Առաջին տպարանի փոխարեն կառուցելու են 9 հարկանի հյուրանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի առաջին տպարանի շենքի փոխարեն նախատեսվում է առաջիկայում 9 հարկանի հյուրանոցային համալիր կառուցել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անցած տարվա դեկտեմբերի 8-ին Երեւանում տեղի են ունեցել «Տիար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երեւանի առաջին տպարանի շենքը հյուրանոցային համալիրի վերակառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի եւ դրա փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումները:

«Տիար» ընկերությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ հանրային քննարկումները տեղի են ունեցել, եւ առաջիկայում ընկերությունը կսկսի շինարարությունը: Տեղեկացնենք, որ Երեւանում պայթեցման միջոցով քանդված մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը, որը մոտ 100 տարվա պատմություն ուներ, պատկանում է «Անի» հյուրանոցի սեփականատեր Գենիկ Կարապետյանին: Գ. Կարապետյանի հետ տպարանի տեղում հյուրանոց կառուցելու մասին «Ժողովուրդ»-ին չհաջողվեց զրուցել, քանի որ Հայաստանում չէր:

Ինչպես հայտնի է՝ մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը պայթեցվեց անցած տարվա հոկտեմբերի 27-ին՝ «Նորտեխ շին» ընկերության կողմից: Սակայն այդ պայթեցման աշխատանքները ընկերության համար թանկ արժեցան:

Քանի որ շենքը պայթեցնելուց օրեր անց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը եւ լիցենզավորման հանձնաժողովը ուսումնասիրել էին Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետեւանքները, 2 ամիս ժամկետով կասեցրել եւ 1 մլն դրամի չափով տուգանքի էին ենթարկել պայթեցման աշխատանքներ իրականացրած «Նորտեխ շին» ընկերությանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս