Խորհրդային քանդակները ջրի տակ սուզելը համարում են արհամարհական վերաբերմունք. ի՞նչ այլընտրանք են առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտնել է, որ Սեւանա լճում ստեղծվելու է Ջրասուզակների թանգարան, որտեղ կցուցադրվեն խորհրդային տարիներից մնացած եւ տարբեր տեղերում պահվող սոցիալիստական ռեալիզմի ժամանակաշրջանի արձանները, որոնց մի մասը կտեղադրվի լճի հատակին, ուստի հարկավոր կլինի հատուկ մասնագետների օգնությամբ սուզվել` դրանք դիտելու համար:

Այս տեղեկությունը հանրության, մասնագետների շրջանում տարակարծությունների առիթ է տվել: Ծրագիրն արդեն իսկ սկսել է մտահոգել բնապահպաններին: Բացի էկոլոգներից` ծրագիրը ռիսկային, նաեւ անթույլատրելի են համարում մշակույթի ոլորտի մասնագետները: Քանդակագործ Սահակ Պողոսյանն, օրինակ, բաց նամակ է հղել Արմեն Ամիրյանին` կատարելով հետեւյալ հարցադրումը` ի՞նչ իրավունքով է սովետահայ քանդակագործական դպրոցի նկատմամբ կիրառվում ոչ մասնագիտական վերաբերմունք. «Վերջին հաշվով` այդ դպրոցը Խորհրդային Միությունում ամենալավն է եղել, քանի որ, ուզենք, թե չուզենք, այն ստեղծվել է այնպիսի հանճարեղ մարդկանց կողմից, ինչպիսիք էին Ս. Մերկուրովը, Հ. Գյուրջյանը, Ա. Սարգսյանը, Ղ. Չուբարյանը, Ա. Հարությունյանը եւ շատ ուրիշներ: Ոչ ոք իրավունք չունի ծաղրի ենթարկել այդ մարդկանց` մեծ մասամբ հավատով արված աշխատանքը: Իսկ եթե ուզում եք արժեւորել այդ ժամանակահատվածի մշակույթը, դրա համար կան ուրիշ ձեւեր»,-ասված է նամակում:

Քանդակագործը հարցրել է` ինչո՞ւ կյանքի կոչել այդքան ծախստար եւ բարդ նախագիծ` էկոլոգիական խնդիրներով հղի, այն դեպքում, երբ Հայաստանը չունի իր անկախության շրջանի մշակութային կենտրոնը` թանգարան, որը կարող է հանրահռչակել հայկական արվեստը:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ: Նրա խոսքով` որքան էլ մենք դժգոհ լինենք մեր պատմության այս կամ այն շրջանից, այնուամենայնիվ, դա մնում է մեր պատմությունը. չենք կարող փակել մեր աչքերը կամ խեղել իրականությունը. «Դրանք արվեստի գործեր են, որոնք ստեղծվել են վարպետների կողմից, եւ դրանց նկատմամբ արհամարհական վերաբերմունքն անընդունելի է: Այդ գործերի մեջ հրաշալի քանդակներ կան, օրինակ` Մարքսինը: Հիշում եմ` 1980-ականներին Գյումրիում ներկայացվեցին Ս. Մերկուրովի գործերը, այդ թվում` Լենինի, Ստալինի արձանները, մշակույթի, գիտության, քաղաքական ոլորտի գործիչների դիմանկարներ: Դու գնում էիր ցուցադրությանը եւ ականատեսն էիր լինում այդ շրջանի պատմությանը: Հիմա էլ նման մի բան կարելի է անել` քանդակները հավաքել մի պուրակում եւ ցուցադրել: Դա մարդկանց համար պատմությանը ծանոթանալու հրաշալի առիթ կլինի: Խորհրդային շրջանի գործերը սուզելու հարցը առանձին պաշտոնյայի կամ կուսակցության որոշելու խնդիր չէ. պետք է մշակույթի, պատմության ոլորտի մասնագետների խումբ լինի, որը կկայացնի պրոֆեսիոնալ որոշում: Այսինքն` դա որեւէ մեկի կամքի արտահայտման արդյունք չպետք է լինի»,-մեկնաբանեց նկարիչը:

Մենք նշեցինք, որ Ջրասուզակների թանգարանի ստեղծումը, ըստ նախարարի, կարող է նաեւ զբոսաշրջիկներին գրավելու միջոց լինել, իսկ պարոն Շահումյանը հակադարձեց. «Սեւանը քանդուքարափ անելը մեծագույն հանցագործություն կլինի: Այդպես չի կարելի: Զբոսաշրջիկներին գրավելու համար Սեւանի ափին ռեստորանների ու գիշերային ակումբների փոխարեն թող մշակութային միջավայր ստեղծեն: Զբոսաշրջիկի համար հետաքրքիր կլինի, օրինակ, նստել Սեւանի ափին ու գյուղացու հետ մի բաժակ թան խմել: Ի՞նչ պարտադիր է Սեւանի հատակն ինչ-որ բան սուզենք: Ամբողջ աշխարհում նմանատիպ թանգարաններ ստեղծվում են ծովերի հատակներին, բայց Սեւանը Հայաստանի եզակի կենսատուն է, իսկ եթե զբոսաշրջիկը սուզվելու ցանկություն ունի, թող սուզվի, ի՞նչ պարտադիր է՝ այնտեղ քանդակներ տեսնի»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս