ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների ճնշող մեծամասնությունը հին դեմքերն են. օրենսդրական ինչ գործունեություն է ունեցել Նահապետ Գևորգյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քարոզարշավի մեկնարկից ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրողներին ցույց տալ ՀՀԿ-ի նոր դեմքը` հանձինս մի խումբ երիտասարդների, վարչապետ Կարեն Կարապետյանի ու Պնախարար Վիգեն Սարգսյանի: Սակայն ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների ճնշող մեծամասնությունը հին դեմքերն են, որոնք մեկ անգամ չէ, որ հայտնվել են սկանդալային իրավիճակներում եւ հասարակության շրջանում ունեն նվազագույնը հակասական ընկալում: Այդ կապակցությամբ այսօր անդրադառնանք թիվ 6 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ի թեկնածու Նահապետ Գևորգյանի օրենսդրական աննկուն գործունեությանը

Նահապետ Գեւորգյանի (հայտնի որպես` Նովո) պատգամավորական գործունեությունը սկսվել է 1999թ., երբ մանդատ է ստացել թիվ 40 ընտրատարածքից: Խորհրդարանում նա ընդգրկվել էր «Միասնություն» դաշինքի խմբակցության մեջ: 2003թ. Գեւորգյանը պատգամավոր է դարձել արդեն թիվ 30 ընտրատարածքից` հայտնվելով ՀՀԿ խմբակցության կազմում: Արդեն 2007թ. նա պատգամավորական մանդատ է ստացել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով, իսկ 2012-ին կրկնել է այդ սխրանքը: Այս պատգամավորի անվան հետ են կապված ոչ թե օրենսդրական նախաձեռնությունները, այլ զանազան աղմկահարույց իրադարձությունները, որոնց շարքում լրագրողներին հայհոյելն է, ծեծկռտուքներին մասնակցելը եւ այլն:

2012թ. մամուլը քանիցս գրել էր նրա ու որդու մասնակցությամբ մի շարք միջադեպերի մասին, որոնցից հիշարժան են պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանի առեւանգումն ու ծեծը, գազալցակայաններից մեկում տեղի ունեցած կռիվը եւ այլն: Ի դեպ, 2013թ. Նահապետ Գեւորգյանը խոստովանել էր, որ զբաղվում է գործարարությամբ, ավելին` ձգտում էր օլիգարխ դառնալ: Իր խորհրդարանական գործունեության շրջանակներում նա երբեք ԱԺ ամբիոնին չի մոտեցել, ինչպես նաեւ հանդես չի եկել հարցերով: Ինչպես եւ ակնկալվում էր, նրա քվեարկությունների բացարձակ մեծամասնությունը կողմ է եղել` մոտ 90 տոկոս: 5 տարվա ընթացքում նա դեմ է քվեարկել 8 անգամ եւ երբեք ձեռնպահ չի եղել: Բացակայելով 34 նիստերից` նա քվեարկություններից հրաժարվել է 55 անգամ:




Լրահոս