Մանվել Գրիգորյանի եղբորորդին` ՀՀԿ-ի «թարմ» դեմք. արդյոք նա կլինի նոր խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քարոզարշավի մեկնարկից ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրողներին ցույց տալ ՀՀԿ-ի նոր դեմքը` հանձինս մի խումբ երիտասարդների, վարչապետ Կարեն Կարապետյանի ու Պնախարար Վիգեն Սարգսյանի: Սակայն ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների ճնշող մեծամասնությունը հին դեմքերն են, որոնք մեկ անգամ չէ, որ հայտնվել են սկանդալային իրավիճակներում եւ հասարակության շրջանում ունեն նվազագույնը հակասական ընկալում: Այդ կապակցությամբ այսօր անդրադառնանք թիվ 6 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ի թեկնածու Հրանտ Գրիգորյանի օրենսդրական աննկուն գործունեությանը:

Հրանտ Գրիգորյանի պատգամավորական գործունեությունն էլ 18 տարվա փորձառություն ունի` մեկնարկելով 1999թ., երբ նա մեծամասնական կարգով տիրացել է ԱԺ մանդատին ու հանգրվանել «Միասնություն», ապա «Հայաստան» խմբակցություններում: 2003թ. նա պատգամավոր է ընտրվել կրկին մեծամասնականով ու հանգրվանել ՀՀԿ խմբակցության մեջ: 2007 եւ 2012թթ. նա պատգամավոր է դարձել արդեն 20-րդ ընտրատարածքից:

Հրանտ Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, սակայն մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` նրանք այնքան էլ բարեկամական հարաբերությունների մեջ չեն գտնվում: 2008թ. ճակատագրի հեգնանքով նրանք հայտնվել էին լիովին հակառակ բեւեռներում, երբ Մանվել Գրիգորյանը հարում էր Տեր-Պետրոսյանի շարժմանը, իսկ Հրանտ Գրիգորյանը անթաքույց պաշտպանում էր Սերժ Սարգսյանին: 2010թ. «Հետքը» հանգամանալից կերպով վերլուծել էր սույն պատգամավորի ունեցվածքը` պարզելով, որ ոչ պաշտոնապես նրան են պատկանել բազմաթիվ հողատարածքներ Արշալույս, Սամաղար, Հայթաղ, Ակնալիճ, Գեղակերտ համայնքներում, «Գոլդեն Սիթի» անունով հյուրանոցային համալիրն ու ռեստորանը, ավտոգազալցակայան եւ այլն:

Որքան էլ զարմանալի է, 5 տարվա ընթացքում ԱԺ ամբիոնին չմոտենալով հանդերձ` Գրիգորյանը 5 անգամ հանդես է եկել հարցերով: Կողմ է քվեարկել 939 անգամ, դեմ` 9, ձեռնապահ` 1: 14 անգամ հրաժարվելով քվեարկություններից` Հրանտ Գրիգորյանը ԱԺ նիստերից բացակայել է ընդամենը 2 անգամ:

Ն. Հովսեփյան




Լրահոս