ու այնժամ Պնախարար Սեյրան Օհանյանի պատիվը. «Ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ՝ աչքերդ կհանեմ»»,- սոցիալական ցանցի օգտատերերից մեկին սպառնացել էր պատգամավորը:

Խորհրդարանում Շուշան Պետրոսյանն այնքան էլ ակտիվ չի եղել նախորդ 5 տարիներին: Արդյունքում նույնիսկ նրա մոտ էր տպավորություն ստեղծվել, որ Սերժ Սարգսյանն իրենից այնքան էլ գոհ չէ: Մեկ ամիս առաջ Պետրոսյանը հայտարարում էր, որ ՀՀԿ-ից առաջարկ չի ստացել: Նա չէր բացառել երկրին այլ տարբերակներով ծառայելը, եթե կրկին պատգամավոր չդառնա: Սակայն պարզվեց՝ Շուշան Պետրոսյանի նկատմամբ Սերժ Սարգսյանը անչափելիորեն բարի է, ինչի արդյունքում էլ Պետրոսյանն այսօր ՀՀԿ համամասնական ցուցակի 16-րդ համարն է: Իսկ 5-րդ գումարման ԱԺ-ում Պետրոսյանի գործունեության պատկերը հետեւյալն է. կողմ` 786, դեմ` 7, ձեռնապահ` 1: Այս ընթացքում հասցնելով բացակայել 112 նիստերից` պատգամավորը քվեարկություններից հրաժարվել է 57 անգամ: 1 անգամ ելույթ ունենալով ՀՀ ԱԺ ամբիոնից` Պետրոսյանը 5 անգամ էլ հանդես է եկել հարցապնդումներով:

Ն. Հովսեփյան




Լրահոս