Դանակահարություն Տավուշում. իրադարձությունները կանխամտածվածից այլ կերպ ենզարգացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդ քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Մարզպետ Մեժլումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. նոյեմբերի 21-ին Տավուշի մարզի Տավուշ գյուղի «Արդամ» հանդամասում նույն գյուղի բնակիչ Սամվել Առուստամյանին պատկանող անասնապահական ամառանոցի կացարանում կատարված գողության հանգամանքները պարզելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածել է Տավուշ գյուղի բնակիչ Աշոտ Խաչատրյանի որովայնի շրջանին, որի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

2017թ. հունվարի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Մարզպետ Մեժլումյանին արդարացնել, նրան կալանքից ազատ արձակել:

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ներսես Չիլինգարյանը այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը վերաքննիչ դատարանում վարույթ է ընդունվել: Ուշագրավ է, որ այդ քրեական գործով տուժող Աշոտ Խաչատրյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. սեպտեմբերի 16-ին Բերդի քննչական բաժնում ցուցմունք տալով՝ կատարել է սուտ մատնություն:

Նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, ծանր հանցագործության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ մեղադրել է Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Սամվել Առուստամյանին: Աշոտ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է մարտի 17-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս