ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է երկօրյա այցով մեկնել Մոսկվա: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն` հղում անելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին: Ի՞նչ հնարավոր թեմաներ կքննարկվեն հանդիպման ժամանակ, եւ ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն է:

-Պարո՛ն Բադալյան, մարտի 14-ին երկօրյա այցով Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա: Նշվում է, որ ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումը կկազմակերպվի երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում: Արդյո՞ք իրականում սա է լինելու հանդիպման առիթը:
-Առիթը կարող է դա լինել, եւ չի բացառվում, որ հենց դա է, որովհետեւ եթե նայեք Ռուսաստանի նախագահի` մի քանի օր առաջ տեղի ունեցած այցերը միջինասիական երկրներ, ապա կտեսնեք, որ առիթը նույնպես դա է, այդ դեպքում՝ Ռուսաստանի՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 25-ամյակը: Բայց երբ որ ուսումնասիրում ենք ռուս քաղաքագետների գրածները, տեսնում ենք, որ այստեղ որոշակի ենթատեքստ կա, մասնավորապես՝ Ռուսաստանը ցանկանում է, այսպես ասենք, գույքագրել իր հարաբերությունները, տեսնել ինչ վիճակ է, ինչ իրադրություն է եւ այլն: Կարելի է ենթադրել, որ նույնը տեղի է ունենալու Հայաստանի պարագայում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, թե Եվրամիության հետ ավարտել են համապատասխան քաղաքական ասոցացման պայմանագրի կնքման աշխատանքները, ինչպես նաեւ վերջերս նախագահը եղավ ՆԱՏՕ-ի շտաբ կայանում եւ այնտեղ նույնպես բանակցություններ վարեց ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Բնականաբար Ռուսաստանի ղեկավարությունը կցանկանար իմանալ, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ներկայումս ինչ վիճակում եմ: Չնայած իրականում գիտի, բայց ամեն դեպքում ստուգելը չի խանգարի:
-Իսկ արդյո՞ք քննարկման օրակարգի առանցքային հարցերից չի լինի արցախա-ադրբեջանական սահմանի լարված վիճակը, Ադրբեջանի վերջին ռազմական սադրանքները:
-Երբ որ ասում ենք Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններ, նկատի ունենք ոչ միայն զուտ Հայաստան-Ռուսաստան պետությունների փոխհարաբերությունները: Այսինքն՝ Հայաստանի նաեւ արտաքին քաղաքականության հարցերը պետք է քննարկման առարկա դառնան, իսկ ադրբեջանական խնդիրը բնականաբար Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր հարցերից մեկն է, եւ ինչպես գիտենք՝ ղարաբաղյան հարցը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է գտնվում: Ամենայն հավանականությամբ նաեւ ինչ-որ չափով ներքաղաքական հարցեր կքննարկվեն, որովհետեւ չմոռանանք, որ այստեղ սպասվում են ընտրություններ, այստեղ կա վարչապետի հարցը, կա խորհրդարանում ցանկալի պատկեր ստանալու հարցը եւ այլն: Ռուս քաղաքագետները նշում են, որ, օրինակ, հանդիպման ժամանակ Ղրղզստանի նախագահը քննարկել է իր ժառանգորդի հավանական թեկնածուների հարցը: Ենթադրում եմ, որ Հայաստանը, լինելով ԱՊՀ երկրներում Ղրղզստանի մակարդակի երկիր, այս հարցը եւս քննարկման առարկա կդիտի:
-Ինչպես արդեն նշվեց՝ Հայաստանը պատրաստվում է ստորագրել ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հանդիպման ընթացքում այս մասով ՌԴ կողմից լինեն որոշակի ճնշումներ, խանդի դրսեւորումներ:
-Ո՛չ, այդ հարցը չի քննարկվի, այսինքն՝ կքննարկվի, թե ինչ չափով լինել Եվրամիության հետ հարաբերություններում, դա կքննարկվի, բայց ինչ չափով Հայաստանը պետք է լինի Եվրազեսի մեջ, դա չի քննարկվի, որովհետեւ դա Մոսկվան է որոշում: Եթե խանդի դրսեւորումներ լինեն, ապա դա անմիջապես կերեւա ղարաբաղյան ճակատում, սա մեկ, երկրորդ՝ Հայաստանի ղեկավարությունը այն կշիռը կամ այն գործոնները չունի, որի վրա հենվելով՝ կարողանա Եվրամիության հետ ունենալ Եվրազեսի չափ հավասար հարաբերություններ: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ստորադասվելու են Հայաստան-ԵՏՄ հարաբերություններից, սա արդեն քննարկման առարկա չէ, եւ Հայաստան-Եվրամիություն սպասվելիք հարաբերություններն էլ հիմնականում կարող ենք ասել, որ ԵՄ կողմից իրականացվող քաղաքականություն է, որի նպատական է Եվրամիության, այսպես ասած, չինովնիկների կողմից ցույց տալ, որ իրենք ինչ-որ գործ են անում Հայաստանի հետ ինտեգրման քաղաքականություն իրականացնելու համար, ոչ ավելին: Առավել եւս՝ այն փաթեթը, որ պետք է ստորագրվի, ճիշտն ասած ոչ մի էական առնչություն չունի նախկին ստորագրման փաստաթղթի հետ, սա ավելի շուտ կենացներ է հիշեցնում, քան լուրջ ինչ-որ փաստաթուղթ: Ուստի չեմ կարծում, որ Ռուսաստանը այդպիսի մի փաստաթղթի պատճառով խանդի:

 

 

 
ՀԱՎԱՔՎԵԼՈՒ ԵՆ ԱՅՆՔԱՆ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

2009 թվականից ի վեր՝ ամեն տարի՝ մարտի 1-ին, ընդդիմադիր քաղաքական ուժերը ցույց են անում, երթ կազմակերպում եւ ծաղիկներ խոնարհում Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգելով մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Երեկ առավոտյան «Ելք» դաշինքն իր համակիրների հետ «Մոսկվա» կինոթատրոնի մոտից երթով շարժվեց դեպի Մյասնիկյանի արձան: Լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը նշեց, որ բռնի ուժի դատապարտումը թե՛ միջազգային հանրության կողմից եղավ մեղմ, թե՛ մեր հանրության կողմից շուտ մոռացվեց. «Ամենածանրը բռնի ուժի հետեւանքով զոհվածների թե՛ հիշատակի առումով, թե՛ բացահայտման առումով համապատասխան քայլեր չարվեցին, ինչը բերեց նրան, որ ամեն գնով իշխանությունը պահելը դարձավ իշխանությունը երկարաձգելու հիմնական միջոց»,- ասաց Սարգսյանը:
Ավելի ուշ՝ Մյասնիկյանի արձանի մոտ ԲՀԿ անդամները եւս ծաղիկներ խոնարհեցին: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ անպատասխան է մնալու հարցը, թե ինչու իրենց սկզբունքների համար պայքարող մարդիկ պետք է զոհվեին: «Շատ հեշտ է այս օրերին հատկապես գալ, գլուխ խոնարհել, եւս մեկ անգամ ցավակցել, բայց քանի դեռ մեր երկրում լուծված չեն գլխավոր խնդիրները, մեր պարտքն անընդհատ մնալու է կիսատ», -նշեց Զոհրաբյանը:
«Ազատ դեմոկրատներ»-ը եւս անմասն չմնացին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին՝ ծաղիկներ դնելով Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ: Իսկ կուսակցապետ Քոքոբելյանը հայտարարեց, որ մարտի 1-ի մեղավորներն այդ օրվա իշխանություններն են՝ իրենց ողջ կազմով:
Արդեն երեկոյան Ազատության հրապարակում ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն իրականացրին իրենց կողմից նախաձեռնած ամենամյա հանրահավաքը: Մեկնարկը տրվեց ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի ելույթով, ով հայտարարեց, որ նախաձեռնելու եւ հավաքվելու են այնքան, քանի դեռ չի բացահայտվել այդ ոճրագործությունը: Մանուկյանը մեկ առ մեկ կարդաց 10 զոհերի անունները, որից հետո հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: ՀԱԿ անդամը ներկաներին նախապես տեղեկացրեց, որ շատ ելույթներ չեն լինելու, այլ երթ են կազմակերպելու: Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ելույթներ ունեցան նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հանրահավաքից հետո ներկաները երթով շարժվեցին Մյասնիկյան արձանի մոտ եւ ծաղիկներ խոնարհելով՝ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին: Նկատենք, որ երթը հսկող ոստիկանները եւս ծաղիկներ խոնարհեցին:
Նշենք, որ մյուս քաղաքական ուժերը որեւէ նման միջոցառում չիրականացրին:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 
ՆՈՐԻՑ ԱՄՆ-ՈՒՄ Է
Մինչ Հայաստանում նախընտրական վիճակը գնալով թեժանում է, «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին մեկնել է ԱՄՆ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս լուրը, սակայն դժվարացավ հստակ ասել, թե երբ կվերադառնա Հովհաննիսյանը: Մարտիրոսյանը միայն հավաստիացրեց, որ սպասվելիք քարոզարշավներին Ր.Հովհաննիսյանը մասնակցելու է. «Կգա էլի, չեմ կարող ասել շուտով, թե երբ, բայց որ մասնակցելու է քարոզարշավին, հստակ է: Հանդիպումներ ունի, դրա համար է մեկնել»,- ասաց Մարտիրոսյանը: Ի դեպ, ըստ լուրերի` շուտով այս կուսակցության նախագահ է դառնալու Արմեն Մարտիրոսյանը. «Նման հարց այս պահին դրված չէ մեր քաղաքական օրակարգում, բայց եթե այդպիսի բան էլ լինի, ինչ-որ նոր վիճակ չկա, որովհետեւ ես եղել եմ ե՛ւ վարչության նախագահ նախկինում, ե՛ւ խմբակցության ղեկավար»,-եզրափակեց Մարտիրոսյանը:

 

 

ՄԻԱԿ-Ը ՌԵՅՏԻՆԳ ՉՈՒՆԻ՞
Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի ստեղծած ՄԻԱԿ կուսակցության անդամները հանգրվանել են ՀՀԿ նախընտրական ցուցակում՝ անցողիկ տեղերում, բայց նրանցից ոչ ոք չի առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ-ից Լեւոն Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, որ որեւէ միտում չկա, պարզապես թիմի ղեկավարի մասնակցությամբ այդպես է որոշվել, եւ այդպես էլ շարժվում են: Նկատենք, որ ռեյտինգային ընտրակարգով հիմնականում առաջադրվում են նրանք, ովքեր ունեն իրենց ընտրազանգվածը եւ կարող են կուսակցության համար արդյունավետ լինել, ըստ էության ՄԻԱԿ-ի անդամներն այդպիսին չեն, ուրեմն. այս նկատառմանը Մարտիրոսյանը պատասխանեց. «Տարբեր մարդիկ են առաջադրվում տարբեր կուսակցություններից, զանազան տիպի թեկնածուներ կան»:

 

 

ԳԱՂՏՆԻ ՉԵՔ ՊԱՀՈ՞ՒՄ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ դատական տեղեկատվական համակարգում գաղտնի է պահվում աղմկահարույց քրեական գործերի քննության ընթացքը: Մասնավորապես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին աշխատակից Զարմիկ Մարկոսյանի գործն արդեն տեւական ժամանակ է, ինչ գաղտնի է պահվում, մինչդեռ նախկինում հնարավոր էր տեսնել, թե այս գործով նիստերը կայացել են արդյոք, կամ դատարանում գործի քննությունը որ փուլում է գտնվում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց. «Զինվորական գործերի պարագայում մեզ համար աղմկահարույց, ոչ աղմկահարույց եւ այլ կատեգորիաներ չունենք: Դատական տեղեկատվական համակարգը որեւէ մեկի համար չենք փակում: Որեւէ բան պահելու, թաքցնելու չկա, պարզապես տեխնիկական հարցեր կան, որոնք վերազինման փուլում են»:




Լրահոս