ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՈՂ ԸՆՏՐՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, սակայն հանրության մեծ մասը տեղյակ չէ ընտրության կարգում կատարված փոփոխությունների մասին: Մասնավորապես ՀՀ քաղաքացիների զգալի մասը չգիտի, թե ինչպես պետք է քվեարկել, ինչպես տեղադրել քվեաթերթիկը, որ դեպքում է այն համարվելու անվավեր եւ այլն: Իրականում ընտրության կարգում էական փոփոխություններ են կատարվել, որոնք ընտրողների համար դժվարացնելու են ողջ գործընթացը, քանի որ այժմ ընտրողը քվեարկելու համար մի քանի փուլ է անցնելու: Փորձենք հակիրճ ներկայացնել, թե ինչպես պետք է քվեարկի ընտրողը:

Ինչպես հայտնի է` ընտրատեղամասերում դրված են լինելու սարքավորումներ, որոնց մեջ պարունակվելու են տվյալներ այդ ընտրատարածքի ընտրողների մասին: Ընտրողը, մտնելով ընտրատեղամաս, սարքավորման մոտ նստած անձին ներկայացնելու է իր անձը հաստատող փաստաթղթերից որեւէ մեկը, որը ներմուծվելու է սարքի մեջ: Սարքավորումն առաջին հերթին պարզում է` անձը տվյալ ընտրատեղամասի ընտրող է, թե ոչ: Եթե անձը տվյալ ընտրատեղամասի ընտրող չէ, ապա սարքը տալիս է դեղին ազդանշան, եւ ընտրողին դուրս են հրավիրում ընտրատեղամասից` բացատրելով, որ ինքը այլ ընտրատեղամասում պետք է կատարի իր ընտրությունը: Այնուհետեւ ստուգվելու է` այդ ընտրողն իր անձը հաստատող որեւէ փաստաթղթով ընտրություններին մասնակցել է, թե ոչ: Իսկ եթե ընտրողն արդեն մասնակցել է քվեարկության, ապա սարքը կարմիր ազդանշան է տալու, եւ հրավիրվելու է ոստիկանության համապատասխան աշխատակիցը:
Եթե ընտրողն առաջին անգամ է մտնում ընտրատեղամաս եւ հենց այդ ընտրատեղամասի ընտրող է, ապա սարքը կանաչ ազդանշան է տալու: Դրանից հետո ընտրողը թողնելու է իր մատնահետքը, եւ սարքը տպագրելու է կտրոն: Տեղամասում գործելու է նաեւ թղթային տարբերակով ընտրողների ցուցակ: Ընտրողը, վերցնելով իր կտրոնը, պետք է մոտենա այդ ցուցակին, որտեղ իր անվան դիմաց պետք է ստորագրի, ապա միայն դրանից հետո ստանա քվեաթերթիկ եւ հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:
Ընդգծենք, որ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ուժ ունենալու է իր քվեաթերթիկը: Տվյալ դեպքում դրանց թիվը 9 է լինելու: Գալով ընտրատեղամաս՝ ընտրողը պետք է ստանա բոլոր ուժերի քվեաթերթիկները: Յուրաքանչյուր ուժ արդեն ունի իր համարը, որը լինելու է նշված քվեաթերթիկի մեկ կողմում: Այդ նույն կողմում նշվելու են նաեւ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները: Արդեն քվեաթերթիկի հակառակ կողմում նշված են լինելու տարածքային ընտրական ցուցակում տվյալ տարածքի թեկնածուների անունները` համապատասխան վանդակներով, որտեղ կարելի է համապատասխան նշան կատարել: Քվեաթերթիկի առաջին կողմում, որտեղ գրված են կուսակցության անվանումը եւ երեք անձանց անունները, որեւէ նշում չպետք է արվի: Քվեախցում ընտրողը տվյալ թերթիկներից ընտրում է այն ուժին, որին կողմ է, այնուհետեւ, եթե ցանկանում է ընտրել նաեւ տարածքային ցուցակում ընդգրկված անձանցից որեւէ մեկին, ապա մյուս կողմում կատարում է համապատասխան նշում:
Ընդգծենք, որ յուրաքանչյուր ընտրող պետք է տարածքային ցուցակից ընտրի ընդամենը մեկ թեկնածուի, հակառակ կողմում համապատասխան քվե կստանա միայն կուսակցությունը: Եթե տարածքային որեւէ թեկնածուի ձայն չի տրվում, ապա քվեն կրկին կուսակցությունն է ստանում:
Ընտրությունը կատարելուց հետո ընտրողը պետք է առանց քվեաթերթիկը ծալելու տեղադրի ծրարի մեջ: Ուշադրություն պետք է դարձնել, որ ծրարը չծալվի, քանի որ ծրարն անկյունային հատվածում ունենալու է կտրվածք, եւ քվեաթերթիկից մի փոքր հատված դուրս է մնալու: Համապատասխան քվեաթերթիկն ընտրելուց եւ ծրարի մեջ տեղադրելուց հետո մյուս քվեաթերթիկները պետք է նետել առանձին արկղի մեջ, ապա ծրարով եւ կտրոնով մոտենալ քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին: Շատ կարեւոր է, որ ընտրողները չմոռանան կտրոնը: Հանձնաժողովի համապատասխան անդամը պետք է կնքի կտրոնը եւ պահի մյուս կտրոնների հետ: Ծրարից երեւացող քվեաթերթիկի հատվածի վրա հանձնաժողովի անդամը փակցնում է դրոշմանիշ եւ դրանից հետո միայն թույլ տալիս, որ ծրարը գցվի քվեատուփի մեջ:
Նշենք, որ քվեաթերթիկների հաշվարկին մասնակցելու են միայն դրոշմանիշ ունեցողները, մյուսները համարվելու են անվավեր: Անվավեր են ճանաչվելու նաեւ այն քվեաթերթիկները, որոնք պարունակելու են ավելորդ գրառումներ: Հաշվարկի գործընթացը եւս բավականին բարդ է: Առաջին հերթին հաշվարկվում են կուսակցությունների ստացած ձայները: Դրանից հետո յուրաքանչյուր կուսակցության համար հաշվարկվելու է, թե որքան ձայն են ստացել տարածքային թեկնածուները: Հաշվարկը եւս մի քանի փուլով է իրականացվելու:
Նախ հաշվարկվում են ուժերի ստացած ձայներն ամբողջ հանրապետությունով: Ապա որոշովում է, թե որ ուժերն են հաղթահարել նվազագույն շեմը, որը կուսակցությունների համար 5 տոկոսն է, դաշինքների համար` 7: Դրանից հետո հաշվարկի հիմքով որոշվում է յուրաքանչյուր կուսակցության մանդատների թիվը, ինչից հետո էլ մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների միջեւ, մյուս կեսը` տարածքային: Եթե ստացած մանդատների թիվը կենտ է, օրինակ` 7, ապա 4 մանդատ ստանում են համապետական ցուցակի թեկնածուները, 3՝ տարածքային: Ըստ 13 տարածքի՝ յուրաքանչյուրում ստացած ձայների հաշվարկով որոշվում է, թե յուրաքանչյուր տարածքում քանի մանդատ է ստանում տվյալ կուսակցությունը: Արդեն հաշվարկի արդյունքում հնարավոր են դեպքեր, որ ուժը ունենա 1, 2 թեկնածու կամ չունենա: Հետաքրքիրն այն է, որ մեկ ընտրատարածքից կարող են ընտրվել մի քանի կուսակցությունների ռեյտինգային թեկնածուներ: Ստացվում է, որ թեկնածուներն ավելի շատ պայքարելու են նույն կուսակցությունում ընդգրկված թեկնածուների, այլ ոչ թե մրցակից ուժերի թեկնածուների դեմ, եւ հենց դա էլ կարող ենք համարել ներկուսակցական պայքարի գլխավոր պատճառ:
Այս ամբողջ խճճված ընթացակարգի պարագայում մնում է միայն հուսալ, որ ընտրատեղամասերում խառնաշփոթ չի տիրի, եւ կհաջողվի ընտրություններն անցկացնել անհրաժեշտ վերահսկողության ներքո:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՈՎ
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակի 39-րդ տեղում է Իջեւան քաղաքի բնակիչ Արթուր Աթաբեկյանը, ով այդ դաշինքում ներկայացնում է «Հայ ազգային կոնգրեսը»: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի՝ Արթուր Աթաբեկյանը չի աշխատում: Ընտրությունների արդյունքում կասկածելի է թվում նշված դաշինքի խորհրդարան մտնելը, իսկ այդ դաշինքի համամասնական ցուցակի 39-րդ համարում ընդգրկված Ա. Աթաբեկյանի խորհրդարանի պատգամավոր դառնալու հնարավորություններն անիրական են: Նշված դաշինքի համամասնական ցուցակի 76-րդ տեղում է Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակչուհի, Բերդի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Անահիտ Ջուլհակյանը: Նույն դաշինքի համամասնական ցուցակի 108-րդ տեղում է Իջեւան քաղաքի բնակչուհի Մանե Մանուչարյանը, ով ոչ մի տեղ չի աշխատում: Այդ դաշինքի 139 հոգուց բաղկացած համամասնական ցուցակի 123-րդ տեղում է Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Գուրգեն Ասատրյանը, իսկ ցուցակի 130-րդ հորիզոնականը զբաղեցնում է Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ Արտակ Նասիբյանը: Վերջինս, ինչպես նաեւ Գուրգեն Ասատրյանը չեն աշխատում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական 3 դաշինքները եւ 5 կուսակցությունները Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում, իրենց տարածքային ընտրական ցուցակներում ներառել են 7-ական թեկնածու, իսկ «Ելք» դաշինքը՝ 5 թեկնածու: Ընդհանուր առմամբ՝ դաշինքները եւ կուսակցությունները Տավուշի մարզում, թիվ 13 ընտրատարածքի տարածքային ցուցակներում ընդգրկել են 61 թեկնածու:

 

 

ՖԱԼՇ ՍՏԱՐՏ
Թեեւ պաշտոնապես ԱԺ ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ին, սակայն Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավը փաստորեն մեկնարկել է: Տարբեր թեկնածուների ներկայացուցիչները գյուղերում բնակչության հետ հանդիպումներ են ունենում, որոնց ընթացքում ընտրողներից ճշտում են իրենց թեկնածուի վարկանիշը, նաեւ քարոզում են տվյալ թեկնածուի համար: Այս ամենն արվում է զգուշորեն, ոչ հրապարակային, ընկերական, բարեկամական զրույցների ձեւով: Փաստացի սկսված նախընտրական պայքարին ներգրավում են սահմանամերձ մարզի երիտասարդներին, որոնց որոշ թեկնածուներ խոստացել են ապրիլյան ընտրություններից հետո օգնել աշխատանք գտնելու գործում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՀԾԿՀ-Ի ՊԱՐՏՔԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Տավուշ ՏՎ» ընկերությունը 103 հազար 854 դրամ գումար է պարտք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ընկերությունը չի վճարել ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները: ՀԾԿՀ-ն պնդում է, որ այդ մասին ընկերությանը բազմիցս տեղեկացվել է անցած տարվա ապրիլի 4-ի, հուլիսի 6-ի եւ հոկտեմբերի 5-ի գրություններով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընկերության նոր տնօրեն Ժան Գալստյանը հայտնեց, որ ընկերությունը Նոյեմբերյան քաղաքից տեղափոխվել է Իջեւան, այս պատճառով էլ ռադիոհաճախականություններից օգտվելու կարիք չունի: Արդյունքում ընկերությունը դիմել է Հանձնաժողով՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու խնդրանքով: Այժմ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել «Տավուշ ՏՎ» ՀՀ պետական բյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին: Նշենք, որ տնօրենը` Ժան Գալստյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, թե առաջիկայում ողջ պարտքը կմարի:

 

 

ԲԱՂԴԱԴ ԷԼ ՉԷ, ՄԻԱՆԳԱՄԻՑ՝ ԷՐԲԻԼ
Հայաստանի արտաքին գերատեսչությունը գնալով նոր «հորիզոններ» է նվաճում: Իշխանությունները մտադիր են առաջիկայում հյուպատոսարան բացել Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում: Եւ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է այդ մասին Սերժ Սարգսյանի հրամանագրին հավանություն տալու որոշման նախագիծը: Նշենք, որ այդ հյուպատոսարանն ընդգրկելու է Քուրդիստանի տարածաշրջանը՝ Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ քաղաքները։ Էրբիլում հյուպատոսարան բացելու որոշումն էլ հիմնավորել են, որ վերջին 5-6 տարիների ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերություններն առաջընթաց են գրանցել, Երեւանում բացվել է Իրաքի դեսպանատուն, անգամ զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երեւան ուղղություններով: Միաժամանակ հաշվի են առնված «արդյունավետ երկկողմ համագործակցություն զարգացնելու անհրաժեշտությունը, Քուրդիստանում առավել ստվարանալու միտում ունեցող Իրաքի հայ համայնքի, ինչպես նաեւ առեւտրատնտեսական գործունեություն ծավալող Հայաստանի գործարար շրջանակների առկայությունը, ապրանքաշրջանառության կայուն աճը»: Ի դեպ, հյուպատոսարանի բացումը բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսում, քանի որ համապատասխան ծախսերն իրականացվելու են պետական բյուջեով ՀՀ ԱԳՆ հատկացված միջոցների հաշվին:




Լրահոս