Բազմասեր Առաքելյանը համոզե՞լ է իր կողմից ծեծի ենթարկված դաշնակցականին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական ծեծուջարդի գործը կրկին «ջրվեց»։
Եվ այսպես՝ փետրվարի 26-ին հրապարակվել էր, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում ԲՀԿ-ն լքած եւ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները Փարպի գյուղում ծեծի էին ենթարկել բնակիչներից մեկին: Իսկ պատճառը եղել էր այն, որ Փարպի գյուղի բնակիչներ երկու եղբայրներ ասել էին, թե ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին քվեարկելու է ՀՅԴ-ի օգտին:

Արդյունքում ՀՀԿ-ական թեկնածուի թիմակիցները Բազմասեր Առաքելյանի տուն էին հրավիրել Փարպի բնակիչներին, եւ նրանց մեջ սկսել էր տհաճ խոսակցություն: Արդյունքում նրանց միջեւ խոսակցությունը այն աստիճան էր թեժացել, որ ՀՅԴ-ի օգտին քվեարկող բնակիչներից մեկը հայհոյել էր ներկաներին, արդյունքում գործի էին դրվել բռունցքները: Չբավարարվելով եղբայրներից մեկին ծեծելով՝ հարձակվել էին նաեւ տուժածի եղբոր վրա: Իրավապահները դեպքին ընթացք էին տվել եւ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի հրահանգով ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով`ծեծ, նյութեր էին նախապատրաստել:

Երեկ նյութերի նախապատրաստման համար նախատեսված 10-օրյա ժամկետը լրացավ, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1 կետի հիմքով բացակայում է հանցագործության դեպքը:

Ըստ էության, կոալիցիոն գործընկերները կատարված միջադեպը լուծեցին ոչ թե իրավական հարթությունում, այլ ներքին կարգով, ինչը սպասելի էր բոլորին:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանից մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս ասաց, որ հեռախոսով մեկնաբանություն չի տալիս: Մեր այն հարցին՝ որտեղ կարող ենք նրան տեսնել եւ անձամբ մեկնաբանություն ստանալ, Աղվան Վարդանյանը նշեց, թե՝ երկնքում, երկնքում:

Քնար Մանուկյան

 




Լրահոս