ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՍՎԱԾ ԳԱՐՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ինը տարի է՝ գարնան առաջին օրը Հայաստանում ասոցացվում է ողբերգական իրադարձությունների հետ. լրանում է 2008թ. մարտի 1-ի ոճրագործության հերթական տարելիցը: ՀՀ իշխանություններն այդ օրը լուսադեմին Ազատության հրապարակում հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, որոնք ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ բողոքում էին նախագահական ընտրությունները կեղծելու դեմ: Ոստիկանության, զինված ուժերի եւ համազգեստավորված թաղային կրիմինալի միջոցով նախ բռնությամբ ցրվեց խաղաղ նստացույցը, ձերբակալվեցին հարյուրավոր մարդիկ: Իսկ արդեն երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում, իշխանությունները գնդակոծեցին խաղաղ ցուցարարներին՝ սպանելով 10 հոգու: Այդ ժամանակ, հիշեցնենք, նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը, ում նախագահ դարձնելու համար կեղծել էին ընտրությունները, վարչապետն էր: Մարտի 1-ի ոճրագործության մեղավորները մինչեւ հիմա իրենց պատիժը չեն ստացել. այդ դեպքերից որոշ ժամանակ անց ԱԺ-ում ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, հետո նաեւ՝ անկախ փաստահավաք խումբ, եղան որոշ բացահայտումներ, օրինակ՝ այդ օրը դիպուկահարների մասնակցության, նաեւ՝ ներքաղաքական իրադարձություններին զինված ուժերի ներգրավման մասին: Բայց այդ քրեական գործը վաղուց վեր է ընկել ՀՔԾ-ի դարակներում ու փոշու թանձր շերտի տակ պարզապես խունանում է: Ափսոս զոհերին, ափսոս այն վիրավորներին ու հիասթափված քաղաքացիներին, որոնք հարյուրներով լքեցին մեր երկիրը:

 

 

 
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով ՀՀԿ ընտրացուցակի մասին, որի առաջատար համարները զբաղեցնողները ռեյտինգային ընտրակարգով չեն առաջադրվել, ասել է. «Ռեյտինգայինով առաջադրվում են այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ պատկերացնում են, որ հանրության մեջ իրենց էլեկտորատը կունենան»: Այսինքն` առաջին համարներ զբաղեցրածները էլեկտորատ չունե՞ն, Կարապետյանն ասել է. «Խնդիրը դա չէ, մենք ներքին այդպիսի համաձայնության ենք եկել, եւ ինձ համար դա գոնե ընդունելի է»: Երբ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, նրա հասցեին քննադատություններ էիք հնչեցնում, հիմա Կարեն Կարապետյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում. «Եղել է նման բան, դրանք ներկուսակցական խնդիրներ էին, եւ համոզված էի, որ ավելի շատ աճպարարություն կար, քան թե կոնկրետ գործ: Գիտեք ինչ, ճառ ասելու ժամանակներն անցել են, զանգ կախող չկա, ցավոք… Այս վարչապետի գործունեության մասին կարող եմ ասել, որ ինքը մեծ ցանկություն ունի փոփոխություններ անելու, դա հեշտ չի լինելու»:

 

 

 
Կառավարությունը պահուստային ֆոնդերից մարզերին 5 մլրդ դրամ է հատկացրել՝ հրատապ խնդիրները լուծելու համար: Պատահական չէ, որ գործադիրը մարզերի հանդեպ այսպես առատաձեռն է գտնվել: Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, իսկ դա նշանակում է, որ իշխանությունները փորձում են սիրաշահել մարդկանց: Տեսնելով, թե ինչ ծրագրերի վրա է ծախսվելու 5 մլրդ դրամը, կարելի է պնդել, որ գումարի մեծ մասը պարզապես «ատկատի» եւ «պրիմիտիվ գողությունների» տեսքով հոսելու են չինովնիկների գրպանները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արտաշատի թիվ 1 մանկապարտեզի շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրության, հիմնանորոգման նախագծային եւ շինարարական աշխատանքների համար ծախսվելու է 62 մլն 915 հազար 100 դրամ: Շիրակի մարզպետարանին հատկացված 251 մլն 424 հազար դրամից միայն 212 մլն 500 հազար դրամը կծախսվի շենքերի եւ շինությունների վերանորոգման համար. այսինքն` այնտեղ, ուր ատկատի հնարավորություն կա: Ամենաքիչ գումարը՝ 22 մլն 200 հազար դրամ, հատկացվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանին, որը կծախսվի նախագծահետազոտական աշխատանքի վրա:

 

 

 
ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մեղմ ասած, զավեշտալի վիճակում է հայտնվել: Նախորդ շաբաթ Մասիսում ծեծկռտուք էր տեղի ունեցել իր եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջեւ: Սա այն բանից հետո, երբ ՀՀԿ ցուցակով առաջադրված երկու թեկնածուները չէին կարողացել «իրար մեջ բաժանել» Արարատի մարզը, եւ Գրիգորյանը նախընտրական շտաբ էր բացել Մասիսում՝ մի քաղաք, որտեղ նախատեսված էր, որ ՀՀԿ-ի օգտին պետք է աշխատի Մուրադյանը, ավելին՝ շտաբը բացել էին հենց կուսակից ընկերոջ շտաբի կողքին: Մուրադյանի կողմնակիցներն էլ ծեծի էին ենթարկել Գրիգորյանի շտաբի անդամներին: Այդ միջադեպը հաստատել էր Մուրադյանը, այդ մասին խոսել էին ՀՀԿ-ական տարբեր պատգամավորներ, անգամ Սերժ Սարգսյանն էր դրանից հետո ՀՀԿ-ում ռեյտինգային թեկնածուներին հանդիպման հրավիրել ու կարգադրել զերծ մնալ բախումներից: Սակայն Արայիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասել է. «Միջադեպի մասին ես արդեն ասել եմ՝ ոչ մի միջադեպ չի եղել»: Այսինքն` Գրիգորյանը նաեւ ստախոս է:

 

 

 
ԱՆՀԱՄԱՐԺԵՔ
Արցախյան ճակատում լարվածության մեծացման վտանգը կարծես թե ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք: Եվ դրա ցուցիչը ոչ միայն եւ ոչ այնքան ադրբեջանական զինուժի կողմից արձակվող արկերի քանակն է կամ դիվերսիոն ներթափանցման փորձերը, որքան հայկական երկու պետությունների պաշտոնական հայտարարություններում շեշտադրումների փոփոխությունը: Ուշագրավ է, որ մինչ այս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ամեն առիթով շնորհակալություն հայտնող ՀՀԿ-ականները սկսեցին հրապարակավ իրենց դժգոհությունը հայտնել այդ կառույցի ոչ ադեկվատ պահվածքի առնչությամբ: Նախ՝ ԱԺ ամբիոնից նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը՝ նկատի ունենալով փետրվարի 25-ին տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձին հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որի հիմնական շեշտը ազերի դիակների դուրս բերման հնարավորության ընձեռնմանն էր ուղղված, մինչդեռ կատարվածը դատապարտող որեւէ բառ չկար:
Իսկ արդեն երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անատամ եւ ոչ համարժեք պահվածքին է անդրադարձել Արցախի արտգործնախարարությունը տարածած պաշտոնական հայտարարութամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ակնհայտ է, որ բարձրացնելով լարվածության աստիճանը շփման գծում՝ ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլեւ միջազգային հանրության արձագանքն ուժի կիրառման նկատմամբ: Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու եւ պատերազմի պատրաստվելու ադրբեջանական իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից խիստ եւ հասցեական գնահատականի բացակայությունն էր, որ 2016 թ. ապրիլին Բաքուն հնարավոր համարեց ձեռնարկել ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի։ Կարծում ենք, որ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից եւ ընդարձակել ջանքերը հրադադարի ռեժիմի ամրապնդման համար»: Սա, կարելի է ասել, տեւական ժամանակից ի վեր առաջին նման կոշտ հանդիմանանքն էր պաշտոնական Ստեփանակերտի կողմից՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Եվ ինքնին հասկանալի է, որ այն առանց դրա համար լուրջ պատճառների եւ առավել լուրջ մտահոգությունների չէր հնչեցվի:
Ուշագրավ է, որ հենց երեկ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գործունեությանն անդրադարձավ նաեւ Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում ելույթ ունեցող Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ որպես միջնորդներ, կոչված են նաեւ կանխելու հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումները: Հրանոթների արկերի տակ ընթացող բանակցությունները երբեք խոստումնալից լինել չեն կարող: Ահա այս հանգրվանում է այժմ գտնվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը»:




Լրահոս