«Ժողովուրդ»-ը հոգեբան Սամվել Խուդոյանի հետ զրուցել է քաղաքական ուժերի կողմից կիրառվող այն մեխանիզմների մասին, որոնցով փորձ է արվում ազդել հասարակության գիտակցության վրա:
-Պարո՛ն Խուդոյան, ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, ասել է, թե 9 տարբեր կարգախոսներ, որոնք, ըստ էության, նման են իրար: Ըստ Ձեզ՝ ո՞ր ուժի կարգախոսն է ավելի հաղթող եւ որի՞նը ավելի թույլ:
-Մեծ նշանակություն ունի, թե կարգախոսի հետեւում ով է կանգնած: Կարգախոսը ինքնին կարեւոր բան չէ, որ մարդիկ գնան եւ ասեն՝ այս ուժի կարգախոսը լավն է, նրան ընտրենք: Իմ տպավորությամբ՝ կարգախոսներից, հոգեբանական տեսանկյունից, ավելի ճիշտ է կառուցված ՀՀԿ-ի կարգախոսը՝ անվտանգություն, որը ժողովրդի ցանկությունն է արտահայտում, այսօր իսկապես անվտանգության հարցն ամենալավն է:
Առաջընթացի մասով չէ, իսկ եթե լիներ անվտանգություն եւ արդարություն, դա շատ ավելի ուժեղ կլիներ, բայց ՀՀԿ-ն ինչ արդարությունից կարող է խոսել: Ամենաթույլերից, օրինակ, «Մենք կարող ենք»-ն է, դա էլ իրենց անինքնավստահությունն է դրսեւորում: Այդպիսի ընկալում կա: Կարգախոսների մասով պրոֆեսիոնալիզմը թույլ է, տեսահոլովակներից էլ ՀՀԿ-ն իսկապես լավ տեսահոլովակ է ներկայացրել, դե, պարզ է՝ գումարներ շատ ունեն:
-Իսկ ընդհանրապես կարգախոսներին ուշադրություն դարձնո՞ւմ են:
-Կարգախոսներին այդ աստիճան չէ, որքան տեսահոլովակներին, բայց կարգախոսներն էլ գրավիչ բան ունեն, եթե անկեղծ են: Բայց ներկայումս անկեղծությունը չի զգացվում ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր թեւում: Ես արդար բառը հանդիպեցի կուսակցություններից կոնկրետ մեկի մոտ, բայց արդեն այդ կուսակցությունը համարվում է անարդար, եւ այդտեղ անկեղծությանը հակառակ բան են ասում, որն արդեն թեքվում է իրենց դեմ:
-Այս շրջանում քաղաքական ուժերը տարված են քարոզչական աշխատանքներով, բայց իրականում ժողովրդի վրա ազդո՞ւմ են դրանք, թե՞ հիասթափությունը գերիշխող է:
-Բնականաբար, այդ հիասթափությունը կա, նույն դեմքերն են հանդես գալիս, որոնք բազմիցս խոսել են, նույն դեմքերը հաճախ տարբեր կերպարներով են հանդես գալիս՝ մտածելով, որ ժողովուրդը սկրելոզով է տառապում: Բայց բոլոր դեպքերում մարդիկ հիմնականում գիտեն՝ ինչը ինչպես է:
Էական հետաքրքրություն չկա մինչեւ այն պահը, երբ ժողովուրդը զգա, որ ռեալ փոփոխություն է հնարավոր: Դպրոցի մանկավարժներին կբերես, հարեւան, բարեկամ ծանոթներին կբերես, այս սկզբունքով են տեղի ունենում ընտրությունները: Շատերն ասում են՝ ով շատ փող տա, նրան կընտրեմ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Վահագն Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան