Ադրբեջանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին հակադրեց ռազմական ուժը. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության ժողովուրդը ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում օրենսդրության և միջազգային իրավական նորմերի շրջանակներում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը և տարիների ընթացքում կարողացել է ձևավորել արդյունավետ պետական կառավարման համակարգ, տնտեսական և ժողովրդավարության զարգացման հստակ մոդել:

Միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ցավոք, այդ ժամանակ Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ռազմական ուժը հակադրեց: Եվ չնայած սպառազինության, դեմոգրաֆիայի զգալի տարբերությանը՝ Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքները, ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգ:Այսօր Արցախը առաջ է շարժվում տնտեսության զարգացման սեփական մոդելով, զարգացնում է ժողովրդավարությունը, և այս ամենը էականորեն տարբերվում է նրանից, ինչ առաջարկում է Ադրբեջանը»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նշեց Վիգեն Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և արդեն 29 տարի ստիպված է պաշտպանել Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը: «Այսօր էլ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, ուստի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ստիպված են ադեկվատ պատասխան տալ հակառակորդի գործողություններին և կանխել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը»,­ ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:




Լրահոս