Բաժնի պետը՝ մեղադրյալի աթոռին. ում գլխին ջարդվեց Սևանի քաղաքապետարանի աղմկահարույց գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանի քաղաքապետարանում հայտնաբերված աղմկահարույց չարաշահումների մասով հարուցված քրեական գործով կա մեղադրյալ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իրավապահները քաղաքապետարանի աշխատակիցներից պահանջել են համապատասխան փաստաթղթեր, որոնք հետագայում առգրավվել են։

Եվ այսպես՝ դեռեւս 2016 թվականի սեպտեմբերին անդրադարձել էինք Սեւանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքին:

Բանն այն է, որ 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր 2016 թվականի հուլիսի վերջերին Սեւանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու վերաբերյալ։ Սեւանի քննչական բաժնում սեպտեմբերի 5-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացում կատարելը):

Արդյունքում Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը ծանուցագրով հրավիրվել էին հարցաքննության որպես վկա, սակայն վերջինս չէր ներկայացել, եւ քննիչը որոշում էր կայացրել նրան բերման ենթարկել։ Իսկ կոնկրետ ինչ պաշտոնական անփութության մասին էր խոսքը, ըստ նախաքննական մարմնի, hամայնքի պաշտոնատար անձինք զգալի չափերի հասնող՝ 110 գծամետր, որից 66 գծամետրը՝ 600 մմ տրամագծի, իսկ 44 գծամետրը՝ 1000 մմ տրամագծի խողովակներ են յուրացրել: Նախկին քաղաքապետը չէր ընդունում կատարվածում իր բաժին մեղքը եւ դեռ ավելին՝ ըստ էության կատարվածը սքողելու համար այդ օրերին քաղաքի ճարտարապետին գործուղել էր Տավուշի մարզ:

Սակայն, ինչպես ցույց տվեցին զարգացումները, անգամ գործուղումը չփրկեց Սեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, եւ այս գործով իրավապահները դուրս են եկել լուրջ հետքի վրա:

«Ժողովուրդ»-ին վերոնշյալ քրեական գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես այն, որ իրավապահները առգրավել են Սեւանի քաղաքպետարանի համապատասխան փաստաթղթերը եւ գտել այնպիսի խախտումներ, որոնք հիմք են հանդիսացել, որ քաղաքապետարանի պաշտոնյային մեղադրանք առաջադրեն:

Պարզեցինք, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն մասով, որ լինելով համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ՝ ոչ պատշաճ է կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի հետեւանքով Սեւան համայնքին պաշտոնեական անփութությամբ պատճառել է էական վնաս։

Իսկ թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ին պարզել չհաջողվեց, միայն նշենք, որ 2017 թվականի մարտի 9-ին Գեղարքունիքի մարզի դատախազությունը Արտաշես Բադալայանի պաշտոնական անփութության մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտել է եւ այն ուղարկել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ի դեպ, Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը քաղաքից չհեռանալու մասին:

«Ժողովուրդ»-ը Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանից փորձեց պարզել, թե ինչպես նա այս պատմությունից «չոր դուրս եկավ», արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնվեց Արտաշես Բադալյանը, վերջինս ասաց. «Պաշտոնականը մի կողմ թողեք, իրեն մեղադրանք են առաջադրել անփութության համար, այդ տղեն մեղավոր չի, այդ գործը դատարկություն է, օդ է:

Դուք խելացի մարդ եք, չէ՞, գողին մեղադրանք չեն առաջադրում, ով խողովակները գողացել էր, անփութության համար այդ մարդուն են մեղադրանք առաջադրում: Ասեմ, որ գողոնը հետ են վերադարձրել, բայց միեւնույն է՝ նրան մեղադրանք առաջադրեն անփութության համար»: Մեր այն հարցին, թե ով է եղել քաղաքապետարանի խողովակները գողացողը, նախկին քաղաքապետն ասաց, թե չգիտի. «Էս ամեն ինչը անում էին՝ ինձ վրա գցելու համար, եթե բան գտնեին, կանեին, ես դեռ այն ժամանակ ասում էի, որ իմ մասով որեւէ բան չկա»:

Քնար Մանուկյան




Լրահոս