Լիդուշիկն արդեն սիրային երգեր է երգում, շուտով կլրանա նրա 18-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորիս աչքի առջեւ մեծացած երգչուհի Լիդուշիկը ընդամենը մի քանի ամսից կդառնա 18 տարեկան: Եվ որքան էլ հանդիսատեսին թվա, թե նա դեռ երեխա է, այնուամենայնիվ, ժամանակը հոսում է, իսկ երգչուհին էլ շարունակում է հանդիսատեսին անակնկալներ մատուցել:

Նրա պրոդյուսերը` Գոհար Ավագյանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ երգչուհին պատրաստվում է առաջիկայում նոր տեսահոլովակներ ներկայացնել «Իմ հայրենիք», «Լավն է կյանքը» եւ «Սրտում առաջին սեր» երգերի հիման վրա: Մեր այն դիտարկմանը, որ Լիդուշիկն արդեն սկսել է սիրային երգեր կատարել, պրոդյուսերը պատասխանեց. «Այդ երգը պատանեկան սիրո հեքիաթային դրսեւորում է, ինչպիսին որ լինում է առաջին սերը»:

Քանի որ բավական վաղ հասակում Լիդուշիկը հասցրել է 4 մենահամերգ ունենալ ԱՄՆ-ում (դրանցից վերջինը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին), հետաքրքրվեցինք` արդյո՞ք հայաստանյան հանդիսատեսի համար մենահամերգով հանդես գալու առիթ լինելու է. «Ամերիկյան համերգների կազմակերպողը մենք չենք, ուստի բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Իսկ Հայաստանի պարագայում մենք ցանկանում ենք ինքներս նախաձեռնել մենահամերգը: Դա դժվար է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ հովանավորներ չունենք (չենք էլ փնտրում): Ամեն դեպքում, չենք ուզում, որ երեւանյան համերգը մեկ ուրիշը կազմակերպի: Պատանեկան սերունդը սիրում է վառ, գեղեցիկ շոու, եւ մենք չենք ուզում, որ մոխրագույն համերգ ստացվի: Հնարավոր է` երեւանյան մենահամերգը կազմակերպենք հենց Լիդուշիկի 18-ամյակի առիթով: Տեսնենք` ինչպես կստացվի»,-մեկնաբանեց Գ. Ավագյանը:

Մենք հարցրինք` Լիդուշիկի համար արդեն այս տարիքում հեշտ է արդյոք ձուլվել շոու-բիզնեսին. «Եթե գործունեությունդ բեմի հետ է կապված, կամա թե ակամա դու հանդիսանում ես շոու-բիզնեսի մի մասնիկ: Լիդուշիկը միշտ էլ, հայտնվելով մեծերի կողքին, վերջիններիս կողմից դրական վերաբերմունքի է արժանացել: Բոլորը նրան թեւեր են տվել, որ կարողանա առաջ գնալ: Չեմ կարծում, թե նա շոու-բիզնեսում որեւէ մեկի տեղը «կնեղացնի»»,-եզրափակեց պրոդյուսերը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս