ՀՀԿ-Ն ԳՈՐԾԻ Է ԴՐԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իշխող ՀՀԿ-ն գործի է դրել վարչական ողջ ռեսուրսը: Մի կողմից՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորում են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. պաշտոնյաներ, որոնք տիրապետում են վարչական հսկայական ռեսուրսի: Մյուս կողմից՝ ՀՀԿ տարածքային ցուցակներով պատգամավորի թեկնածու են առաջադրվել պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ, համայնքապետեր, որոնք այդ ընտրատարածքներում ֆավորիտ համարվող թեկնածուներից բացի՝ իրենք էլ տեղերում անձամբ պետք է կազմակերպեն ՀՀԿ-ի օգտին ձայն հավաքելու գործընթացը՝ ընդ որում, քաջ գիտակցելով, որ իրենք երբեք չեն մտնի խորհրդարան: Բացի այդ՝ իրենց վարչական լծակները գործի են դնելու նաեւ այն պաշտոնյաները, որոնք թեեւ ընդգրկված չեն Հանրապետականի ցուցակում, սակայն այս ընթացքում միեւնույն է՝ աշխատելու են իշխող կուսակցության համար: Ասել է, թե ՀՀԿ ցուցակում Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, նախարարների եւ պաշտոնյաների չլինելն ամենեւին չի նշանակում, թե նրանք զերծ են մնալու ձայների հավաքագրման գործից:

Այսպիսով՝ ներկայացնենք պատկերը՝ ըստ ընտրատարածքների: Երեւանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվածների մեջ են երեք դպրոցների տնօրեններ. թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը, Հ. Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի տնօրեն Մարինա Տոնոյանն ու Լ. Տոլստոյի անվան 128 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյանը: Բացի այդ՝ ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է Նոր Նորքի մշակույթի տան տնօրեն Ալվինա Հարությունյանին, «Նոր Նորքի վերելակ» ՍՊԸ տնօրեն Արայիկ Միսակյանին, այսինքն՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցների:
Երեւանի թիվ 2 ընտրատարածքում եւս իշխող կուսակցության ցուցակով առաջադրվել են երեք դպրոցների տնօրեններ՝ թիվ 192 հիմնական դպրոցի տնօրեն Ալվարդ Թադեւոսյանը, Ն. Զարյանի անվան 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ Ռ. Իշխանյանի անվան թիվ 150 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը: Առաջադրվել են նաեւ Արաբկիրի մանկական հիվանդանոցի տնօրեն Արման Բաբլոյանն ու Երեւանի թիվ 20 պոլիկլինիկայի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Ղազարյանը, նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Թիվ 3 ընտրատարածքում առաջադրվածների թվում են Երեւանի քաղաքապետարանի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը, «ՍԲ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Թիվ 4 ընտրատարածքում առաջադրվածներից են Նուբարաշենի պոլիկլինիկայի տնօրեն Գայանե Մարգարյանը, Էրեբունու թաղապետարանի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժնի պետ Հայկ Պլուզյանը:
Արդեն մարզերում ՀՀԿ-ն, բացի դպրոցների տնօրեններից, առաջադրել է քաղաքապետերի ու գյուղապետերի, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ի եւ գազամատակարարման հետ կապ ունեցող «Էյ-Ի-Ջի» ընկերության մարզային գրասենյակների ղեկավարներին:
Օրինակ՝ թիվ 5 ընտրատարածքն ընդգրկող Արարատի մարզում առաջադրվածների թվում են «Էյ-Ի-Ջի» ծառայության ղեկավար Կարեն Բենիամինյանը, Լանջազատի գյուղապետ Հրայր Հակոբջանյանը, Վեդու թիվ 1 դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը, եւ վերջապես՝ Սերժ Սարգսյանի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Արմավիրի մարզում ՀՀԿ 8 թեկնածուներից 5-ը ԱԺ պատգամավորներն են՝ Առաքել Մովսիսյան, Սեյրան Սարոյան, Հրանտ Գրիգորյան, Նահապետ Գեւորգյան, Ալեքսան Պետրոսյան: Նրանց հետ առաջադրվել է նաեւ Մյասնիկյան գյուղի դպրոցի տնօրեն Զուբեիդա Հովհաննիսյանը:
Արագածոտնի մարզում էլ ԱԺ երեք պատգամավորներից բացի՝ առաջադրվել է, օրինակ, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, ինչպես նաեւ՝ նախկին մարզպետի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը:
Գեղարքունիքի մարզում թեկնածուների թվում է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրեն Արամ Եգանյանը, ՎՊ համայնքների վերահսկողության վարչության պետ Գեղամ Հովեյանը, Գավառի համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Սեւանի հիմնական դպրոցի տնօրեն Աննա Նիկողոսյանը:
Կոտայքի մարզում եւս շատ են ՀՀԿ ցուցակով առաջադրված դպրոցի տնօրենները. Բյուրեղավանի դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանը, Նոր Հաճնի թիվ 4 դպրոցի տնօրեն Հայկանուշ Պետրոսյանը, Արզնիի դպրոցի տնօրեն Սոֆիա Սիմոնովան: Այստեղ առաջադրվել են նաեւ վարչապետի խորհրդական, հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանը, փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը, Գառնիի գյուղապետ Ահարոն Սահակյանը, Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը: Առաջադրվածների թվում է նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արտաշատի գրասենյակի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը:
Շիրակի մարզում էլ առաջադրվել են նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության մարզային գրասենյակի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գծային կայարանների միավորման պետ Վահան Գասպարյանը, տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, Ամասիայի գյուղապետ Ջեմմա Հարությունյանն ու Ախուրիկի գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը, Ազատանի մանկապարտեզի տնօրեն Ազգանուշ Մնացյանը:
Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում էլ իրենց թեկնածությունն են առաջադրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, նաեւ՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի թիվ 5 դպրոցի տնօրեն Արեւիկ Մաքունցը:
Եւ, վերջապես, Տավուշի մարզում առաջադրվել են մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության մարզային գրասենյակի ղեկավար Սեյրան Խառատյանը, Իջեւանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը:
Այսքանից հետո արձանագրենք՝ չնայած Սերժ Սարգսյանի եւ իշխանության մյուս ներկայացուցիչների պնդումներին, թե այս ընտրություններն արդար են լինելու, թե վարչական ռեսուրսները չեն օգտագործվելու, ի սկզբանե ակնհայտ է, որ այդ ամենը միֆ է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԵՂԵԼ Է, ՉԻ ԵՂԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հետ զրուցել է իր եւ ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ից առաջադրված մյուս թեկնածուի՝ Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջեւ Մասիսում նախորդ շաբաթ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ:
-Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ փուլում է գտնվում Ձեր եւ Մուրադ Մուրադյանի թիմակիցների միջեւ ծեծկռտուքի գործը:
-Ես արդեն ասել եմ՝ ոչ մի միջադեպ չի եղել:
-Իսկ ծեծված քաղաքացի՞ն, որ հիվանդանոցում է, ավելին՝ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:
-Եթե միջադեպ չի եղել, ոստիկանությունը ի՞նչ քննություն է իրականացնում, չգիտեմ՝ ոստիկանությունը ի՞նչ է քննում:
-Բայց Մուրադ Մուրադյանն ասել էր, որ միջադեպ եղել է:
-Ես էլ, ժողովրդական լեզվով ասած, ասում եմ՝ եթե երկու երիտասարդ իրար հետ լեզվակռիվ են ունենում, դա միջադե՞պ է, եթե քաշքշոց չի եղել, բան չի եղել:
-Դուք դեպքից հետո գնացել եք Մուրադ Մուրադյանի շտաբ եւ ասել եք, որ արյունահեղություն է լինելու, եւ անձամբ եք պատժելու Մուրադ Մուրադյանին:
-Դրանք հերյուրանքներ են:

 

 

 

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵՑԻՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԺ-ն երեկ 99 կողմ ձայնով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ է ընտրել Լեւոն Յոլյանին: Եւս երկու քվեաթերթիկ էլ երեկ ճանաչվել է անվավեր: ՎՊ նախագահի ընտրությունները, սակայն, անցան ուշագրավ պայմաններում: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ պատգամավորներից շատերին ԱԺ քվեարկելու հրավիրում էին հեռախոսազանգերով՝ խնդրելով, համոզելով: Ու արդյունքում ստացվեց այնպես, որ երեկ ԱԺ էին եկել նաեւ նրանք, ովքեր խորհրդարանի գործունեության այս 5 տարիների ընթացքում մատերի վրա կարող ենք հաշվել, թե քանի անգամ են մտել ԱԺ շենք՝ Աշոտ Արսենյանը, Աշոտ Աղաբաբյանը, Կարո Կարապետյանը, Մուրադ Գուլոյանը: Ի դեպ, նկատենք, որ նրանցից շատերը թեեւ եկել էին քվեարկության, սակայն չգիտեին՝ ինչ պետք է անել ու իրենց գործընկերներից էին հետաքրքրվում:

 

 

ԹԻՎԸ ԿՄԵԾԱՆԱ
Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, քաղաքական ուժերն ավելի են սկսում լարվել եւ գործի դնել իրենց ռեսուրսները, բացել «հորած» քսակները եւ փորձել այդ կերպ ձայներ ապահովել իրենց կուսակցությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հատկապես Արարատի մարզում արդեն ընտրակաշառքի լուրջ թվերի մասին են խոսում: Իշխող կուսակցության համար աշխատողները տնետուն են մտնում եւ մեկ ձայնի համար առաջարկում մինչեւ 30 հազար դրամ: Բայց նկատենք, որ միեւնույն ժամանակ քաղաքացիներին վստահեցնում են, թե դա տալիս են կանխավճար, ու որքան մոտենա ընտրությունների օրը, ընտրակաշառքների թիվը ավելի է մեծանալու:

 

 
ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, սակայն հստակ ժամկետները հայտնի չեն: Ռյաբկովը նշել է, որ հնարավոր հանդիպման հարցը քննարկվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որը տեւել է մոտ 45 րոպե:

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Դավիթ Սեդրակյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է: Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մհեր Սեդրակյանը հայտարարել էր քաղաքականությունից դուրս գալու մասին:

 

 

ԿԴԻՏԱՐԿԵՆ
Մարտի 1-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։




Լրահոս